Մշակույթ

«Հրապարակ». Ինչի դիմաց է Վատիկանն իր դռները բացել հակահայ գիտաժողովի առաջ

«Հրապարակ». Ինչի դիմաց է Վատիկանն իր դռները բացել հակահայ գիտաժողովի առաջ

Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում կազմակերպված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը նախօրեին մեծ աղմուկ բարձրացրեց: Հակահայկական գիտաժողովին նախ արձագանքեց հայաստանյան մասնագիտական հանրույթը՝ ի դեմս «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի եւ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի, ապա հայտարարություն տարածեց նաեւ Մայր Աթոռը, իսկ ԱԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն ու մյուս պետական կառույցները, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ լռություն պահպանեցին: «Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով»,- մասնավորապես նշել էր «Գեղարդ» հիմնադրամը։    

«Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել՝ ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր»,- իր հայտարարության մեջ ընդգծել էր Մայր Աթոռը։

«Արցախի մշակութային ժառան­գության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանն ասում է` Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման ընդհանուր գլոբալ քաղաքականության մի մասն է։

«Սա ոչ թե առանձին, մեկանգամյա գործողություն է` Վատիկանում հանպատրաստից տեղի ունեցած, այլ` ծրագրավորված, պետական, նպատակամիտված քաղաքականություն է, որի նպատակն Արցախի հայկական տարածքի լեգիտիմացումն է Ադրբեջանի կողմից: Խնդիրն այն է, որ Արցախում կան հայկական եկեղեցիներ, որոնք խիստ հայկական են, հենց միայն Դադիվանքը պարունակում է 200-ից ավելի հայկական արձանագրություններ, նույնը՝ Գանձասարի կամ Ամարասի դեպքում, որտեղ նաեւ հազարավոր խաչքարեր կան, եւ որը խիստ ներծծված է հայկական մշակույթով: Այս ամենը ստեղծում է էական խոչընդոտներ՝ Ադրբեջանի տարածքային նկրտումների եւ Արցախի տարածքը լեգիտիմացնելու հետ կապված: Ուստի պարզ է, որ Ադրբեջանը պետք է մտածեր մի քաղաքականություն, որով քրիստոնեական ժառանգությունը յուրացներ, իսկ ամենահեշտ ճանապարհը, որը զուգահեռ գնում է ոչնչացման քաղաքականությանը, հայկական եկեղեցիներից հայկական ինքնության օտարումն է, եղածը խեղաթյուրելը ու ոչ հայկականի տակ ներկայացնելը»,- ընդգծում է Ա. Տիգրանյանն ու նկատում, որ հատկապես 2020-ից հետո Ադրբեջանում ակտիվացան քրիստոնեական ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչները, որոնք միանգամից որդեգրեցին այդ յուրացման քաղաքականությունը եւ շատ հաճախ հենց Ի. Ալիեւի հետ այցելում էին Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ նշելով, որ սա իրենց ժառանգությունն է, ու այս ամենը դիտարկվում էր բազմամշակութայնության համատեքստում: 

«Այս գիտաժողովի ամենաակտիվ քարոզողն էլ եղել է Ռեւան Հասանովը, որը Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի ղեկավարն է, այսինքն՝ Ադրբեջանը քրիստոնեական ժառանգության յուրացման այս քաղաքականությունը փորձում է դիտարկել բազմամշակութայնության համատեքստում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ ինքը հանդուրժող երկիր է, եւ Ադրբեջանի տարածքում տարբեր էթնիկ ու կրոնական համայնքները կարող են գոյել, եւ չկա որեւէ խտրական վերաբերմունք,- ասում է Ա. Տիգրանյանն ու նկատում, որ հայկական եկեղեցիների աղվանականացումը սկսվել է դեռեւս 20-րդ դարի կեսից` 1950-60-ական թվականներից։- Ի դեպ, նույնը Ադրբեջանն արել էր Նախիջեւանի եկեղեցիների հետ կապված` հայտարարելով, որ այդ եկեղեցիներն աղվանական են, բայց վերջում մենք տեսանք, որ այդ եկեղեցիները ոչնչացվեցին: Այսինքն այն, որ հիմա Ադրբեջանը փորձում է Արցախի եկեղեցիներն աղվանական հռչակել, դեռեւս երաշխիք չէ, որ այդ եկեղեցիները կշարունակեն իրենց գոյությունը»: 

Անդրադառնալով բուն գիտաժողովին, որը կազմակերպվել էր Վատիկանում, զրուցակիցս ընդգծում է, որ սա շատ մեծ հարված էր առհասարակ քրիստոնեությանն ու կրոնական ողջ հանրույթին: Այն, որ գիտաժողովի մասնակիցների թվում հայեր չեն եղել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դրանով ոտնահարվել են թե՛ գիտականության, թե՛ ակադեմիզմի սկզբունքները, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը ներգրավված չեն եղել:

Տիգրանյանն ասում է՝ իրենք ունեն ցանկը, որտեղ նշված է, թե ովքեր են մասնակցել այդ գիտաժողովին․ նրանց մեծ մասն ադրբեջանցիներ են եղել։ «Այդ գիտաժողովը շատ հանգիստ կարող էր տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում, ընդհուպ` Ադրբեջանում, բայց վայրի ընտրությունն ու մյուս հանգամանքները կրկին հայ ժողովրդին հոգեբանական տրավմայի ենթարկելու, պատմությունը կեղծելու համար էին, նաեւ սուրբ Վատիկանի դերն ու հեղինակությունն օգտագործեցին՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»:

Ավելին` Ադրբեջանը հատուկ է ընտրել Դադիվանքը, որը համարվում է քրիստոնեական աշխարհի կենտրոն. «Գաղտնի կերպով կազմակերպել էր մի դավադրություն, որպեսզի խեղաթյուրվի ու վերաշարադրվի պատմությունը: Եվ հետո՝ գիտաժողովը վերնագրել՝ «Ադրբեջանի քրիստոնեական ժառանգությունը», ներկայացնելով այն Դադիվանքի նկարով, այսինքն՝ ողջ գիտաժողովի սիմվոլը դարձնել Դադիվանքը, որը հայկական քրիստոնեական ժառանգության խորհրդանիշն է։ Սա պատմության կեղծման քաղաքականություն է, եւ սրա նպատակը ոչ այնքան մշակութային է, որքան՝ քաղաքական: Սա իրավիճակը սրելու, լարվածությունը մեծացնելու, նաեւ՝ խաղաղության օրակարգը խաթարելու միտում ունի, որովհետեւ ժառանգության դեմ հարձակումները պարտադիր չէ, որ լինեն զենքով եւ կարող են նաեւ այս մեխանիզմով իրականացվել` պատմությունը կեղծելով, ապատեղեկատվության քարոզ իրականացնելով, մարդու իրավունքներին հարվածելով»: 

Այդուհանդերձ, գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ եւս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը եւ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների եւ բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Մյուս կողմից, այս գիտնականները մի՞թե չեն գիտակցել, որ մասնակցելով նման գիտաժողովի` իրենց հեղինակությունն են նաեւ վտանգում։ «Այդ ու մյուս գիտնականների զեկույցները հիմնականում եղել են չեզոք եւ իրենց մեջ չեն ներառել պատմությունը վերաշարադրելու փորձ, յուրաքանչյուրն իր հետազոտության շրջանակներում անդրադարձել է որեւէ խնդրի, Ադրբեջանն ուղղակի նրանց օգտագործել է՝ ներքաշելու իր գլոբալ ծրագրում: Շատ հնարավոր է, որ այդ գիտնականները տեղյակ չեն եղել ընդհանուր գիտաժողովի մասնակիցներից, կամ՝ մանիպուլյատիվ նամակներով են փորձել նրանց շահագրգռել: Ամեն դեպքում, ես չեմ կարող հայտարարել, որ այդ գիտնականները, իմանալով հանդերձ, ներգրավվել են այս մեծ ծրագրին: Սակայն կարծում եմ, որ այդ գիտնականները, իրենց հեղինակությունը չվնասելու համար, պոստ ֆակտում կարող են հայտարարությամբ հանդես գալ, որ կա՛մ տեղյակ չեն եղել, կա՛մ իրենց զեկույցները որեւէ կերպ չեն վնասել պատմական իսկությանն ու ճշմարտությանը: Զեկույցները նայելիս տեսնում ենք, որ ամենավտանգավոր զեկուցողներն ադրբեջանցիներն են եղել, որոնք ներկայացրել են իրենց հորինվածքները, օրինակ՝ Ռոբերտ Մոբիլի զեկույցը, որն աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչն է, ԼՂՀ քրիստոնեական ժառանգությունը որպես աղվանական մշակույթի շարունակություն է ներկայացրել»,- նշում է փորձագետը: 

Գիտաժողովին մասնակցող օտարազգի գիտնականներից բացի, Վատիկա՞նն էլ չի իմացել, թե ինչ բովանդակությամբ գիտաժողով է նախատեսվում, այլ կերպ ասած` ինչի՞ դիմաց է Վատիկանն իր դռները բացել այս գիտաժողովի առաջ։ «Այդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց, իմ իմացած տվյալներով, որը նաեւ շրջանառվում է, տեսակետն այն է, որ պարզապես համալսարանում վարձակալվել է տարածք, եւ իրականացվել է միջոցառում, որի մասին նախապես համալսարանի ղեկավարությունը տեղյակ չի եղել, այսինքն՝ դեռեւս սա է շրջանառվող հիմնական վարկածը, բայց աշխարհն ու մենք սպասում ենք այդ պատասխանին, թե ինչ հիմքերով է տրամադրվել տարածքը, արդյոք գիտաժողովի բովանդակությունը քննարկվե՞լ է, թե՞ ոչ: Մեր իմանալով՝ տեղյակ չեն եղել, բայց չեմ կարող ասել՝ արդյոք տեղյակ չլինե՞լն է այս պարագայում ընդունելի, թե՞ տեղյակ լինելը»: 

Ադրբեջանը, ինչպես նկատում է զրուցակիցս, փորձում է նաեւ սերունդների իրավունքները ոտնահարել, որոնք իրավունք ունեին իրենց պատմության մասին ճիշտն իմանալու. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանն այնքան մեծ թափով է կեղծում իրական պատմությունը, որ մեր հայագիտությունը չի հասցնում այդ տեմպերին համարժեք պատասխանել, եւ կարծես թե հայագիտության այսօրվա հիմնական գործառույթը դարձել է ադրբեջանական կեղծիքները հերքելը»: 
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքն այս ամենին։ «Խնդրի մասշտաբը շատ մեծ է, ու հույս ունեմ, որ արձագանք կլինի նաեւ պետական օղակներից: Պետք է լինի հակազդող ավելի մեծ մասշտաբի որեւէ միջոցառում, որտեղ ճշմարտությունը՝ ակադեմիական սկզբունքներին համահունչ, կներկայացվի աշխարհի դատին»,- եզրափակում է Ա. Տիգրանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image