Ռուսաստանում Պրիգոժինյան մեկօրյա ապստամբությունից հետո ներքաղաքական իրավիճակը կարծես թե արդեն կայունացել է: Գոնե այդպես է երեւում արտաքինից: Սակայն իրականում ամեն բան այդքան էլ հարթ չէ, որքան կարող է թվալ արտաքին կեղեւից: Համաձայն վերջին շրջանի մամուլի հրապարակումների եւ տելեգրամյան ալիքներում տեղ գտած գրառումների, կարելի է որոշ արձանագրումներ կատարել: Ըստ այդմ, Պրիգոժինը ամենայն հավանականությամբ, վերջնականապես հաշտվել է այն բանի հետ, որ արտաքսվել է Բելառուս, փակելով իր վերջին բազան Մոլկինոյում: Համենայն դեպս, վերջին տեսանյութում բավական ինքնավստահ էր իրեն զգում: Նա հայտարարել է, որ իր մոտ տասնհինգ հազար վագներական մարտիկներ արձակուրդ են գնացել: Ենթադրվում է, որ նրանք ամբողջապես, կամ մեծ մասամբ արձակուրդից հետո կգնան Բելառուս: Իհարկե դա այն չէր, ինչ ցանկանում էր Պուտինը:
Վերջինս հույս ուներ, որ կկարողանար պահպանել «Վագները»` Ուկրաինական ճակատում վերջինիս մարտիկներին ներգրավելու համար: Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա առաջարկել է մնալ տեղերում, սակայն ծառայել այլ հրամանատարների ղեկավարության ներքո: Շատերը պատրաստ են եղել, սակայն Պրիգոժինը արգելել է: Այդ հանդիպումը չէր կարող աննկատ մնալ ուժային վերնախավի կողմից: Հատկապես ազգայնական տրամադրություններ ունեցող «դեմքերը» չեն կարողացել թաքցնել իրենց դժգոհությունը: Անցյալ ուրբաթ ձերբակալվեց Իգոր Գիրկին-Ստրելկովը: Նա հիշվեց նրանով, որ քննադատում էր ՌԴ ԶՈՒ ԳՇ ղեկավար Վալերի Գերասիմովին եւ ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուին: Սակայն եթե դա կարելի էր համարել «թույլատրելի քննադատության» տիրույթում տեղավորվող իրողություն, ապա «Վագների» մասով ստեղծված կացությունը ակնհայտորեն դուրս է եղել թույլատրված սահմաններից: Շոյգուն եւ Գերասիմովը շարունակում են պաշտոնավարել, թեեւ նրանց հանդեպ ակնհայտ վստահության դեֆիցիտ կա զինվորականության թե շարքային, թե սպայական կազմում: Ու քանի որ Պրիգոժինը պահանջել էր հեռացնել նրանց, Ռուսաստանի նախագահը, սեփական դեմքը փրկելու համար թերեւս դեռ որոշ ժամանակ կպահի նրանց իրենց պաշտոններում, որպեսզի հետո տպավորություն չլինի, թե զիջումների է գնացել: Իսկ քննադատական կեցվածք ունեցողների դեմ արշավն էլ թերեւս պետք է բացատրել որպես Պուտինի կողմից սեփական հեղինակության ամրապնդման փորձ: Սակայն ռուսական ռազմական վերնախավում սկսվել է ներքին պայքար Գերասիմովի եւ Շոյգուի պաշտոնների համար:
Գեներալ-գնդապետ Տեպլինսկու կողմնակիցները նրան մղում են առաջ, հույս ունենալով, որ նա կլինի Գերասիմովի հաջորդը: Բանակային վերնախավում դժգոհ են Անվտանգության դաշնային ծառայությունից, քանի որ վերջիններս «Վագների» մասով ոչինչ չարվեց: Մինչդեռ պետք է գոնե որոշ բարձրաստիճան ԱԴԾ-ականների պաշտոնանկ անեին, կամ էլ իջեցնեին աստիճանները: Նույնը վերաբերվում է նաեւ «Ռոսգվարդիային»: Մինչդեռ «Ռոսգվարդիան» հիմա տանկեր ու հրետանային միջոցներ կստանա: Այս պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք ուժայինները Պուտինին կաջակցեն եթե էլի ճգնաժամ լինի ներսում: Բանակը դժգոհ է Շոյգուից եւ Գերասիմովից: Շատերը բանակում դեռ շարունակում են հավատալ «բարի թագավորի եւ չար բոյարների» մասին հեքիաթին: Սակայն շատերն էլ վերջին դեպքերից հետո, սկսել են իրականությունը լրիվ այլ կերպ գնահատել: Այս ամենը վկայում է այն մասին, որ ուժային վերնախավում որոշակի պառակտման նշաններ են սկսել ի հայտ գալ: Թե որքան խորը կլինեն անջրպետները ուժային վերնախավում, դեռ հայտնի չէ: Պուտինին սեփական ձախողումներից եւ թերացումներից պաշտպանող անտեսանելի վահանը կարծես թե սկսել է ճաքեր տալ: Ազգայնական եւ ռազմական թեմաներով հանդես եկող շատ «դեմքեր» սկսում են քննադատել Պուտինին: Գիրկինի ձերբակալությունն էլ կարող է վկայել այն մասին, որ Կրեմլում դա հասկանում են: Ռուսաստանում հիմա իհարկե քաղաքացիական պատերազմի հեռանկար չկա: Դա մեծ հաշվով հնարավոր էլ չէ: Նույնը կարելի է ասել նաեւ հեղաշրջման մասին: Սակայն հնարավոր է, որ ուժայինների մոտ ի հայտ եկած պառակտման նախանշանները դառնան լուրջ անջրպետներ եւ գա մի պահ, երբ նրանք այլեւս չուզենան պաշտպանել Պուտինին, ապագա ներքին ճգնաժամերի ժամանակ: Եւ դա արդեն նշանակում է, որ «ուշ պուտինյան ռեժիմի» մոտ դիսֆունկցիա է սկսվել, որը կարող է մարտի դաշտում իրական հետեւանքների հանգեցնել: