Հասարակություն

Շիրակցիների կապը Սրբազանի հետ խորն է, նրա կողքին գիտակից մասսա է. մեծ ցնծությամբ դիմավորեցին նրան

Շիրակցիների կապը Սրբազանի հետ խորն է, նրա կողքին գիտակից մասսա է. մեծ ցնծությամբ դիմավորեցին նրան

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դուրս գրվեց Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնից և վերադարձավ Գյումրի։ Գյումրիում նրա դիմավորումը աննախադեպ էր․ հազարավոր հավատացյալներ ու գյումրեցիներ հավաքվել էին առաջնորդարանի բակում՝ պաստառներով սպասելով Սրբազանին։ «Մենք քո կողքին ենք, Սրբազան», «Սրբազան, ուժ քեզ» և այլ գրություններով պաստառները լցրել էին տարածքը։

Երբ Սրբազանը ժամանեց, առաջնորդարանի բակում տիրող մթնոլորտը հուզիչ էր ու դժվար նկարագրելի․ մարդկանց ծափողջույնները, աղոթքներն ու բացականչությունները վկայում էին՝ Գյումրին իր առաջնորդի կողքին է։
«Հրապարակ»-ը զրուցեց իրավաբան,  Սրբազանին անհամբեր սպասող, նրան հավատարիմ, եկեղեցուն ծառայակից  հավատացյալներից մեկի՝ Աբրասիմ Աթոյանի հետ։

Մեր զրուցակցի հետ զրույցում մի քանի դիտարկումներ արեցինք․ վերջապես Սրբազանը տանն է, բայց նրա
նկատմամբ սահմանափակումները խիստ են․ զրկված է պատարագ մատուցելուց, հոտի հետ շփվելուց։ Այնուամենայնիվ, նա տանն է, և գյումրեցիներին սրբազանի ներկայությունն արդեն իսկ հերիք էր` բավարարված լինելու։

«Սրբազանի ներկայությունը արդեն իսկ տանը, Գյումրիում, մեզ համար իսկական օրհնություն է, որովհետև համոզված ենք, որ նույնիսկ տանից նա իր աղոթքն ու օրհնությունը բաշխելու է մեզ։ Դա արդեն իսկ մեծ բան է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, շիրակցիների կապը սրբազանի հետ շատ խորն է։ Նրա ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ներկայությունը շիրակցին միշտ զգացել է, իսկ հիմա առավելապես, երբ ինչ-որ առումով մեր կողքին է։ Այս պահին սրբազանի կողքին գտնվողները նրանք են, ովքեր բավականին  գիտակից են, այսինքն` գիտակից մասսան է, դա տեսանելի է։ Մենք հույս ունենք, որ դատարանը ողջախոհ կգտնվի և Մեծ պահքի շրջանում, հաշվի առնելով սրբազանի հոգևոր իրավունքները, ինչպես նաև հավատացյալների, թույլ կտա նրան հոգևոր ծիսակատարություններին մասնակցել։ Մենք նրան այնքան կարոտով էինք սպասում, որ ցնծությունը շատ մեծ էր,բայց ցավոք՝ աշխատանքային ժամով շատերը, ովքեր ցանկություն ունեին նրան դիմավորելու ու տեսնելու, չկարողացան։ Այնուամենայնիվ, դեռ սպասողական վիճակում ենք, մենք աղոթքով սպասում ենք, որ դատարանը թույլտվություն տա, որպեսզի նա առավոտյան  ընդհանրական աղոթքներն ու պատարագներն անի և թեկուզ այդ կերպ նրա հետ շփվենք։ Հույսով ու աղոթքով սպասում ենք, որ շատ արագ ճշմարտությունը կվերականգնվի»,- ասաց Աբրասիմ Աթոյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image