Հասարակություն

30 տարի է սպասում են, որ գյուղը խմելու ջուր կունենա

30 տարի է սպասում են, որ գյուղը խմելու ջուր կունենա

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը նախատեսվում էր ավարտին հասցնել դեռեւս 2022 թվականին: Ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները ձգվեցին եւս 2 տարի, պաշտոնյաներն էլ իրենց հերթին գյուղացուն հույսով արեցին, որ 2024 թվականի նոյեմբեր ամսին գյուղացին ջուր կունենա: 

Շահած ծրագրի արժեքը շուրջ 240 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70% է, իսկ համայնքի ներդրումը՝ 30%: 30 տարուց ավելի խմելու ջրի կարոտ գյուղացիները փաստորեն դեռ էլի տարիներ պետք է սպասեն, քանի որ այս 5 տարիների ընթացքում միայն ցանցն է կառուցվել: 

Գյուղացիներն անգամ հեգնում են, երբ խմելու ջրի մասին խոսք է գնում. «Գյուղում ինչ որ աշխատանքբեր արվել են, բայց չկա 1 տուն, որ ջուր ունենա, իսկ ջուր ունենալու համար պետք է տնից խողովակը միանա ընդհանուր մագիստրալին: Դեռ ոչ մի բան հստակ չի, մենք ջուր կունենա՞ք, թե՞ ոչ: Մենք չգիտենք էդ աշխատանքներն ով է կատարելու, միացումները ով է տալու՝ համա՞յնքը, թե՞ ամեն մեկս իր ջուրը պետք ա քաշի: Ընենց, որ ջրի մասին խոսելը դեռ մշուշոտ ա: Բացի դա, մենք մտավախություն ունենք, որ ջուրը նամանավանդ ամռան ամիսներին մեր գյուղին չի հերիքի»: 

Ե՞րբ խմելու ջուր կունենա Լեռնանիստը, հարց ուղղեցինք Լեռնանիստ համայնքի վարչական ղեկավար Ռուբիկ Խաչատրյանին. «Մնացել է փորձարկման փուլը, մենք դա կշարունակենք գարնանը եւ կավարտենք ամռանը: Ջուրը կա, մասնագետները նայել են ջրի քանակը ապահովված է, փորձարկումը կատարվել է, ջրամբարի վերանորոգման աշխատանքները վերջնական ավարտվել են: Պետք է լրացուցիչ 4 ճնշման կարգավորիչներ տեղադրվի, շատ քիչ գործ ա մնացել»: 

Հրազդանի համայնքապետարանից էլ հայտնեցին, որ նախագծով սահմանված ծրագրի 1-ին մասն ավարտվել է՝ համայնքի ջրամատակարարման ցանցը կառուցվել է, ջուրը մղվում է ջրավազան, ջրավազանը եւս փորձարկված է, այսինքն՝ ջրավազանը պատրաստ է ջուրը մղի ամբողջ ցանցով, 2-րդ մասով պետք է կատարվի միացումները դեպի բնակելի տներ. «Այս ծրագրի մեջ ներառված չի եղել բնակիչների տների միացումը, քանի որ արդեն եղանակները բարենպաստ չեն, աշխատանքներ կատարելն անհնար է, ուստի այն կսկսենք գարնանը, բայց թե որ տարբերակով դեպի բնակելի տներ ջուրը կհասնի, չեմ կարող ասել»,- ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image