2024-25 թվականներին տասնյակից ավելի ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել Մեծամորի համայնքապետարանի դեմ: Դրանք գումարի բռնագանձման եւ համայնքապետարանի կողմից պայմանագրերը միակողմանի լուծելու վերաբերյալ են: Ընկերություններից «Ստրոյ գրուպ» ՍՊԸ-ն՝ ի դեմս ներկայացուցիչ Գեղամ Ռուբենյանի, հայցադիմում է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Մեծամորի համայնքապետարանի, խնդրելով անվավեր ճանաչել Մեծամորի համայնքապետարանի եւ «Ստրոյ գրուպ» ՍՊԸ (կոնսորցիում)՝ «Արտ Պլաս» ՍՊԸ-ի միջեւ 02.04.2024թ. կնքված պայմանագիրը Մեծամորի համայնքապետարանի կողմից միակողմանի լուծելու մասին 07.10.2024թ. որոշումը:
Անգամ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն է հայց ներկայացրել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի դեմ` 10 հազար 57 ՀՀ դրամ, հեռախոսահամարի գծով պարտք գումարի բռնագանձման պահանջով: Իսկ ահա «Տուրիստաս» ՍՊԸ-ն պահանջում է համայնքապետարանից բռնագանձել 62 մլն 186 հազար 332 դրամ, որից 6.336 միլիոնը հանձնման-ընդունման ակտերով ընդունված եւ դուրս գրված 200 մլն 195 հազար 796 դրամ հարկային հաշիվների դիմաց պակաս վճարված գումարը, ինչպես նաեւ մոտ 9 միլիոնի տույժի գումարը, եւ մոտ 28 միլիոն` կատարված, սակայն դեռեւս չընդունված աշխատանքների գումարը, ու մոտ 19 միլիոն` բանկից ավել գանձված երաշխիքային գումարը:
Այս ընկերությունը 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով վերանորոգում էր Մեծամորի թիվ 2 մանկապարտեզը, եւ համայնքապետարանը միակողմանի լուծել է պայմանագիրը, ինչի արդյունքում մանկապարտեզի վերանորոգումը դեռ ամիսներ կձգվի: Իսկ Մեծամորում գործող 3 մանկապարտեզներից այս պահին գործում է միայն մեկը, այն էլ՝ գերծանրաբեռնված: Ընկերության ներկայացուցիչ Ժենյա Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կատարված աշխատանքների դիմաց Մեծամորի համայնքապետարանը հրաժարվում է վճարել. «Ես իրենց գրել եմ պաշտոնական, թե ի՞նչն է պատճառը, որ կատարած աշխատանքի համար չեք վճարում, պատասխանել են, որ կարող են չվճարել:
Ավելի լղոզված պատասխան են տվել հատկապես կատարված աշխատանքի առումով, աշխատանքը կատարվել է, կատարողական ակտերը ներկայացվել են: Գրել են միայն, որ ընկերությունն ուշացումներ է թույլ տվել, որի հիմքով պայմանագիրը միակողմանի լուծվել է: Խնդիրն այն է, որ կատարվել է աշխատանք, եւ հիմա չեն վճարում: Խոսքը Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի շինարարության մասին է: Ֆինանսավորումը 2 փուլով է եղել: 1-ին փուլով ամբողջ աշխատանքները կատարված են, 2-րդ փուլում շատ քիչ մասն էր մնացել, որ պետք է ավարտվեր: 27 մլն դրամի աշխատանքն իրենց համաձայնությամբ կատարվել է, հատկապես այդ աշխատանքի համար հրաժարվում են ընդունել եւ վճարել: Չեն էլ ասում` եկեք փորձաքննություն նշանակենք, կարող է 27 մլն դրամի աշխատանք չեք կատարել, այլ այդ աշխատանքը կազմել է 25 մլն դրամ: Կամ՝ չեն էլ ասում, որ այս աշխատանքը լավ չեք կատարել: Իբրեւ ժամկետները խախտելու հիմքով, իրենք միակողմանի պայմանագիրը լուծել են, որի հետ մենք էլի համաձայն չենք, ըստ էության, այնտեղ բան չէր մնացել կատարելու: Ահռելի մեծ աշխատանքը կատարված էր, լավ, եթե անգամ ժամկետներ են խախտվել, օրենսդրությամբ, սովորաբար, կատարված աշխատանքի դիմաց պետք է վճարեն: Չէ՞ որ ընկերությունը ֆինանս է ներդրել եւ իքս չափի աշխատանք կատարել է»:
Ըստ Ժենյա Մինասյանի՝ Մեծամորի համայնքապետարանը մի քանի ընկերությունների համար պրոբլեմներ է ստեղծել` պայմանագրերը միակողմանի լուծել է եւ հրաժարվել վճարելուց: Ինչո՞ւ են տարբեր ընկերություններ համայնքապետարանի դեմ հայց ներկայացրել, ինչպե՞ս է ստացվել, որ համայնքապետարանը պայմանագրերը միակողմանի լուծում է․ հարցն ուղղեցինք Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանին։ «Կոնկրետ «Տուրիստաս» ՍՊԸ-ն 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով շահել է մրցույթը եւ պարտավորվել Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Սկզբնական փուլում աշխատանքները բավականին մեծ թափով ընթանում էին, եւ եկավ մի պահ, որ աշխատանքները դադարեցվեցին: Համայնքապետարանի ստորաբաժինը, որը համայնքի ղեկավարի կարգադրությունով պարբերաբար շրջայց է կատարել, փաստել է, որ շինաշխատանքները կտրուկ դադարեցրել են: Մենք գրություններ ենք ուղարկել եւ տվյալ ընկերությանը տեղյակ ենք պահել, որ աշխատանքները դադարեցվել են, ինչի՞ համար չեք սկսում: Ասացին՝ կսկսենք, բայց էդպես էլ չսկսեցին: Համայնքապետարանն էլ չուներ տարբերակ, ուստի պայմանագիրը միակողմանի լուծեց: Լուծարելուց հետո մեզ եզրակացություն էր անհրաժեշտ, որպեսզի հասկանայինք՝ մանկապարտեզի հիմնանորոգման փուլում մանկապարտեզի իրականացման աշխատանքները ճշգրի՞տ են կատարվել, թե՞ ոչ: Ըստ եզրակացության՝ սեյսմակայունությունն ապահովված է: Հաջորդիվ նախագծման փուլն է, եւ 3-րդ փուլում կրկին մրցույթ կհայտարարվի: Այս պահին էլ մենք բավականին խնդիր ունենք, գործում է 1 մանկապարտեզ, մյուսն էլ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է, աշխատանքներն ավարտական փուլում են: Ինչ վերաբերում է «Ստրոյ գրուպ» ՍՊԸ-ին, նույն կարգավիճակի կազմակերպություն է եղել, որը ոչ պատշաճ կերպով է իրականացրել աշխատանքները: Ինչ որ ասում եմ, կա թե՛ գրություններով, թե՛ բանավոր: Այդ ընկերությանը պարտք չենք, բայց պայմանագիրը միակողմանի լուծել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Էդգար Հովհաննիսյանը:
«Տուրիստաս» ՍՊԸ ներկայացուցիչ Ժենյա Մինասյանը պնդում է, որ փաստացի 27 մլն դրամի աշխատանք է կատարվել, համայնքապետարանը դրա դիմաց չի վճարել եւ չի պատրաստվում վճարել։ «Այն աշխատանքները, որոնք իրենք կատարել են, փաստացի համայնքապետարանն ամբողջությամբ վճարել է, չկա այդպիսի կետ, որը որ չի վճարվել, դա բանավոր ասելով չէ, համայնքապետարանում թղթաբանությամբ ամբողջությամբ կա: Մենք գումարը փոխանցում ենք կատարողականների հիման վրա: Որ կատարողականը ներկայացված է եղել, դա ստուգվել է, ստուգման արդյունքում` եթե թերություններ են եղել, թերությունները շտկվել են, եւ գումարը փոխանցվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 287 մլն 100 հազար դրամ, որից մենք այդ ընկերությանը փոխանցել ենք 200 մլն 195 հազար դրամ: Մենք գումարները փոխանցել ենք, թե դրանից հետո գումարներն ինչ են արել, ոնց են արել, համայնքապետարանը պատասխանատու չէ դրա համար»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը: