Հայաստանյան լրատվական կայքերում արևելաեվրոպական Սլովակիան այնքան էլ հաճախ չի հիշատակվում: Մեկ-երկու անգամ հիշատակվել է 2024-ի մայսին՝ երբ մահաձորձ էր կատարվել երկրի բազմափորձ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ: Վերջինս ծանր վիրավորվեց, սակայն բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Եվ նա շարունակեց պաշտոնավարելը, որը սկսվել էր 2023-ի հոկտեմբերից: Մինչ այդ նա վարչապետ է եղել 2006-2010 և 2012-2018 թվականներին: Վերջինիս վարչապետական տարիները նշում եմ, որպեսզի երևա, որ ստորև ներկայացրած նրա գործունեությունը հիմնված է փորձի վրա: Եվ ոչ թե դա արվում է անփորձ անձի կողմից՝ այնպես, ինչպես առկա է Նիկոլի դեպքում: Եթե նույնիսկ վերջինիս առումով վերացարկվենք մնացած բոլոր հանգամանքներից:
2023-ի նախընտրական քարոզարշավում Ֆիցոն խոստացել էր ամրապնդել ԵՄ անդամ Սլովակիայի ինքնիշխանությունը: Ինչը նշանակում է, որ երկիրը պետք էր ազատագրել Եվրամիության անցանկալի ազդեցությունից: Առաջին հերթին Ֆիցոն խոստացել էր մաքրել պետական ապարատը արևմտամետ խամաճիկներից։ Եվ գլոբալիստական մտածողության տեր անձի կատարած մահափորձից հետո ավելի ակտիվորեն է իրագործում իր խոստումը: Նախ, նա վերացրեց կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը: Որը տարիներ շարունակ հետապնդել էր իր կողմնակիցներին «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան ներքո։ Նա լուծարեց էլիտար ոստիկանական ուժերը (NAKA-ն), որը քաղաքական ճնշման գործիք էր։ Իր ձեռքն է վերցրել ԵՄ ֆինանսավորմամբ գործող «ազդարարների» գրասենյակը: Ինչը դարձել էր ընդամենը «օրենքի գերակայության» տպավորություն թողնող գործիք: Մի փոքր շեղվելով ասեմ, որ այդ բոլոր կառույցներն առկա են նաև Հայաստանում՝ գումարած հակակոռուպցիոն դատարանը: Ու բոլորն էլ օգտագործվում են ընդդիմության դեմ:
Եվրամիությունն, իր հերթին, փորձում է այդ գործունեության դեմն առնել ինչ-որ հետաքննություններով և երկրին տրամադրված գումարները բռնագրավելու սպառնալիքներով: Շուրջ 50 000 քառ/կմ տարածքով և 5,5 միլիոն բնակչությամբ երկրի անվանական ՀՆԱ-ն կազմում է 142,6 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, իսկ մեկ շնչի հաշվով՝ 26 000 դոլարից ավելի: Չնայած այդ ցուցանիշներին՝ 2004-ից ԵՄ անդամ Սլովակիան հանդիսանում է եվրոպական հիմնադրամներից գումար ստացող պետություն: Միջոցներն ուղղվում են ենթակառուցվածքների արդիականացման, տարածաշրջանային զարգացման խթանման և մրցունակության բարելավման գործին։
Ավելացնեմ, որ հարավային հարևան Հունգարիայի հետ միասին Սլովակիան բացահայտորեն դեմ է Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելուն: Կամ էլ, առանձին դեպքերում, հանդես է գալիս օգնությունը սահմանափակելու օգտին: Բայց Սլովակիան նաև այն պետությունն էր, որի օդանավակայաններից չեխական արտադրության սպառազինությունն ուղղվում էր Ադրբեջան: Ինչի առումով ՀՀ երրորդ նախագահի օրոք բողոք էր հայտնել ՀՀ ԱԳՆ-ն: Չնայած այս օրերին՝ երբ Փաշինյանի «քիրվայությամբ» Արցախը հանձնվեց Ադրբեջանին, իսկ այնուհետև ենթարկվեց էթնիկ զտման, դա որևէ մեկին այլևս հետաքրքիր չէ:
Ի տարբերություն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ԵՄ-ում մեծ հարգանք է վայելում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն: Այն աստիճան, որ Նորվեգիայի խորհրդարանի անդամներից մեկը նրան առաջադրել է 2026 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի: Հիմնավորումը, բռնվե՛ք, «ժողովրդավարության պաշտպանության հարցում ունեցած ավանդն է»։ Պատկերացնու՞ւմ եք՝ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունը տապալած ղեկավարը՝ ժողովրդավարության պաշտպանության ռահվիրա: Տապալումը, հիշեցնեմ, դրսևորվել էր Մոլդովայի բազմաթիվ քաղաքացիների մասնակցության առումով անհաղթահարելի արհեստական խոչընդոտների ստեղծմամբ: Ինչևէ, դրան տիկին Սանդուն պատասխանել է, որ ինքը «շնորհակալ է այն բանի համար, որ մարդիկ գնահատում են մեր (իր՝ Վ. Ս.) համարձակությունը և տոկունությունը»:
Անցյալ տարի հետևելով այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությանը՝ չեմ տեսել տիկնոջ կողմից դրսևորված համարձակության ու տոկունության որևէ դրսևորում: Եթե, իհարկե, այդպիսիք չհամարենք Եվրամիության օժանդակությամբ ընդդիմության նկատմամբ իրավական և ոչ միայն, բռնությունները: Մինչ այդ տիկինը ԵԽԽՎ լիագումար նիստում Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու մտադրության մեջ։ Չգիտեմ, թե դա ինչպես է անում ՌԴ-ն, բայց տեղյակ եմ, թե ինչպես է դա արվում ԵՄ-ի կողմից «փափուկ ուժի» օգտագործմամբ: Դրա մասին խոսվում է իմ նախորդ հոդվածում:
Ասեմ, որ Եվրամիության ու Մոլդովայի իշխանության՝ «ժողովրդավարության պաշտպանության» առումով բացասական պատկերացում են ստացել նաև ԱՄՆ-ում: Կոնգրեսի դատական կոմիտեի միջանկյալ զեկույցում ասվում է, որ 2024-ի Ռումինիայի ու Մոլդովայի նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում սոցիալական ցանցերի վրա ազդեցություն է գործադրվել ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրամիության կողմից: Հետաքրքիր է, իսկ ավելի ուշ ի՞նչ կգրվի 2025-ի Մոլդովայի խորհրդարանական ընտրության մասին, ինչը շատ ավելի մեծ հետընթաց էր իրական ժողովրդավարությունից: Զեկույցն առկա է այս հղումով.
ՀԳ. Հոդվածը «նվիրվում» է եվրոպական ընտանիքին մաս կազմելու ջատագով հայաստանցիներին: