Հասարակական, քաղաքական գործիչ, արցախցի նախկին պատգամավոր Բորիս Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում հիշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո հայտարարում էր, որ արցախցիներն իրենց գործն ավարտել են, եւ պետք է հետ վերադառնալ Ադրբեջանի կազմ, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է՝ արցախյան շարժում չի լինելու Հայաստանում, եթե դեմ եք՝ հեղափոխություն արեք: Եվ անգամ Արցախի ներկայացուցչության շենքն է ուզում խլել՝ հայտարարելով, որ Արցախի ներկայացուցչություն ունենալը նշանակում է «պետություն՝ պետության մեջ», իսկ ինքը դա թույլ չի տալու: Մեր զրուցակիցը նկատում է, որ արցախյան շարժումը միայն արցախցիների շարժումը չի եղել, այլ համահայկական բնույթ է կրել ու չի սկսվել 1980-ականների վերջին, այլ՝ դեռեւս 1920-ականներին, երբ Կարմիր բանակը մտավ Արցախ:
Այդ ժամանակ Արցախում ծանր մարտեր էին գնում արցախյան ուժերի եւ մուսավաթական բանակի միջեւ: Ապրիլի 15-ին Դրոյի եւ Նժդեհի ջոկատները հասել են օգնության, ու Արցախն արդեն գրեթե ամբողջությամբ ազատագրվել է, երբ Կարմիր բանակը մտել է Արցախ: Մուսավաթականներին հնարավոր է եղել հետ շպրտել, սակայն բոլշեւիկներն Արցախը մտցրին Ադրբեջանի կազմ։ Եվ այդ հարցը բազմիցս բարձրացվել է պետական մակարդակով՝ Սովետական Միության տարիներին թե՛ արցախցի, թե՛ Հայաստանի պետական գործիչների կողմից: Եվ միայն ԽՍՀՄ փլուզման տարիներին հնարավոր եղավ Արցախի անկախացման համար պայքարն ակտիվացնել եւ հաղթել Ադրբեջանի ռեպրեսիաների եւ սանձազերծված ռազմական հարձակման պատճառով:
«Մեր բացթողումների, սխալների արդյունքում վերջին պատերազմում՝ 44-օրյա պատերազմում պարտության հասանք եւ հետագայում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությանը, ինչի պատճառով մնացել ենք առանց Արցախ, իհարկե՝ ժամանակավոր»,- ասաց Առուշանյանը: Հարցին, թե որն է այդ լավատեսության հիմքը, արցախցի գործիչն ասաց, որ նման պայքարում պետք չէ իրատեսությամբ առաջնորդվել: «1992 թվականին մենք կորցրել էինք Արցախի տարածքի 50 տոկոսը, իսկ ուժերի հարաբերակցությունը 1/10 էր՝ հօգուտ Ադրբեջանի, չհաշված լուրջ գործոնները՝ օդուժը եւ այլն, եւ այլն: Ուղղակի ոչ մի շանս չկար, որ մենք կարող էինք հաղթել այդ պատերազմում: Երկու տարբերակ կար․ կա՛մ պիտի հանձնվեինք Ադրբեջանի քմահաճույքներին՝ կապիտուլյացիա, կա՛մ պիտի կռվեինք, պայքարեինք մինչեւ վերջ, մենք ընտրել ենք երկրորդ ճանապարհը: Հաշվարկները ցույց էին տալիս, որ մենք բացարձակապես հնարավորություն չունեինք պատերազմը հաղթելու՝ ռազմական տեսաբանները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները, բոլորը մեզ ասում էին՝ տղերք, հո դուք խելառ չե՞ք, հնարավոր չէ այդ պատերազմում հաղթել: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր վստահ, որ մենք պարտվելու ենք․․․ Անգամ 1994 թվականին՝ մեկ ամիս առաջ մինչեւ այդ զինադադարը, երբ ադրբեջանական բանակն արդեն ջախջախված էր, եւ նրանք հրադադար էին խնդրում մեզնից՝ հայր Ալիեւի շուրթերով, անգամ այդ ժամանակ, ես հիշում եմ՝ Քոչարյանն ինձ այդպիսի հարց տվեց, ասեց՝ Բորյա, հավատդ գալի՞ս է, որ մենք հաղթում ենք: Այն աստիճանի անհավատալի է եղել մեր հաղթանակը, այնպիսի զրկանքների, տանջանքների գնով է եղել, մի քանի անգամ մազից կախված է եղել մեր ճակատագիրը: Այդ հարցում միայն մեր ժողովրդի ներդրումը չէր, այլեւ Աստծո մատն է խառը եղել, որ կարողացել ենք այդ ծայրահեղ ծանր վիճակներից դուրս գալ: Ուզում եմ ասել, որ այդ խելահեղ պայքարի եւ խելացի կազմակերպված կառավարման շնորհիվ մենք հաղթանակ ենք տարել առաջին պատերազմում: Քանի որ ես այդ ամեն ինչով անցել եմ, ես լավատես եմ, գիտեմ, որ ամեն ինչ չէ, որ հաշվարկով է լինում: Ես հավատում եմ այդ հաղթանակին, եթե մենք ցուցաբերենք նույն կամքը, ինչ եղել է այն ժամանակ, ազգովի համախմբվենք, մեր պոտենցիալն օգտագործենք արդյունավետ, հաշվի առնելով արտաքին գործոնները այս փոփոխական տարածաշրջանային գործընթացներում, ապա ես հնարավոր եմ համարում, ինչո՞ւ ոչ»,-շեշտեց արցախցի գործիչը:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս ընդդիմանալ Փաշինյանի ու նրա թիմի կողմից տարվող հակաարցախյան ագրեսիվ պայքարին, ասաց՝ դրան ընդդիմանալը հեշտ չէ, սակայն նորից համեմատական տարավ 1990-ի հետ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո հայտարարում էր, որ արցախցիներն իրենց գործն ավարտել են, պետք է հետ վերադառնալ Ադրբեջանի կազմ, որ անիմաստ է շարունակել այդ պայքարը: «Ես չեմ ուզում հիմա պատմել, թե ինչ բանավեճեր էին գնում իր հետ, ինչպես էինք վիճում: Մեր ներսում՝ Արցախի ներսում էլ կային տարաձայնություններ, մի մասը գտնում էր, որ պետք է ենթարկվել Հայաստանի ղեկավարությանը: Մի խոսքով, այն ժամանակ էլ նման տենդենց կար, բայց մենք կարողացանք լուծումը գտնել: Հիմա, եթե այսօր Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ պայմաններից ելնելով նման հայտարարություններ են անում, կարծում եմ՝ իշխանությունը պահելու խնդիր կա այստեղ, խոստումներ է տվել երեւի Թուրքիային, Ադրբեջանին: Հիմա իրենց գերխնդիրն է, որ Արցախի հարցը փակ լինի ընդմիշտ, որպեսզի իրենք կարողանան հաշվետու լինել հակառակորդ կողմին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային»,- նկատեց Առուշանյանը: Բացի այդ, Փաշինյանն ու իր թիմը կարծում են, որ արցախցիները համատարած դեմ են իրենց իշխանությանը, եւ իշխանությունը պահելու համար արցախցիներին խոչընդոտ են տեսնում եւ շատ են ցանկանում, որ արցախցիները հեռանան Հայաստանից:
«Այդ երկու գործոնները, եւ հնարավոր է՝ կա երրորդ գործոնը՝ այս իշխանությունների կողմից ատելություն արցախցիների հանդեպ, ինչը քիչ հավանական եմ համարում»,- ասաց Առուշանյանը: Նա նկատեց, որ ում հետ շփվում է, տեսնում է, որ Փաշինյանի հակաարցախյան քարոզչությունն արձագանք է գտնում, քանի որ մարդիկ նախ բավարար տեղեկատվության չեն տիրապետում, բացի այդ՝ չեն կարողանում վերլուծել ստեղծված իրավիճակը:
Սակայն իրավիճակը կփոխվի, երբ նորմալ ուժեր գան իշխանության, ամեն ինչն աստիճանաբար կփոխվի: «Այս նույն ժողովուրդն էր, որ 1988 թվականին միլիոններով դուրս էր գալիս փողոց՝ ի պաշտպանություն Արցախի, այդ ո՞նց եղավ, որ հիմա այդ ժողովուրդն այս վիճակում է: Որովհետեւ տարիների ընթացքում հարյուրավոր կուսակցություններ են ստեղծվել, տարբեր հասարակական կազմակերպություններ, եկեղեցական աղանդներ, մի բուռ ժողովուրդ ենք՝ հազար մասի բաժանված, իսկ բաժանված ժողովրդին նման տեխնոլոգիաներով կառավարելը՝ անվստահություն առաջացնել, ատելություն գեներացնել ժողովրդի մի մասի մոտ արցախցիների հանդեպ, վախի մթնոլորտ առաջացնել ու հարյուրավոր այլ տեխնոլոգիաներով մեղադրել ժողովրդին վախկոտության մեջ․․․ Ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո հակառակ ուղղությամբ է այդ ամենը գնալու, ուղղակի այսօրվա իրավիճակով ես իշխանափոխությունը դեռեւս հնարավոր չեմ համարում»,- շեշտեց Առուշանյանը: