Հոգևոր հայրերի հետ պատահածի հաջորդ օրը միայն ԻՔՄ ՀԿ կայքէջում հայտարարություն է տարածվել, որ Հ1-ի Պետրոսի հետ Արամ քահանայի հարցազրույցի հիման վրա իրենք են հաղորդում ներկայացրել դատախազություն: Կարծում եմ, որ ՀԿ ծրագրերի համակարգողը կարող էր իրեն անհանգստություն չպատճառել՝ դա արդեն հայտնի էր: Իր ասելով, դրա նպատակը խիստ «արդարացի» էր. անհրաժեշտ էր ստուգել, թե Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի կողմից իրենց հոտի անդամներին ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ: Թե դա ինչու պետք է հուզեր հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողին՝ դժվարանում եմ պատկերացնել:
Ինքը ո՛չ իրավապահ համակարգի ներկայացուցիչ էր և ո՛չ է, հուսով եմ, համակարգի կողմից հավաքագրված գործակալ: Ես, օրինակ, չեմ հիշում, որ ինքը 2021-ի քարոզարշավի ընթացքում նման կարգի հաղորդում ներկայացրած լիներ վարչապետի հետ կապված: Իսկ եթե ցանկանար, ապա դեպքերի պակաս չէր ունենա. պետական հիմնարկների աշխատանքային կոլեկտիվներին համատարած պարտադրում էին ներկա գտնվել «չաքուջ» թափահարող Նիկոլի բացօթյա քարոզչական շոուներին:
Իհարկե, ինքը կարող է հակաճառել՝ ասելով, որ դրա համար ապացույց էր պետք, իսկ տերտերի (կներեն ինձ հոգևոր հայրերը՝ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող քահանային այլ կերպ անվանել չեմ կարող) հարցազրույցի դեպքում դրա կարիքը չկար: Հիշեցնեմ, որ Արամ քահանան Հ1-ի եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար: Տվյալ դեպքի առումով ապացույց, ճիշտ է, պետք չէր: Բայց եթե ինքը ցանկանար, ապա ապացույց կարող էր գտնել նաև իմ ասածի առումով: Չէ՞ որ իր ՀԿ-ն զբաղվում է նաև փաստերի ստուգմամբ և ըստ այդմ՝ հավաքագրմամբ: Դրան անձամբ եմ բախվել՝ երբ առանց հասկանալու, թե ինչի մասին է «Հրապարակ»-ի հոդվածներիցս մեկը՝ փորձել էին սխալ հանել ինձ: Ու դրա արդյունքում իրենց էին ձեռ առել:
Ինչևէ, ցանկության դեպքում ինքը կարող էր սեփական դրոնի միջոցով նկարահանել կոլեկտիվների անդամների կողքին կանգնած՝ ցուցակները ձեռքերին համակարգողներին: Իսկ հետո, նրանց մոտենալով, հարցեր ուղղել հավաքներին մասնակցելու հարկադրանքի թեմայով: Կարծում եմ, որ այդ հարցախույզն իրեն կարող էր հաջողվել՝ եթե ներկայանար որպես աննկուն հեղափոխական, ինչը հեռու չէ ճշմարտությունից: Բայց, որքան հասկանում եմ, ինքը նման ցանկություն երբեք չի ունեցել: Որովհետև, ենթադրաբար, համարել է, որ Քրեական օրենսգիրքը գրված է ընդդիմության և ոչ թե իշխանության գործունեությունը սահմանափակելու նպատակով: Դա այդպես էր նախկինների օրոք, ու շատ ավելի բացահայտ ու կոպիտ կերպով այդպես է գործում հայաստանյան «ժողբաստիոնում»:
Պարզ է, որ հոգևոր հայրերի առումով մեր «անկախ ու արդարադատ» իրավապահները չէին կարող ձեռքից բաց թողնել նման հնարավորություն:
Պարզ չէ միայն, թե ինչու են մի ողջ ամիս քնեցրել այդ հնարավորությունը. հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել էր ս. թ. սեպտեմբերի 17-ին, իսկ Քննչական կոմիտեն «վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ» է կատարել հոկտեմբերի 14-ին: Ու տվյալ դեպքում ինչպես չենթադրես, որ դրա անհրաժեշտությունը ծագել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշիզադեի հայատյաց հերթական հայտարարությունից հետո, որում կրկին հիշատակվել է հայոց եկեղեցին: Ու վարչապետի աթոռից կառչած անձն էլ ստիպված է եղել անդրադառնալ այդ խնդրին: Ու համապատասխան հրահանգ տալ իրավապահներին: Դա ճիշտ նույն երևույթն է, երբ ադրբեջանական պահանջով նախաձեռնել են ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացը, որպեսզի դրանից դուրս թողնվի Անկախության հռչակագրի վերաբերյալ հիշատակումը:
Ինչևէ, Հայաստանում տեղի է ունենում հերթական անօրինությունը, իսկ ժողովրդավարական Արևմուտքը մեծ հաշվով թքած ունի դրա վրա: Որովհետև իրեն անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլը, իսկ թե ինչպես կկառավարի վերջինս ՝ դա իրենց գործը չէ: Իսկ անհրաժեշտ է, որպեսզի մեր երկիրը վերածվի թուրք-ադրբեջանական զույգի անողնաշար կցորդի՝ լավագույն դեպքում: Ինչը կապահովի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից և իրադարձությունների դրական զարգացման (այդ զույգի տեսակետից) դեպքում՝ նաև Հյուսիսային Կովկասից: Իսկ հետագայում նաև սիբիրյան անծայրածիր տարածքներից՝ մասնատելով այդ երկիրը: Ահա դա է Արևմուտքի նպատակը: