Նիկոլ Փաշինյանին լսելուց, ամենօրյա սիլոսը ուտելուց հետո սոցիալական հարթակն արձագանքում է՝ առաջ Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, իսկ հիմա գժանոց է բաց երկնքի տակ։ Կասեք՝ ի՞նչ է եղել։ Գիշերը, Աննայից ծածուկ, պատմական Հայաստանը մտել է Նիկոլի ծոցն ու ականջին շշնջացել․ «Մի՛ գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանն է Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչներին պատմել, գաղտնի աղբյուր չկա։ Խամ ականջ է փնտրում, որ իրեն լսեն։ Չգիտեմ, ով ինչքան է լուրջ ընդունել, բայց Հայաստանում, որ նրան լավ ճանաչում են, արձագանքում են՝ էդ Պատմական Հայաստանը մենակ քո ականջի՞ն է նման բաներ ասում։ Բա Հայաստանի երկուսուկես միլիոն վարչապետերիցս մեկը ինչու՞ նման բան չլսեց։ Ու հարցերի շարան է, որ ուղղում են Փաշինյանին։ Բայց կա առանցքային մի հարց․
Փաշինյանը գիտի՞, թե որն է Իրական Հայաստանը, թե՞ նա էլ է այն փնտրում՝ Աննայից ծածուկ, գիշերային մտորումների մեջ։ Որովհետև եթե գիտի, ապա նրա խոսքն ու գործը չեն համընկնում։ Եթե գիտի, ինչու՞ է Իրական Հայաստանը ներկայացնում որպես բեռ։ Ինչու՞ է այն նկարագրում ոչ թե որպես արժեք, այլ որպես խնդիր, որից պետք է ազատվել։ Ինչու՞ է մշտապես հանդես գալիս զիջման, նահանջի, ինքնանվաստացման ճանապարհով։ Պետությունը, որ իրեն հարգում է, իրական լինելը չի հիմնավորում ուրիշների մոտ․ նա պարզապես կա։ Իսկ Հայաստանի գոյությունը Փաշինյանի օրոք մշտապես ապացուցվում է բանակցությունների սեղանին, օտար մայրաքաղաքներում, օտար լսարանների առաջ։ Իսկ եթե չգիտի, ապա մենք գործ ունենք ոչ թե սխալի, այլ վտանգավոր անորոշության հետ՝ երբ երկրի ղեկավարը սեփական պատկերացումների մեջ է որոնում պետության սահմանները։ Նման պարագայում Պատմական Հայաստանը կարող է ասել՝ ո՞վ է իրավունք տվել քեզ իմ անունից խոսելու, առավել ևս գործելու։
Իսկ գուցե ամենավտանգավոր տարբերակը սա է՝ Իրական Հայաստանը հենց այն է, ինչ հիմա սակարկվում է։ Ոչ թե որպես հայրենիք, այլ որպես ռեսուրս։ Ոչ թե որպես ինքնություն, այլ որպես գործարքի միավոր։ Այն սահմանները, այն արժեքները, , որոնք կարելի է փոխանակել, ժամանակավորապես հետաձգել՝ «խաղաղ ապագա» անորոշ խոստման տակ՝ հետագայում վերածել պատմության։ Երբ Իրական Հայաստանը դառնում է զիջման կեր, նա այլևս իրական չէ՝ ժամանակավոր է։ Իսկ ժամանակավոր պետությունները պատմության մեջ միշտ նույն ճակատագիրն են ունեցել՝ նրանք դարձել են պատմական։