Ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շնորհավորել էր եզդիական համայնքին նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով, այլեւ այցելել էր Ալագյազ համայնք, ներկա գտնվել միջոցառմանը։ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Հախոյանից` արդյո՞ք այդ այցը, իրենց տոնը շնորհավորելը դերակատարում են ունենալու, եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող եզդիական համայնքն առաջիկա ընտրություններում ընտրելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ այն մարդկանց, ովքեր փոշմանել են, որ նախորդ անգամ Փաշինյանին են ընտրել, չեն կարողանա համոզել. «Կուզեն, թող ամբողջ օրը գան` քարոզարշավ անեն, ասեն` էսպես կանենք, էնպես կանենք, մարդիկ ոնց տրամադրված են, էդպես էլ անելու են, ոչ մեկի վրա նման այցերով չեն կարողանա ազդել։ Ընտրողը կընտրի, չընտրողը չի ընտրի։ Քարոզարշավը ցուցադրական բան է, որ ժողովրդին իրար դեմ է հանում։ Մեր գյուղում ժողովուրդը 4-5 մասի է բաժանված։ Նայում ես՝ արդեն առաջվա սերն ու միությունը չկա։ Փաշինյանին դիմավորելու գնացել էի, որովհետեւ հետաքրքիր էր ուղղակի, մինչեւ վերջ չեմ էլ մնացել, վաղը որ Սամվել Կարապետյանը գա, իր կողքն եմ կանգնելու, մյուս օրը որ այլ թեկնածու գա, իր կողքն եմ կանգնելու, էդ չի նշանակում, որ աջակցում եմ բոլորին, էդ նշանակում է, որ լսում եմ թեկնածուներին»։ Նրա խոսքով, Փաշինյանի այցը համայնք այլ ենթատեքստ ուներ: «Մի եզդի կին մոտեցավ, լավ ասեց` որ ինչի էս 8 տարվա մեջ մի օր համայնք չեկավ ու հենց ընտրություններից առաջ է գալիս։ Ինքն էլ ասեց, թե հրավիրող չկար, իսկ էս անգամ Ռուստամ Բաքոյանն է հրավիրել՝ իր հորդորով»։
Անդրադառնալով հարցին, թե ինչ շանսեր ունի Փաշինյանը եզդիական համայնքում, Հախոյանը նշեց, որ եզդի ազգն իր ընտրությունը, իհարկե, քվեարկության օրը կհայտնի, բայց այն արտաքին քաղաքականությունը, որ վարում են իշխանությունները, մեղմ ասած, իրենց սրտով չէ։ «Մեր մեծ բարերար Միրզա Սլոյանը, որ վերջերս մահացավ, իր որդին՝ Ռոման Սլոյանը, մեծ հարգանք ունի համայնքում, ինքը Փաշինյանի այցի օրը չգնաց ու չկանգնեց հավաքվածների շարքում։ Սրանից շատ բան կարելի է ենթադրել»։