Բագրատ Արքեպիսկոպոս Գասլտանյանը եւ «Սրբազան պայքար» շարժման եւս 14 մասնակիցներ արդեն երկու շաբաթ է կալանավորված են: Նրանք մեղադրվում են Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ պլանավորելու մեջ:
Հուլիսի 10 ին էլ 7 հոգի ձերբակալվեցին ահաբեկչության նախապատրաստության, հրազենի, ռազմամթերթի ապօրինի շրջանառության հոդվածների շրջանակում:
Ավելի վաղ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով կալանավորել էին գործարար Սամվել Կարապետյանին: Այս ամենի հետևանքով «ռեպրեսիաներ», ահաբեկչություն բառերը թեւածում են օդում, խուզարկությամբ ընդդիմադիրների տներից հայտնաբերված իրերի լուսանկարներ են տարածվում, եւ շատ հաճախ ենք լսում 37 թիվ արտահայտությունը: Դո՞ւք էլ ունեք տպավորություն, որ 37 թիվն է, թե՞ սա ծայրահեղ քաղաքական գնահատական է, եւ իրականությունն ավելի պարզ է ու այսքան սարսափելի չէ, հարցրեցինք հայտնի փաստաբան Հայկ Ալումյանին.
«37 թիվ չէի ասի: 37 թվին միանգամից գնդակահարում էին, բայց որ դատարանների նկատմամբ ճնշում կա, ակնհայտ է: Եթե մի գործով այսքան շատ կալանավորումներ են տեղի ունենում, դա արդեն հուշում է, որ դատարաններն օբյեկտիվ չեն, որ նրանց նկատմամբ կան ճնշումներ: Անձին կարող են կալանավորել միայն այն դեպքում, եթե հիմք կա ասելու, որ նա կարող է գործի քննության վրա ազդել, կամ թաքնվել, կամ հանցանք կատարել: Դրան գումարած, ուրիշ խափանման միջոց ի զորու չի այդ վտանգները զսպել: Լավ, մեկ հոգու վերաբերյալ, երկու հոգու վերաբերյալ այդպիսի ենթադրություններն, ասենք թե` հիմնավոր են: Բայց ո՞նց կարող է բոլորի վերաբերյալ այսպիսի ենթադրությունները լինեն հիմնավոր, գործով անցնող այդքան մարդու պարագայում հիմքեր լինեն ասելու, որ այս անձինք ազատության մեջ մնալով, բոլորն էլ ոչ օրինական վարքագիծ են դրսևորել, ընդ որում, այնպիսի վարքագիծ ու դրսեւորումներ, որոնք հնարավոր չի զսպել տնային կալանքով, կամ համակցված խափանման միջոցներով: Այսինքն, եթե բոլորին կալանավորում են, նշանակում է, որ ոչ մեկին էլ չպետք է կալանավորեին»:
Ինչպե՞ս վերաբերվենք այն վիճակագրությանը, որ քրեական վարույթների թիվը 2017 թվականի համեմատ մոտ 3-4 անգամ ավելացել են, ի՞նչ նպատակով է սա արվում, իրո՞ք, մեզ ուզում են վախեցնել 22-րդ դարում:
«Ոչ թե ուզում են վախեցնել, այլ ուզում են մարդկանց զրկել ազատությունից: Վախեցնելու փուլն անցավ, վախեցնելն այն է, որ ասեն՝ խելոք չմնաս` կկալանավորենք, բայց հիմա արդեն կալանավորոմ են: Սա ոչ թե վախեցնելու, այլ մարդկանց նպատակաուղղված ճնշելու պրոցես է, ամեն տեսակի այլախոհությունը արմատախիլ անելու պրոցես է, որը չի ստացվելու, իհարկե: Միամիտ մարդը մենակ կարող է կարծել, որ դա հնարավոր է անել, կամ տգետ մարդիկ, որոնց պակասը մեր իշխանության մեջ չի զգացվում», ասաց Հայկ Ալումյանը: