Հայկական համացանցը լցվել է հերթական «ձեռքբերման» (վացուց արդեն ձախողումները ձեռքբերումներ են, չէ՞) գովերգումներով: Ենթադրաբար, այդ տոնայնությունը կշարունակվի հաջորդ ութ ամիսների ընթացքում՝ մինչև ՀՀ ԱԺ ընտրությունները: Օրինակ այսպիսի մեկը՝ «Արտաքին քաղաքական հետագա ուղենիշների առումով Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ»: Փաստորեն, 2020-ի պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արցախի հանձնումը և հայաթափումը գործող իշխանության մտածողությամբ նշանակում էր հայ-ադրբեջանական հակամարտության կառավարման փուլ: Որպեսզի ավելի լավ ընկալվի ասվածի անհեթեթ լինելը՝ համեմատական օրինակ բերեմ կենցաղային մակարդակից: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին փողոցում խուլիգանները ծեծելով արյունլվա են անում՝ այն աստիճան, որ հազիվ փրկվում է մահից: Մեջբերված մտածողությամբ շարժվելու դեպքում ինքը դա ներկայացնում է որպես փողոցի խուժանների հետ հակամարտության կառավարման փուլ: Իսկ ծեծ ուտելուց հետո՝ երբ նրան առաջարկում են մոռանալ եղածը և հաշտվել, ընդունում է այդ առաջարկը: Դա էլ ներկայացնում է որպես բարիդրացիության ինստիտուցիոնալիզացման փուլ: Այս պահին դրանով է զբաղված լեգիտիմությունը վաղուց կորցրած իշխանությունը:
Անցնենք «խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլի» գնահատմանը: Ի տարբերություն առաջին փուլի՝ այն կառուցված է վիրտուալ իրականության վրա: Մեկ անգամ էլ ծանոթանանք դրա՝ անվերջ կրկնվող դրույթին. «Առաջնահերթությունների թվում է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, որի համատեքստում արձանագրվեցին 4 կարևորագույն սկզբունքները, որոնք կարմիր գիծ էին Հայաստանի համար․ այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»: Եթե բաց թողնենք մեջբերման սկիզբը, ապա կկանգնենք խնդրի առաջ: Որովհետև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում մենք չտեսանք որևէ կետ այն մասին, որ Նախիջևանի միջով անցնող կոմունիկացիան պետք է հավասարազոր լինի Սյունիքով անցնողին: Եվ որպես դրա հաստատում՝ Նախիջևանով անցնողը Սյունիքով անցնողի նման չարժանացավ ԱՄՆ-ի կողմից 99 տարով վարձակալության վերցնելու բախտին: Եթե նման բան տեղի ունենար, ապա դա հենց կլիներ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման՝ փոխադարձության սկզբունքի հավաստումը:
Ի դեպ, վերը մեջբերված մտքերի հեղինակ, ԱԳ փոխնախարար Կոստանյան Վահանը ոնց որ թե խնդիր ունի իր ուսուցչից՝ ՔՊ կուսակցության առաջնորդ Փաշինյան Նիկոլից դասը սովորելու առումով: Երկրորդ մեջբերման մեջ Կոստանյանի կողմից նշված չորս սկզբունքներից վերջինի առումով առկա է տարընթերցում: Որպես սկզբունքներ Փաշինյանը նշել է ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանային անքակտելիությունը, որոնք ըստ Նիկոլի, պետք է գործեն փոխադարձության հիման վրա։ Ինչպես տեսնում ենք, տվյալ դեպքում «փոխադարձությունը» հանդես է գալիս ոչ թե որպես առանձին սկզբունք, այլ որպես 4 սկզբունքների գործողության հենք: Կարծում եմ, որ, առաջնորդի մտքերը կրկնելիս, դրանք, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լավ ուսումնասիրել:
Անցնելով անմիջապես առաջնորդի մտքերին՝ ներկյացնենք հերթական մանիպուլյացիան: Ավելի ճիշտ՝ տվյալ թեմայում գլխավորը: «Ադրբեջանցիներն, ի վերջո, կտեսնե՞ն հայ սահմանապահի կամ մաքսավորի երեսը» հարցին պատասխանելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում, չգիտես ինչու, ընթերցում է հռչակագրի 3–րդ կետը՝ կարծես թե հարց տվողները չէին հասցրել ծանոթանալու այդ կետին: Եվ վերջապես պատասխանում է հարցին, ասելով, թե իրենք այս փուլում չեն մտել դետալների մեջ, համաձայնեցրել և ստորագրել են գլոբալ հարցերը։ Ոնց հասկանում եմ, գլոբալ հարցը հենց «Զանգեզուրի միջանցքի» կամ նոր անվանմամբ՝ «Թրամփի ճանապարհի» սկզբում և վերջում հայ սահմանապահների և մաքսավորների առկայության խնդիրն է: Որովհետև միայն այդ դեպքում է այդ տարածքը բնորոշվելու որպես միջանցք կամ ճանապարհ: Եվ կամ էլ կարող է վերածվել «ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանային անքակտելիության» սկզբունքների իրացման վայր: Չնայած դա այդպիսին էր նախքան Փաշինյանի վարչապետությունը ու նրա շնորհիվ վերածվեց վիճելի տարածքի:
Բայց պարզվում է, որ վերը նշված երիտասարդի ղեկավարը (իմ իմացած նախկին Արոն) առաջ է անցել նույնիսկ իր առաջնորդից: Մեջբերեմ ընդամենը մեկ նախադասություն ԱԳ նախարար Միրզոյան խոսքից. «Չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ»։ Այսինքն, Արարատի ասելով, ԱՄՆ-ը ոչ թե սեփական շահերով առաջնորդվող պետություն է՝ այն էլ Դոնալդ Թրամփի նման նախագահի օրոք, այլ այդպիսի անվանումով բարեգործական կազմակերպություն: Եվ այդ կազմակերպությունը որոշել է 99 տարով վարձակալության տալ մեր տարածքը զուտ բարեգործական նպատակներով: Սկզբում, իհարկե, դա մեզանից վերցնելով: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր իր կողմից այն վարձակալության տալը մեկ ուրիշին:
Ասվածը վկայում է, որ խորհրդարանական և ոչ միայն խորհրդարանական ընդդիմության խնդիրն է մինչ ԱԺ ընտրությունը մնացած 8 ամսում այս ամբողջ կեղծիքը ներկայացնել ՀՀ ընտրողներին: Որպեսզի կրկին՝ մի քանի տարի անց, շարքային ընտրողը չհայտարարի, որ «կոտրվեր էս ձեռքս՝ ձայնս չտայի Նիկոլին»: Ու մենք էլ չկորցնենք Սյունիքը՝ճիշտ այնպես, ինչպես կորցրինք Արցախը:
Քաղաքականություն
Հայ սահմանապահի երես չտեսնելու խնդիրը դետալ չէ, դա հենց գլոբալ խնդիրն է
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯