Քաղաքականություն

Ինչու են թուրքերը մարդատեղ դնում Նիկոլին, եւ ինչ նպատակով է Սերդար Քըլըչն այցելելու Հայաստան

Ինչու են թուրքերը մարդատեղ դնում Նիկոլին, եւ ինչ նպատակով է Սերդար Քըլըչն այցելելու Հայաստան

Անցած շաբաթ թուրքական NTV հեռուստաալիքը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ այս շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով թուրքական կողմի բանագնաց դեսպան Սերդար Քըլըչը: Ըստ թուրքական հեռուստաալիքի, միջկառավարական պատվիրակությունների առաջիկա հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, իսկ պաշտոնյաները կարող են նաեւ քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացման ընթացքը: Դեսպան Քըլըչը Հայաստան է գալու ոչ թե ինքնաթիռով, այլ հատելու է հայ-թուրքական ցամաքային սահմանի Ալիջանի անցակետը: Ալիջան գյուղը գտնվում է հայկական Մարգարա գյուղի դիմաց: Երբ թուրքերին պետք է լինում, նրանք բացում են սահմանը, այլ դեպքերում այն փակ է:
Թուրքերը նման դիվանագիտական արտահոսք թույլ տալով՝ մի հարց են լուծում. տպավորություն ստեղծել, թե իրենք շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ, որ սահմանն այնքան էլ փակ չէ, տեսեք՝ այնտեղով այցելություններ են իրականացվում, մի օր կարող է ընդհանրապես բացվել: Իսկ ի՞նչ է նշանակում հարաբերությունների կարգավորում, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ հենց հիմա թուրքերը որոշեցին նորից «կարգավորել» հարաբերությունները Հայաստանի հետ:

Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների միջեւ սահմանը փակ է 1993 թվականից: Ընդ որում՝ Հայաստանը միշտ պատրաստ է եղել հարաբերությունները «կարգավորել»՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Բայց Թուրքիան 32 տարի շարունակ որեւէ տեսանելի քայլ չի արել այս ուղղությամբ, միայն իմիտացիա, ընդ որում՝ տարբեր տարիների: Անգամ երբ եղել է միջազգային ճնշում՝ ինչպես 2009-2010 թվականներին, երբ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, դարձյալ Թուրքիան խուսափեց խոսքից գործի անցնելու: 2022 թվականին դեսպան Սերդար Քըլըչի եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջեւ տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որը ներկայացվեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբ: Այդ ժամանակ կողմերն իբրեւ թե պայմանավորվել էին, որ Թուրքիան պետք է բացի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: Ինչպես հայտնի է, թուրքերը «քցեցին» Հայաստանին եւ չբացեցին սահմանը: Բայց եթե չէին բացելու, ինչո՞ւ խոսք տվեցին: Դրա բացատրությունը պարզ է. ամեն մի նման խոստման դիմաց թուրքական կողմը Հայաստանից ստանում է շատ կոնկրետ զիջումներ: 2022 թվականին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախն Ադրբեջանի անբաժան մաս: Արդյունքում Ադրբեջանը շրջափակեց Արցախը եւ հայաթափեց այն: Փաշինյանը հանձնեց Արցախը, տեղը ստանալով դատարկ խոստում՝ սահմանը բացելու տեսքով:

Հիմա Թուրքիան նոր ակնկալիքներ ունի Հայաստանից, եւ Սերդար Քըլըչը Հայաստան է գալիս Հայաստանի իշխանության ականջներին նոր լապշա կախելու համար: Տեղեկություն կա, որ այս շաբաթ Հայաստան է գալու ամերիկյան պատվիրակություն, որը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու է, այսպես կոչված, Թրամփի միջանցքի իրավական ռեժիմի հետ կապված հարցեր. պետք է հստակեցվի, թե, ի վերջո, ինչ իրավական ռեժիմ է գործելու այդ միջանցքում, ինչպես են բեռները, մարդիկ կամ ենթակառուցվածքներն անցնելու, ով է վերահսկելու, ինչ մեխանիզմով, ինչպես են լուծվելու հնարավոր իրավական վեճերը: Պարզ է, չէ՞, որ թուրքերը չեն ուզում անմասն մնալ այդ բանակցություններից, եւ, ահա, Քըլըչի պատվիրակությունը գալիս է ոչ թե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը քննարկելու` պայմանավորվածությունները չեն կատարվել, ի՞նչ կա քննարկելու, այլ ուզում են մասնակից լինել այդ բանակցություններին, ուզում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ պահանջելով, որ պայմաններն առավել ընդունելի լինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Ի՞նչ ճնշման լծակ ունեն նրանք Հայաստանի վրա. ճիշտ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Հայաստանին ասելու են, որ եթե դուք համաձայնեք Թրամփի միջանցք կոչվածի հարցում մեր պահանջների բավարարմանը, դրա դիմաց մենք դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք Հայաստանի հետ եւ կբացենք սահմանը, եթե՝ ոչ, ապա մոռացեք երկուսի մասին էլ` հայ-թուրքական թշնամությունը կշարունակվի, եւ դուք էլ հերթական անգամ կհայտնվեք հիմար վիճակում:

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով՝ Թուրքիան, ըստ էության, չի ճանաչում Հայաստան պետության գոյությունը: Թուրքերի համար Հայաստանը չկա, այնպես, ինչպես նրանց համար գոյություն չունեն Կիպրոսը, Սիրիան, Իրաքը կամ Լիբիան, որտեղ նրանք զորքեր են մտցրել, օկուպացրել այդ երկրների մի մասը եւ հնարավորության ու առիթի դեպքում մեծացնում են իրենց օկուպացիոն գոտին: Թուրքերը վաղուց զորք մտցրած կլինեին Հայաստան եւ ոչնչացրած կլինեին Հայաստանի պետականությունը, բայց նրանց այդ հարցում խանգարում են հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս սահմանապահները եւ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան: Դրա համար են նրանք ստիպված բանակցում, որ կարողանան գոնե եղած սահմանափակումների պայմաններում հասնել իրենց նպատակին, թե չէ, ձեր կարծիքով, Էրդողանը Փաշինյանի հետ էր հանդիպելու, Ֆիդանը՝ Միրզոյանի, Քըլըչն էլ՝ Ռուբինյանի՞․ չէ մի չէ` թան էլ չէ, փրթած մածուն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image