ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ և Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ հատուկ ստորաբաժանումները ապրիլի 9-10-ը համատեղ զորավարաժություններ են անցկացնելու: Զորավարաժությունն ամեն կողմն իր տարածքում է անցկացնելու և այն ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունների կայացմանն, ասաց, որ այդ զորավարժության մասին ոչ ոք տեղյակ չէր, երևի շատ սահմանափակ թվով մարդիկ էին տեղյակ:
«Ես ևս մեկ ինֆորմացիայի վրա այս կոնտեքստում ուշադրություն կդարձնեի, որ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ժամանակն է, որ վերջապես որոշվի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսարանի բացման խնդիրը և որ դա պետք է արագ լինի: Այս զորավարժությունը և այս հայտարարությունը, երբ որ նույն օրն է գնում՝ դա պատահական չի: Ես կարծում եմ, որ հնարավոր է` ռուսական և իրանական կողմերը կոորդինացված են աշխատում և վերջապես կարող ենք համարել, որ սա Սյունիքի նկատմամբ արդեն նաև ռուսական կողմի ներգրավվածությունն է` Իրանի հետ զուգահեռ»,-ասաց Դանիելյանը:
Նման հայտարարությունները՝ զորավարժությունների, հյուպատոսարանների բացման մասով ժամկետները, պատահական չեն լինում՝ դրանք իրար հետ կապ են ունենում: Զորավարժություն անցկացնելն արագ է որոշվել` վերջերս, թե` վաղուց են պայմանավորվածությունները ձեռք բերվել՝ այդ տեղեկատվությունը չունենք, հետևաբար կարծիք չենք կարող հայտնել:
«Բայց եթե նման զորավարժություն է լինում, ես կարող եմ միայն ենթադրել, գուցե ինչ-որ ինֆորմացիայի հետ է կապված, որ կարող է Ադրբեջանը որոշակի քայլեր է փորձում անել»,-ասաց Դանիելյանը: Արդյոք հետագայում կարո՞ղ ենք ականատես լինել ավելի լայնամասշտաբ զորավարժությունների Իրանի և Հայաստանի միջև հարցին քաղաքագետը պատասխանեց, որ այս պահին հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններն են, որոնցից շատ բան է կախված մեր տարածաշրջանի ապագայի առումով:
«Հիմնական խնդիրն է հետևել, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև ինչ բանակցություններ են գնում, և սա չափազանց կարևոր է: Հնարավոր է դրանք երկար չտևեն, որովհետև ժամկետները բավականի սուղ են: Թրամփը մայիս ամիսն էր նշել և ես կարծում եմ մայիս, հունիս և հուլիս ամիսներին կարևոր իրադարձություններ կարող են լինել և ես հույս ունեմ, որ ինչ-որ պայմանավորվածության իրենք կգան»,-ասաց Դանիելյանը:
Հարցին, թե Թրամփի հայտարարություններն ու դրանց շեշտադրումներն ի՞նչ են հուշում, արդյո՞ք նա նախապատվությունը տալիս է բանակցությունների միջոցով լուծել, թե՞ ռազմական ճանապարհով լուծում է նախընտրում, քաղաքագետն ասաց, որ միանշանակ ռազմական տարբերակը նախընտրելի չէ:
«Իրանն այն երկիրը չէ, որին հեշտությամբ կարող են ռմբակոծել և պատասխան չստանալ․ պատասխանը նաև Պարսից ծոցին է վերաբերում, Հորմուզի նեղուցին է վերաբերում և դա արդեն կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ էներգետիկ ոլորտում և համաշխարհային տնտեսության վրա: Իրանը կարող է լուրջ պատասխան հարվածներ հասցնել և բնական է, որ ոչ ոք չի ցանկանում, որ լինեն նման իրադարձություններ, այդ թվում նաև Թրամփը, որւ լուրջ խնդիրներ ունի տնտեսական ոլորտում, նա տնտեսական պատերազմի մեջ է մտել համարյա ամբողջ աշխարհի հետ: Այդ առումով, կարծում եմ, որ Միացյալ Նահանգները շահագրգռված են պյամանավորվածության գալ Իրանի հետ»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։ Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։
«Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։