Հասարակություն

Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետի դեմ վարույթ է հարուցվել

Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետի դեմ վարույթ է հարուցվել

«Հրապարակ»-ը գրել էր, որ Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ նրան մեղադրում էին համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանը լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել: Այնպես, որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Համայնքապետարան այցի նպատակը եղել էր նրա ջրի հետ կապված խնդիրը, սակայն «արժանացել» էր ՔՊ-ական ղեկավարի ծեծին ու հայհոյանքներին։ Մեզ Քննչական կոմիտեից փոխանցել էին, որ նյութերը ՆԳՆ-ից ստացել են, սակայն չեն նախաձեռնել քրեական վարույթ, քանի որ մասնավոր գանգատի հարց է դա, եւ իրենք չունեն քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն․ եթե կողմը ցանկանում է, կարող է դիմել դատարան։ 

Եվ, ահա, տեղեկացանք՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՔԿ-ի որոշումը եւ հանձնարարել՝ տեղի ունեցած դեպքով վարույթ նախաձեռնել։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն)։ Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով)։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image