Իրավունք

«Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար

«Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ խորհրդարանական վերջին ընտրությունների նախաշեմին հայտարարել եւ խոստացել էր անցկացնել բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ՝ դրանք որակելով որպես ժողովրդավարության աներկբա հիմք եւ «հեղափոխություն»։ Բայց ո՞վ կհավատա Նիկոլին, որն ընտրախախտումների մեկնարկը տվողներից է:

Քվեարկության ժամանակ նա, տեսախցիկներից չամաչելով, ծրարը քվեատուփի մեջ գցելիս ձեռքով ՔՊ-ի էժանագին քարոզչական սրտիկը ցույց տվեց` խախտելով ընտրության օրը քարոզչության արգելքը:
Հետո արդեն ընտրախախտումների հեղեղ սկսվեց: Մարզերից տեղեկատվություն էր գալիս՝ տեղամասերում կուտակումների, ցուցակներում մարդկանց՝ իրենց անունը չգտնելու, բաց քվեարկությունների, երբ համայնքապետերը կանգնում են ընտրողների կողքին ու հետեւում, թե ով ում է ընտրում, գրանցման հասցեներում անծանոթ անուններ հայտնաբերելու մասին: Սրանք ԱԺ ընտրություն-2026-ի ամենասովորական խախտումներն էին, կլասիկան: Արտառոց դեպքերն էլ կային:

Հովհաննես Սահակյանն ընտանիքով Մոսկվայից եկել էր Երեւան, ինչպես նրա ընկերը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է պնդում՝ մայրիկի ծննդյան օրը շնորհավորելու: Օդանավակայանում նա դժբախտություն է ունեցել լրագրողի հարցերին պատասխանելու՝ ասելով, որ ընտրություններին մասնակցելու է եկել: «Եկել ենք ընտրենք, երեկոյան յոթին հետ ենք վերադառնում: Էրեխեքի հետ ենք, չմնանք բարդություններին...»,- ասել է նա: Բայց երեկոյան 10-11-ի հատվածում օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելու ժամանակ նրան ձերբակալել են: Թե որն է մարդու մեղքը, հասկանալի չէ: «ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերեւույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ենթադրվում է, որ իմանալ չհայտնելը վերաբերում է «չմնան բարդություններին» արտահայտությանը: Այսինքն՝ ՔԿ այլասերված մտածողությամբ, մարդը տեղյակ է եղել կազմակերպվելիք խժդժությունների մասին, բայց չի հայտնել: Այն, որ խժդժությունները, հետընտրական զարգացումները հնարավոր են, ցանկացած անձ կարող էր ենթադրել: Բայց խժդժություններ անգամ չեղան: Մարդն անգամ եթե եկել է քվեարկելու, դրանում ո՞րն է հանցանքը: Իսկ հայ հանրության նիկոլական, մոլի ռուսաֆոբ հատվածը հարձակվել էր Հովհաննես Սահակյանի վրա, վերջին հայհոյանքներն էր գրում, չարախնդում, թե լավ են արել, որ բռնել են:

Փաշինյանի կողմնակիցների հետ, որոնք ուղիղ եթերում ընտրական իրավունքի կոպտագույն խախտումներ են թույլ տալիս, այսպես չեն վարվում: Օրինակ, Սիսիանի Լոր գյուղի դեպքով որեւէ վարույթ չկա: Այս անգամ քվեատուփերի մոտ չկային աղբամաններ, հանձնաժողովների անդամները գրեթե բոլոր ընտրատեղամասերում հորդորում էին քաղաքացիներին՝ քվեախցում թողնել չքվեարկված քվեաթերթիկները: Թե ինչու, պարզ դարձավ այն ժամանակ, երբ Սիսիանի Լորի քվեախցիկից Սիսիանի տարածքային ԸՀ նախագահ՝ ՔՊ-ական Արմինե Անդրանիկյանն ամուսնու՝ Սիսիանի համայնքապետարանի կոմունալի պետ Դավիթ Մարգարյանի հետ հավաքել էր չքվեարկած թերթիկները եւ պարկով փորձել էր դուրս տանել՝ երեւի զեկուցելու, թե քանի ձայն է ստացել ՔՊ-ն այդ գյուղում: Դիտորդներն ու լրագրողները կանխել էին նրա գործողությունները, եւ փոխանակ ներողություն խնդրելու, ՔՊ-ականը սպառնացել էր ոստիկանություն կանչել: Բղավել էր մարդկանց վրա, սպառնացել, հորդորել ցածր խոսել, որ քաղաքացիները չլսեն:
«Այս դեպքով որեւէ ընթացք չկա»,- հայտնում է իրավապահ մարմնի մեր աղբյուրը:

Իսկ ՔԿ խոսնակն ասում է. «Նման հաղորդում չենք ստացել»: Վարույթ չկա նաեւ Մեղրիի զորամասի Ագարակի ընտրատեղամասում տեղի ունեցած գիշերային քվեարկության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ագարակում 35/65 ԸՏ-ն փակվելուց հետո 480 զինվոր են բերել քվեարկության: Քննչական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ այս դեպքի կապակցությամբ էլ որեւէ հաղորդում չի ստացվել, չնայած դեպքը նկարահանվել է: «Ականատեսի» դիտորդներն էին այն արձանագրել եւ նյութերը փոխանցել իրավապահ մարմիններին: Փաստորեն, ո՛չ զորամասի ղեկավարությունը, ո՛չ էլ ԸԸՀ նախագահն ու անդամները, որոնք տեղի են տվել հանցագործ հրամանատարներին եւ թույլատրել զինվորականներին՝ քվեարկել տեղամասը փակվելուց հետո, պատասխանատվություն չեն կրի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image