Հարցազրույց

«Հրապարակ»․ Երկկողմ հարաբերությունների զարգացման ամենամեծ խոչընդոտը Բաքվում պահվող հայերն են

«Հրապարակ»․ Երկկողմ հարաբերությունների զարգացման ամենամեծ խոչընդոտը Բաքվում պահվող հայերն են

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի հետ զրուցել ենք Ռուբեն Վարդանյանի հնարավոր «դատավճռի», 2026 թ. ընտրությունների, նաեւ՝ կուտակային ֆոնդերի հետ նոր գործարքի մասին:

Ինչպես հայտնի է,  «Լիգա ինշուրանս» հայկական ապահովագրական ընկերության բաժնետոմսերը ձեռք բերեցին ավստրիական «Գրավե գրուպ» (GRAWE Group) ընկերությունը եւ «Ցե կվադրատ» ներդրումային խումբը, որը կուտակային կենսաթոշակի ֆոնդերի կառավարիչներից է: Թե ինչ ներդրում են անելու նրանք հայկական ապահովագրական շուկայում, եւ ինչ վերահսկողական մեխանիզմներ են կիրառվելու, ԿԲ-ն չի ասում: 

- Ի՞նչ լավ բան են արել կուտակային ֆոնդերը, որ մեր վարչապետն այդքան գոհ է ու հայտարարեց այդ մասին` «Գրավե գրուպի» եւ «Ցե կվադրատի» հետ գործարքի մասին:

- Դուք գիտեք, որ կուտակային կենսաթոշակի առաջին թոշակառուները 1974 թվականին ծնվածներն են, որոնք թոշակի են անցնելու 2037-ին: Հետեւաբար, թե ինչ լավ բաներ են արել այդ ֆոնդերը, ինձ համար հասկանալի է, իսկ շատերի համար տեսանելի կլինի այդ ժամանակ: Բայց եթե նայենք զուտ «Ցե կվադրատի» ընթացիկ գործունեությունը, զուտ շահութաբերության տեսանկյունից պետք է դիտել, թե այն գումարները, որոնք ներդրվել են, որքանով են շահութաբեր: Եթե հետեւենք, կնկատենք, որ եղել են տարիներ՝ անգամ բացասական եկամտաբերությամբ: Օրինակ, 8 տոկոս է եղել 2022-ին, եւ եթե այդ տարում, օրինակ, մեր քաղաքացիները թոշակի անցնեին, ապա նրանց թոշակները կլինեին շատ ցածր՝ բացասական եկամտաբերության պատճառով: Այդ ժամանակահատվածում, օրինակ, բանկային ավանդների եկամտաբերությունը 10 տոկոսի կարգի է եղել: Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե մարդիկ իրենց գումարները 2014-ից մինչեւ այսօր ներդնեին բանկային ավանդներում, ապա կունենային 10 տոկոս շահութաբերություն: Մինչդեռ այդ ֆոնդերն ունեցել են 8 տոկոս շահութաբերություն: Այսպես է պետք գնահատել, որքանով է նրանց գործունեությունը լավ կամ վատ, եթե այս պահին ենք գնահատում: Իսկ ընդհանրական գնահատականն այն ռիսկն է, որի մասին ես երկար խոսել եմ, նաեւ պարտադիր կուտակայինի ներդրման ժամանակ եմ խոսել, թե որքանով է սա շահութաբեր: Եթե այսօր այդ մարդիկ գնային թոշակի, ապա նրանց թոշակը, որն այսօր միջինը 45 հազարի կարգի է, միջին աշխատավարձ ստացողների համար կլիներ ավելի բարձր, քան իր իսկ կուտակած գումարների արդյունքում ստացած թոշակը: Ես սա հասկանում եմ, բայց ինչու եմ ասում, որ սա տեսանելի կլինի 37 թվականին, երբ առաջին թոշակառուները կլինեն, կտեսնենք այդ տարվա իրավիճակը եւ թե ինչ պատկեր կունենանք նախորդած տարիների տատանումների ու կուտակային շահութաբերության արդյունքում: Երբ որ պետություններն անկայուն վիճակում են լինում, իսկ դա հեռու չէ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, ապա կուտակային ֆոնդերից թոշակ ստացողների կյանքը խիստ դժվարանում է՝ համեմատ նրանց, ովքեր իրենց կոնկրետ աշխատանքային ստաժի արդյունքում են ստանում թոշակ: Այդ ռիսկերն ամեն օր կախված են ապագա թոշակառուների գլխին:   

- 2022-ին պաշտոնապես հայտարարվեց, որ կենսաթոշակային ֆոնդերի ցածր եկամտաբերությունը եղել է բարձր գնաճի հետեւանքով: Բայց դրանից մենք հիմա էլ ապահովագրված չենք, տնտեսական իրավիճակն անկայուն է: Որքանո՞վ է արդարացված այս իրավիճակում դրանց բերելը: 

- Սա արդարացում է, ոչ թե բացատրություն: Բնականաբար, բարձր գնաճ լինելու է նաեւ հետագայում: Գնաճը տնտեսության վիճակի հետեւանք է, եւ հենց այն, որ ասում եմ՝ ռիսկային է, նաեւ այդ պատճառով, որովհետեւ գնաճն անկանխատեսելի է ու անկառավարելի, տնտեսությունն անկայուն է, շատ զգայուն՝ արտաքին ազդակներին, ինչպես նաեւ՝ ներքին տեղափոխումներին: Նման տնտեսությունների պարագայում մարդկանց ստիպելը՝ մտնել կենսաթոշակային ֆոնդ, անբացատրելի է: Իսկ վտանգն ու ռիսկը կրում է քաղաքացին, պետությունը՝ չէ, այդ ֆոնդերը՝ չէ, այլ՝ քաղաքացին, որի թոշակը դրանցից կախված պետք է լինի արդեն ամենախոցելի տարիքում: 

- Որտե՞ղ են այս ֆոնդերը ներդրումներ անում: Ձեզ հայտնի՞ է իրական տնտեսության մի ոլորտ, որտեղ ներդրումներ են արվել:

- Հիմնական ներդրումներն արվում են պետական պարտատոմսերում եւ ֆինանսական կառույցներում, հիմնականում՝ բանկերում: Այսինքն, այդ ներդրումները մարդիկ իրենք էլ կարող էին անել: Պետությունը փողը վերցնում է մարդկանցից, նաեւ՝ պետբյուջեից, որից հետո պարտքով փող է վերցնում: Սա աբսուրդ է, որի մասին շատ եմ խոսել: Սրա փոխարեն պետությունը կարող էր մարդկանց թոշակները պարբերաբար բարձրացնել եւ վարել նորմալ սոցիալական քաղաքականություն՝ հետեւել թոշակի եւ միջին կենսաթոշակի զամբյուղին համապատասխանությանը: 

- «Գրավե» ապահովագրականի մասին չեմ հարցնում, որովհետեւ դեռ վաղ է խոսելը: 

- Այո, ոչինչ չեմ կարող ասել, բայց ընկերություններն իրենց շահույթը ստանալու են, դրանք մասնավոր ընկերություններ են, բայց մենք պետք է նայենք հանրային շահը, մարդկանց շահերը պետք է դիտարկենք: Ապահովագրական շուկան ինձ համար ընդունելի է, երբ մարդիկ ունեն կայուն եկամուտ եւ կարող են իրենց թույլ տալ՝ ապահովագրել իրենց որոշ իրավիճակներից եւ հանգամանքներից, բայց կարեւոր են մեխանիզմները, որոնք ներդրվում են նման համակարգերում:  

- Բաքվի կեղծ դատավարություններում խախտվել են մեր հայրենակիցների իրավունքները: Ի՞նչ գործիքներ եք տեսնում՝ վերականգնելու արդարությունը, ի՞նչ կարող է անել իշխանությունը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար:

- Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր միջազգային հարթակները՝ բարձրաձայնելու մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման մասին եւ վճռականորեն պահանջելու նրանց անհապաղ վերադարձը Հայաստան։ ՀՀ իշխանությունները, խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթների շրջանակներում, պարտավոր են պահանջել բոլոր հայ քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը։ Մինչեւ այս պահանջը չկատարվի, չի կարող լինել իրական խաղաղություն երկու երկրների միջեւ, քանի որ ապօրինաբար պահվող մեր ազգակիցներն ամենամեծ խոչընդոտն են երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացման համար։

- Ռուբեն Վարդանյանը վերջին հեռախոսազրույցում Քամյուի տեքստից էր մեջբերում արել՝ «կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք»: Ի՞նչ վիճակում է նա` հոգեբանական եւ առողջական, ի՞նչ եք կանխատեսում, ինչպիսի՞ն կլինի դատավճիռը, նորից ցմա՞հ:

- Բաքվում ընթացող «դատավարություններից» այլ բան սպասելն անիմաստ է։ Ռուբեն Վարդանյանի վերադարձը պահանջում է մեր մշտական եւ վճռական ջանքերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ինչ վերաբերում է նրա հոգեվիճակին, Ռուբենը կոտրվող տեսակ չէ, եւ Բաքվից հղած նրա ուղերձները հենց այդ մասին են՝ պայքարելու, չնահանջելու եւ առաջ նայելու։

- Ձեր կուսակցությունը մասնակցելու է այս տարվա ընտրություններին: Ո՞ւմ եք տեսնում որպես ձեր հնարավոր գործընկեր, ո՞ւմ հետ կարող եք կազմել կոալիցիա: Կա՞ն ուժեր, որոնց հետ բանակցում եք: 

- Այո, «Ապրելու երկիրը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ներկայում ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են ակտիվ քննարկումները՝ ընտրություններին համատեղ մասնակցելու օրակարգով։ 

- Ոչ մի ուժի չե՞ք ուզում նշել՝ որպես հնարավոր գործընկեր:

- Մոտ ժամանակներում կամփոփվեն քննարկումները, եւ հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image