Քաղաքականություն

Ավինյանը «ջոկեց», տարոսը՝ մյուսներին

Ավինյանը «ջոկեց», տարոսը՝ մյուսներին

Այո, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ սուր հոտառություն ունի: Նա իր այս քայլով կանխեց Փաշինյանի` «դիմումդ գրի, գնա» լակոնիկ SMS-ը: Իսկ ի՞նչ արեց Ավինյանը: Նա հայտարարեց, որ իր անձնական միջոցներից կփոխհատուցի ԱՄՆ կատարած ճոխ այցի ծախսերը: Ես կասեի՝ սա Ավինյանի կողմից ասպետական քայլ է, եթե չլինեին թերթերի աղմկահարույց հրապարակումներն այդ ծախսերի մասին: Եվ ուրեմն պարզ հարց է առաջանում՝ Ավինյանը կանե՞ր այդ քայլը, եթե թերթերն աղմուկ չբարձրացնեին: Կարող էր, չէ՞, Ավինյանը մտածել, որ Նիկոլն էլ է թերթ կարդում, Նիկոլն էլ է գործուղում գնում, կնախանձի, կկատաղի ու SMS կգրի իրեն: Մտածել ու հնարը գտել է՝ ես էդ փողն իմ ջեբից կտամ:

Բայց փողը դեռ մի կողմ: Իսկ ի՞նչ անել Երևանին ու երևանցիներին ոչինչ չտված այցի հետ: Բա մի ամբողջ պատվիրակությամբ հասնես հայաշատ Լոս, որտեղ Նիկոլն ամենամեծ ընտրազանգվածն ունի, ու խայտառակվե՞ս: Թե բա եկեք ձեզ հայավարի պատիվ տամ՝ Լոսի պաշտոնյաներին ասել է Ավինյանն ու ամենաթանկանոց ռեստորանը փակել… Զանազան խմիչքներ, խորտիկներ, կենդանի երաժշտություն, կուպեներ… Ասում են այդ ռեստորանում Թրամփն ընդամենը մեկ անգամ է ճաշել, այն էլ իր նախընտրական շտաբի միլիարդանոց բյուջեի հաշվին: Ավինյան, բա դու հույսդ ինչի՞ վրա էիր դրել, Երևանի ծակ բյուջեի՞: Հայաստանի մամուլն էլ, հո գիտեք, հայաշատ Լոսում լիքը աչք ու ականջ ունի: Լուրը հասավ տեղ ու… Մե պայթյուն, մե բան… Մի քանի օր առաջ Ավինյանը չէ՞ր, որ բյուջեի քննարկման ժամանակ Երևանի համար փող էր մուրում ֆիննախից… Ավինյանի մուրալն էլ տեսել եք՝ մուննաթով, բանով: Խեղճ նախարարը շշկռվել էր:

Այո, Ավինյանի Լոս Անջելես կատարած այցի շուրջ աղմուկն իսկապես կատարյալ էր: Վստահ եմ՝ լուրը նաև Նիկոլին հասավ: Եվ ինչո՞ւ միայն Նիկոլին: Լուրը հաստատ նաև Աննային է հասել… Ինչպիսի՜ անկրթություն, այդքան փող «ցփնելու» և ոչինչ չանելու փոխարեն մի՞թե չէր կարելի թիվ մեկ «հիմնադրամին» մի կլորիկ գումար հատկացնել: Եվ պատկերացրեք՝ հնարավոր է, որ հարցը հենց սրանից է ավելի բարդացել: Գիշերն անկողնում Նիկոլին բզել է.
-Այ տղա, դու թերթ չես կարդո՞ւմ, չես լսե՞լ քաղաքապետդ ինչ կայֆերի մեջ է ԱՄՆ-ում:
-Կարդում եմ, հետո՞…
-Բա որ կարդում ես, ինչո՞ւ ես փետի պես պառկել, ոչինչ չես ձեռնարկում:
-Էս գիշերվա կեսին ի՞նչ ձեռնարկեմ, ախչի:
-Ո՞նց թե ինչ ձեռնարկեմ… SMS գրի:
-Շուտ է, Աննա… Դու էս գործից լավ չես հասկանում: Եթե հիմա գրեմ, ԱՄՆ-ից հետ չի գա: Թող գա Երևան, տես՝ գլուխն ինչ եմ բերում…

Եվ Ավինյանը, Երևան գալուն պես, սկսեց ամեն ինչ անել, որ ճակատագրական SMS-ը չգրվի: Առաջին քայլով նա հետաձգեց տրանսպորտի թանկացման հիմարությունը, վստահ, որ երևանաբնակ ժողջանը դա կգնահատի որպես Նիկոլի հրաման: Լավ «տրյուկ» էր, գեղեցիկ պոպուլիզմ, ամանորյա նվել լյումպենին… Իսկ ի՞նչ անել լոսանջելեսյան տուրնեի հետ, ինչպե՞ս բացատրել այդ ճոխությունը: Մտածեց, մտածեց և, ինչպես արդեն ասացի, որոշեց ծախսը փոխհատուցել սեփական գրպանից: Կեցցես Ավինյան, զարմացած եմ քո քաղաքական հոտառության վրա: Դու բացեցիր ճանապարհը: Այսուհետ բոլոր պաշտոնյաները կսկսեն գործուղման մեկնելուց առաջ երկու անգամ մտածել: Ալեն Սիմոնյան, սա քեզ էլ է վերաբերվում, որովհետև դու էլ սիրում ես հատկապես էկզոտիկ երկրներ այցելել, որոնցից օգուտ չկա, բայց կայֆերը շատ են, ծախսերն էլ մեծ: Բա գնացել Հնդկաստանում փիղ ես քշել… Քեզ հարց չե՞ս տալիս՝ Նիկոլն ու Աննան էդ հնարավորությունն ունե՞ն: Դու SMS-ից չե՞ս վախենում: Դե ուրեմն՝ Ավինյանի պես քսակդ բացիր և փոխհատուցիր էդ փղի ծախսերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image