Հասարակություն

Թռնո՞ւմ եք

Թռնո՞ւմ եք

Ի՞նչ կարող է նշանակել Nikol@company ՍՊԸ-ի համատեղ, ես կասեի՝ բիրիքով երկարատեւ արձակուրդ մեկնելը: Սա ակնհայտորեն ստանդարտ իրավիճակ չէ: Ինչպե՞ս կարելի է երկիրն այսպես «բրախել» ու գնալ հետույքներն արեւին տալու: Մհեր Գրիգորյանը գիտի՞ այդ մասին: Ինքն այնտեղ քրտինքի մեջ կորած՝ սահմանազատում-սահմանագծում է անում, իսկ սրանք՝ Նիկոլի գլխավորությամբ, բիրիքով արձակուրդ են գնում: Մի օր չէ, երկու օր չէ… Մոտ մեկ ամսով են գնում ու հնարավորինս հեռավոր երկրներ, ուր ո՛չ հեռախոս է բռնում, ո՛չ մեսինջեր, ո՛չ վայբեր, ո՛չ վոթսափ: 
Նիկոլը, ասում են, ոչ այն է՝ Իռլանդիա է մեկնելու, ոչ այն է՝ Շոտլանդիա: Աշխարհի ծերն ա… Ու Մհեր Գրիգորյանն ինչպե՞ս պետք է պեղի նրան, երբ Ադրբեջանը նորանոր տարածքային պահանջներ ներկայացնի:

Ալեն Սիմոնյանն էլ է մեկնում արտերկիր: Ո՞ւր՝ չի ասել: Միայն այն գիտեմ, որ կանչել է տեղակալներին՝ Ռուբինյանին ու Արշակյանին, եւ կարգադրել՝ ես մոտ մեկ ամիս չեմ լինի, դուք ծաղիկ ա, բան ա՝ հերթով կջրեք, մինչեւ գամ: Այդ ընթացքում կապ չի լինի նաեւ Ալեն Սիմոնյանի հետ:

Ամենաթափանցիկն ու միեւնույն ժամանակ ամենաանորոշը նախագահ Վահագն Խաչատուրյանի արձակուրդն է: Մեր տեղեկություններով՝ նա երկար չի լռվելու Քոբուլեթիում կամ Ուրեկիում: Նրա աշխատակազմն ուշիուշով հետեւելու է ՄԱԿ-ի թաղման բյուրոյի հայտարարություններին: Բանն այն է, որ այդ կառույցի հաշվարկներով՝ 2024թ. երկրորդ կեսին մեծ թվով թագավորներ, թագուհիներ, նախագահներ եւ անգամ վարչապետներ են մեռնելու, որոնց թաղմանը Վահագն Խաչատուրյանը չի կարող չգնալ: Այդ բարձրաշխարհիկ եւ բարձրաստիճան մահերից յուրաքանչյուրը, հասկանում եք, ոնց որ ֆուտբոլի եզրափակիչ լինի, ու պետք է անպայման մասնակցել:

Այս ընթացքում երկիրը կղեկավարի Վահագն Ալեքսանյանը, որ ՔՊ-ի ժողովներում Նիկոլի կողքին է նստում: Նրան կօգնեն Արփի Դավոյանն ու Լուլուն: Խոշոր հիպոտեք ունեցող ՔՊ-շնիկները Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ ազատ կլինեն մինչեւ հաջորդ պարգեւատրման օրը: Իսկ թե երբ կլինի դա, ոչ ոք չի կարող ասել, քանզի Ալեն Սիմոնյանը հստակ չի նշել իր վերադարձի օրը:

Եթե երկրի ղեկավարության արձակուրդային այս տենդի մասին իմ կարծիքն եք ուզում իմանալ, կարող եմ ասել, որ ես մի բան էլ ուրախ եմ: Նիկոլի, Ալենի, Վահագն Խաչատուրյանի՝ երկրից բացակայելու ամեն մի օրը տոն է ինձ համար: Այսօր Մյասնիկյան պողոտայով մի շնչում գործի եմ հասել: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ ուրախություն ու հաջողություն է: Ճանապարհին նույնիսկ Սուրեն Պապիկյանի էսկորտը չեմ տեսել: Հանրապետության հրապարակում, գոնե նմուշի համար, ոչ մի ոստիկանական հատուկ մեքենա չկար կանգնած: Ավտոբուսատիպ ֆուրգոններ ունեն, չէ՞, որոնցով մեզ բերման են ենթարկում. մեկ հատիկ անգամ չտեսա: Կարծես Սերժի ժամանակները հետ էին եկել… Բա ոստիկանությո՜ւնն ինչքան հանգիստ է՝ ոնց որ Աստծու գառներ: Մի քիչ պարեկներն են աղմկում իրենց սուլիչներով, բայց դա ոչինչ, սովորության հարց է եւ շուտով կանցնի: Մի խոսքով՝ սրանք ինչքան ուշ վերադառնան, այնքան լավ:
Մի հարց էլ կա, որի մասին չխոսեցինք: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում բացառել նույնիսկ ամենաանհավանական տարբերակը՝ սրանց ընդմիշտ արձակուրդում մնալը, այսինքն՝ արձակուրդից չվերադառնալը:

Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի համար դա լավագույն տարբերակը կլիներ: Պատկերացրեք՝ Նիկոլն այլեւս չկա, թռել է: Ո՞ւմ պետք է պահանջներ ներկայացնի Ալիեւը: Ալենի՞ն: Ալենն էլ չկա, թռել է: Վահագն Խաչատուրյանի՞ն: Նա էլ թաղման է, մինչեւ բարձրաստիճան մեռելը թաղե՜ն, մինչեւ հետ գա՜… Կարճ ասած՝ Ալիեւին հեչ ձեռնտու չէ սրանց թռնելը: Իսկ ինչ ձեռնտու չէ Ալիեւին, բնականաբար, ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Դրանում երկու կարծիք լինել ուղղակի չի կարող: Մի անհարմարություն կա միայն: Մենք չենք կարողանա Նիկոլին ու մյուսներին դատել, եթե նրանք այլեւս չվերադառնան: Դրսերում այնքան հովանավոր ունեն, որ էլ՝ սուս: Կհայտարարեն, որ Նիկոլն ու նրա հետ փախածները քաղհալածյալներ են, ու դրանով հարցը կփակեն: Դե եկ ու սրանից հետո քամի ման արի անապատում:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image