Հասարակություն

«Հրապարակ». Ապահովագրությամբ բուժվել ցանկացողներին առաջարկում են սպասել

«Հրապարակ». Ապահովագրությամբ բուժվել ցանկացողներին առաջարկում են սպասել

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: Ինչպես հայտնի է, առաջնային կարգով դրանից օգտվելու են պետության կողմից ապահովագրվողները՝ մինչեւ 18 տարեկանները, 65 պլյուս տարիքի անձինք եւ 18-65 տարեկան հաշմանդամության խումբ եւ սոցիալական անապահովության 28 բալից ավելի ունեցողները: Ինչպես նաեւ՝ 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող անձինք, որոնք հենց այս տարվանից ապահովագրության վճար են մուծելու: Իսկ ապահովագրության փաթեթը ներառելու է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ եւ այլն: Ամեն ամիս ապահովագրական վճարը պահվելու է նախորդ ամսվա աշխատավարձից: Հունվարի համար շահառուներն արդեն սկսել են վճարել: 

Հիշեցնենք․ 10 հազար 800 դրամ ամսական վճարից 6 հազարը սուբսիդավորելու է պետությունը: Նախաձեռնությունն անհրաժեշտ է եւ նույնիսկ ուշացած, պետք է ամեն ինչ անել՝ դրա իրագործմանն աջակցելու համար․ այս կարծիքին է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, որը սովորաբար անխնա քննադատում է նախարար Ավանեսյանի գործունեությունը: Սակայն նա շեշտում է, որ հունվարից օրենքը կարող է գործել միայն մասամբ: «Օրենքն ունի միջանկյալ դրույթներ, որոնք ասում են, որ մինչեւ 6 ամիս ենթաօրենսդրական դաշտի ձեւավորման պրոցես է լինելու: Ըստ էության՝ այս վեց ամիսը ներդրման փուլն է, չնայած դա չեն հայտարարում: Մոտ 12 կառավարության որոշումներ կան, որոնք ընդունվել ու հաստատվել են դեկտեմբերի վերջին ու ուժի մեջ են մտել հունվարից: Բայց միայն հաստատելը չէ, դրանք պետք է գնան հասնեն մինչեւ ավագ, միջին անձնակազմին, մոտ 28-30 հազար բուժաշխատողների, որ նրանք հասկանան, թե ինչ է արվելու, ինչն է փոխվելու, «Արմեդում» ոնց են լրացնելու եւ այլն», - ասում է Ծաղիկ Վարդանյանը: Նա կապի մեջ է պոլիկլինիկաների հետ, դժգոհություններ այս պահին չկան, դեռ այդ փուլին չեն հասել, բայց ապահովագրությամբ բժշկական ծառայություն ստանալու համար դիմողներին բուժհաստատությունների աշխատողները հաճախ են առաջարկում սպասել, քանի որ կան իրենց համար անհասկանալի պահեր: «Քանի որ ընդհանուր վճարները պակասելու են, այս փուլում դիմողները, եթե դեպքը շտապ չէ, հիմնականում համաձայն են սպասել»: 

Հիմա մարդը եթե գնա պոլիկլինիկա, նրան մատուցելո՞ւ են այդ ծառայությունները, թե՞ դեռ չեն կարող: «Այն ծառայությունները, որոնք 2025 թվականին պետպատվերով տվյալ բուժհաստատությունն իրականացնելու էր, դրանք մատուցվելու են, բայց նրանք, որոնք պետք է ավելացվեն՝ հետազոտությունները եւ այլն, դեռ ոչ: Կարելի է ասել, որ այս փուլում ապահովագրական գործունեությունն իրականացվում է միայն պետպատվերի ծավալով, այլ բան այս փուլում հնարավոր չէ: Համավճարը, օրինակ, պետք է հաստատի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը նոր է ստեղծվում: Տարբերությունը պետպատվերի ծրագրից՝ շահառուների մեծ թվերն են․ բարձր տարիքի շահառուները, որոնք ներառված չէին արտոնյալ խմբերում, հիմա ներառված են, երրորդ խմբի հաշմանդամները եւ այլն», - պատասխանում է փորձագետը:  

Նրա կարծիքով, ավելի ճիշտ կլիներ նախ փոքր ծավալով պիլոտային ծրագիր անել, բայց ընտրվել է ավելի մասսայական ձեւաչափ, եւ մինչեւ հունիս դեռ բազմաթիվ շտկումներ են սպասվում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image