Քաղաքականություն

Պարծենկոտ որսորդն ու արջը

Պարծենկոտ որսորդն ու արջը

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն այսօր ժպիտ են առաջացնում շատերի դեմքին: Հայաստանը՝ ՀԱՊԿ անդամ երկիրը, պատկերացնո՞ւմ եք, սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: ՆԱՏՕ-ին Թուրքիայի (իներցիայով նաև Ադրբեջանի) անդամակցության ֆոնին դա նույնիսկ զավեշտալի է, բայց ի՞նչ արած, դա այն է ինչ ունենք այսօր: Փաշինյանը չի՞ մեր երկրի ղեկավարը: Եվ ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, երբ բոլորը ծիծաղում են մեզ վրա: Ու գիտե՞ք, թե ինչն է նաև շատ հետաքրքիր: ՀԱՊԿ-ն իր հարաբերությունները չի սառեցնում Հայաստանի հետ: ՆԱՏՕ-ն սառեցրել է, ԵՄ-ն սառեցրել է, Ճապոնիան ու Ավստրալիան սառեցրել են, բայց ՀԱՊԿ-ը չի սառեցնում ու չի սառեցնում:
ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի սառելը այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ներկայացնում է որպես Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության որոշում, բայց և նշում, որ այդ որոշումը ոչ մի կերպ չի կարող ազդել ՀԱՊԿ-ի աշխատանքների արդյունավետության վրա:

Իր խոսքով՝ «Հայաստանի չմասնակցելը կազմակերպությունում քննարկվող հարցերին չի ազդում մեր աշխատանքի արդյունավետությանը։ Ամեն դեպքում, ելնում ենք այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին լիարժեք մասնակցությանը։ ՀԱՊԿ-ի անդամների կողմից որևիցե առարկություններ կամ խոչընդոտներ չկան։Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունն, այնուհանդերձ, կմիանա մեր կազմակերպության աշխատանքներին»: Ինչպես տեսնում եք, մարդն ասում է, որ իրենք Հայաստանի հանդեպ չեն սառել, և Հայաստանը, ինչպես միշտ, իրենց հետաքրքրում է: Ուշադիր կարդանք. «Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»: Սա արդյոք, չի՞ նշանակում, որ ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարության որոշումը իրենց համար որևէ նշանակություն չունի, իսկ Հայաստանն իրենց «դաշնակիցն» է և վերջ:

Վերնագրում ես հենց այս մասին եմ ակնարկել: Հիմա կհասկանաք: Մեր հարևան գյուղերից մեկում, Չատի անունով մի որսորդ կար: Էս Չատնի անունը թնդում էր սաղ ձորում, նրա շնորհքի մասին առասպելներ ու պատմություններ էին պտտվում շրջակա գյուղերում, մարդիկ ախ էին քաշում, որ գոնե առիթ ունենան ծանոթանալու նրա հետ: Աշնան մի օր լուր է տարածվում, որ Չատին որոշել է մերկ ձեռքերով մի չաղ արջ բռնել ու բերել գյուղ, որ սրա յուղից ճրագու սարքեն, գիշերները գոմի մոտ վառեն, լույս լինի:

-Չատի ջան, ինչ գործ ունես, ինչ կենդանի արջ, չես կարո՞ղ արջին խփել, հետո բերել գյուղ,- նեղսրտում են գյուղի մեծերը:
-Չէ, խփած արջ ով ասես՝ կբերի… Ինձ Չատի չասեն, որ արջը սաղ-սալամաթ չբերեմ:
Վեր են կենում՝ Չատին, հետն էլ մի քանի հրացանավոր, գնում են արջատեղ: Չատին առաջինն է նկատում տանձքու տակին շարժվող գազանին: Դառնում է տղերքին.
-Դուք ըստի սուս կացեք, ես գնամ դրան բռնեմ:
Գնում է: Արդեն հասած է լինում տանձքուն, մեկ էլ արջը նկատում է նրան: Մարդն ու արջը կանգնում են իրար դեմ: Առաջինը արջն է գոռում: Տղերքն էս որ տեսնում են զարմանքից քարանում են՝ մալադեց Չատի, տեհա՞ք ոնց արջի գոռոցը հանեց: Բայց մի քիչ հետո սկսում է գոռալ Չատին:
-Չատի՞, Չատի՞, ի՞նչ կա, այ տա,- տղերքը խառնվում են իրար…
Տղերքը հետո գյուղում պատմում էին, թե ոնց են արջն ու Չատին կող բռնել.
-Էդ անտերը մեր Չատնին խտտեց ու սկսեց գրկի մեջ ջարդել: Բայց Չատին էլ տակ չմնաց՝ հո չէր գոռում, հո չէր գոռում արջի վրա: Ձեն տվինք՝ Չատի՜, այ տղա բրախի դրան, թող կորչի, բրախի՜, բրախի՜… Բայց Չատին մեզ չէր լսում: Վերջը թե ոնց եղավ Չատին նորից լեզու առավ.
-Ա ես բրախըմ եմ, է, ինքը չի բրախըմ…

Պատմում էին ու խնդում, խնդում էին ու պատմում՝ բայց Չատնի աչքից ու ականջից հեռու: Համբավն այդպիսի բան է, բա ի՞նչ էիք կարծում:

Հիմա գանք մեր Չատնին, որ մերկ ձեռքերով ՀԱՊԿ-ի դեմ է ելել, ուզում է փլուզել կառույցը, բայց արջը բռնել է, բաց չի թողնում: Ասում է՝ չէ որ չէ, դու իմ դաշնակիցն ես, ու ես պարտավորություն ունեմ քո հանդեպ: Ո՞վ է թողնո՞ւմ, որ սառի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image