Քաղաքականություն

Ո՞վ չի բերել Նիկոլին

Ո՞վ չի բերել Նիկոլին

Հաճելի է, երբ լուրջ թեմայով հոդվածն սկսվում է խաղարկային մի փոքրիկ դրվագով: Ցանկալի է՝ կոմիկական: Իսկ եթե հոդվածագիրն այդ շնորհքը չունի, գոնե մի բան պետք է պատմի ՔՊ-ական իշխանության եւ այդ իշխանությանը շրջապատող հանրության փոխհարաբերությունների մասին: Ու քանի որ ես ամենամեծ ցանկության դեպքում էլ Հակոբ Պարոնյան կամ Երվանդ Օտյան չեմ դառնա, կփորձեմ բացը լրացնել Նիկոլ Փաշինյանի եւ մեր հարեւան Շմավոնի փոխհարաբերությունների մասին մի խոսուն պատմությամբ: Պատկերացնո՞ւմ եք, ես երեկ միայն իմացա, որ մեր հարեւան Շմավոնը Նիկոլի հանդեպ մի այնպիսի «լիչնի նեպրիյազն» ունի, որ ավտոբուս նստելիս, մինչեւ չի համոզվում, որ Նիկոլն այդ ավտոբուսում չէ, չի նստում: Հարցրի՝ Շմավոն, ինչո՞ւ, մի պատճառ պետք է լինի, չէ՞: Շուռ եկավ, թե՝ ուրեմն էսքան բանը հեչ, մի հատ էլ առանձին պատճառ ես ման գալի՞ս…

Իսկ հիմա՝ լուրջ թեմայով հոդվածը… Մենք ե՞րբ սկսեցինք հետաքրքրվել, թե ով բերեց Նիկոլին: «Մենք» ասելով՝ նկատի չունեմ չափից ավելի ինֆորմացված մեր հայրենակիցներին: Մենք՝ այսինքն մեր լայն հասարակությունը՝ ես, դու, նա, Պողոսը… Երբ Նիկոլը դափնիների պակաս չուներ, ո՞ւմ էր հետաքրքիր, թե ով է բերում նրան: Ոչ մեկին: Սովորական, շարքային ընդդիմադիր տղա էր, գալիս էր, մենք էլ ուրախանում էինք, որ մեր երկրում վերջապես ախմախ հեռուստասերիալներից տարբերվող մի բան է տեղի ունենում: Ինչեւէ, եկավ-եկավ, դարձավ վարչապետ: Ես այդ սերիալների վրա կանգ չեմ առնի, քանզի մեզ հետաքրքրող հարցը ծագել է ավելի ուշ: Ես կասեի՝ այդ հարցը ծագեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ավելի քան 2,5 տարի «հղի էր» վարչապետի պաշտոնով: Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո:

Հենց իմացանք, որ սերիալի միջի տղեն՝ Նիկոլ Փաշինյանը, կապիտուլացվել է, սկսեցինք իրար ականջի փսփսալ, հետաքրքրվել, թե ով բերեց սրան: Նիկոլի հետեւում ականջներ որոնելու գործընթացն սկսվեց հենց այդ ժամանակ եւ ավելի սաստկացավ, երբ մեր երբեմնի «ընդունելի հերոսը» Պրահայում վերջնականապես փակեց Արցախի էջը: Ուշադրություն եմ խնդրում՝ փաստ եմ արձանագրում. Հայաստանում ոչ մի Պողոս ինքն իրեն այդ հարցը չի տվել շահադիտական նպատակներով: Կարող էր, չէ՞, այդպես էլ վարչապետ չդարձած Պողոսը հետաքրքրվել՝ էս ո՞վ ա, արա, ո՞վ բերեց սրան: Բայց ոչ, մեր ամենաանգրագետ Պողոսն էլ այնքան գիտակցություն ուներ, որ հասկանում էր՝ վարչապետի հարցում «սա» իրենց խաբել է… Բայց, այ, հենց սերիալի միջի տղեն պարտվեց 44-օրյա պատերազմում եւ սկուտեղի վրա Արցախը տվեց, Պողոսը զգաստացավ, Պողոսը սկսեց անընդհատ հետաքրքրվել, թե ով բերեց «սրան»:

Պողոսի համար դա շատ բարդ հարց է, ու դա է թերեւս պատճառը, որ այս հասարակ հարցի ամենաշատ պատասխանները հենց Պողոսն ունի՝ անգլիացիք բերին, ԱՄՆ դեսպանատունը բերեց, գերմանացիների մատն է խառը, սաղ Պուտինն ա մեղավոր… «Վարիանտներն» ավելի շատ են՝ ջհուդները, Էրդողանը, Ալիեւը, Ավստրալիայի կենգուրուները… Այսպես ժամանակն անցնում էր, իսկ մեր էն չափից ավելի տեղեկացված տղերքն էլ մի խելքին մոտ բան չէին ասում, որ Պողոսը վերջապես հասկանար՝ ով բերեց Նիկոլին: Ավելին ասեմ՝ այս հարցում չափից ավելի տեղյակներն այնպես խառնեցին խաղաթղթերը, որ ոչ միայն Պողոսը խճճվեց, այլեւ Նիկոլը: Մարդն ԱԺ ամբիոնից իրեն բերողների այնպիսի անուններ հնչեցրեց, որոնք, կարելի է ասել, իրեն բերելու հարցում Ավստրալիայի կենգուրուներից ավելի քիչ ներդրում ունեն: Ռոբերտ Քոչարյանը մի բան ասաց, Սերժ Սարգսյանը՝ մի ուրիշ, առաջադեմ քաղաքական փիլիսոփաներն էլ մեղքը գցեցին «անցյալի սխալների» վրա, ու…կաշը գնաց: «Մի կաթիլ մեղրը» կարդացել եք, չէ՞: Էն, որ աշխարհն ավերվում է, ու ոչ ոք չի իմանում, թե ինչու ավերվեց: Հիմա մենք «Մի կաթիլ մեղրի» վերջին ստադիայում ենք: Երկիրը, ժողովուրդը, պետությունը ոտի տակ ընկած՝ չգիտենք, թե ինչու այդպես եղավ, չգիտենք, թե ով արեց, չգիտենք, թե ով բերեց «սրան»: Եվ ամենակարեւորը՝ քանի որ «նատուրայով» հայ ենք, մինչեւ չիմանանք՝ ով է «սրան» բերել, ոչ մի քայլ չենք անելու «սրանից» ազատվելու, երկիրն ու պետությունը փրկելու ուղղությամբ: Բա մի հատ չպարզե՞նք՝ ով բերեց Նիկոլին, ով բան արեց եւ ով պետք է գնա սանատորիա:

Պողոս ջան, ով էլ բերած լինի Նիկոլին, ով էլ մեծագույն մեղավորը լինի այս գործի, միեւնույն է, դու չէ, որ պետք է գնաս սանատորիա: Հետեւաբար՝ բա քեզ պե՞տք ա իմանալ՝ ով բերեց: Եվ, ուրեմն, սիրելի Պողոս, շատ էլ մի բզբզիր այս պատմությունը, որովհետեւ կարող է պարզվել, որ դու ես դա արել՝ քո «կոտրած» ձեռով՝ ընտրություններին քվե տալով: Ի դեպ, թե՛ Նիկոլը եւ թե՛ ՔՊ-ն ավելի շատ հակված են հենց այդ տարբերակին: Առիթը բաց չեն թողնում կրկնելու՝ մեզ պողոսներն են բերել:

Հիմա, երբ բոլորն արդեն մեր հարեւան Շմավոնի չափ «լիչնի նեպրիյազն» ունեն Նիկոլի հանդեպ, ես առաջարկում եմ մի թեթեւ մոնիթորինգ անել քաղաքական դաշտում եւ սեփական աչքով համոզվել, թե չափից ավելի տեղեկացված քաղաքական ուժերից ու անհատներից ով է ամենաքիչը խոսում Հայաստանի գլխին «Նիկոլ բերելու» առեղծվածից: Այդ մարդուն եւ այդ քաղաքական ուժին այս հարցն ամենաքիչն է հետաքրքրում: Ինչո՞ւ…

ՀԳ. Խոսքը մեր մեջ՝ ես էլ առանձնապես հաստատ չգիտեմ, թե ով էս ազգակործան պատուհասը բերեց մեր գլխին: Ու թերեւս սա է պատճառը, որ բավարարվեցի վերնագրում բարձրացված համեստ հարցադրումով:

ՀԳ1․ Հոդվածն արդեն պատրաստ էր, որ իմացա՝ Նիկոլն այսօր մետրո է նստել… Շմավո՜ո՜ո՜ն, մետրո նստելիս էլ զգույշ կլինես, վագոնների պարունակությունը մի լավ կստուգես, հետո…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image