«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստի-ն։
Պաշտոնյայի պնդմամբ, TRIPP նախագիծը դեռևս «զրոյական փուլում» է, իսկ երթուղու հեռանկարները դեռ պետք է հաշվարկվեն։ Նրա խոսքով, միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն նման նախագծում ներդրումներ է անում միայն տնտեսական օգուտի համար։
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ներկայումս ապրանքների փոխադրումներն ընթանում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով։ Այն ծանրաբեռնված չէ և արդիականացվում է։
Բացի այդ, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից նույնպես ժամանակակից ավտոճանապարհ է կառուցվում։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ աշխատանքներն արդեն մեծամասամբ կատարված են։
«Ակնհայտ է նաև, որ ամերիկացիները, նույնիսկ եթե ներդրումներ անեն «Թրամփի միջանցքում», այստեղ կարող են նաև այլ խնդիրներ ունենալ։ Իմ կարծիքով դա ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է իրանական սահմանների մոտ»,-ասել է Շևցովը ՍՊՄՏՀ-2026-ի ընթացքում Հարավային Կովկասին նվիրված ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն սիրում է պահպանել ու պաշտպանել իր ներդրումները, և չի բացառել, որ այդ նպատակով «Թրամփի ուղում» կարող են մասնավոր ռազմական ընկերություններ հայտնվել։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Նախօրեին էլ՝ հունիսի 4-ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է փաստաթուղթը, որի տակ արդեն առկա էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությունը։