Մշակույթ

«Հրապարակ». 4 տարի անց Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել ռեկտորի ընտրությունը

«Հրապարակ». 4 տարի անց Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել ռեկտորի ընտրությունը

Վերաքննիչ դատարանը բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի վերաքննիչ բողոքը եւ անվավեր ճանաչել 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ՝ մարտի 15-ին) տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Համալսարանի նախկին դասախոս, 2021-ի ընտրություններին ռեկտորի պաշտոնի հավակնորդ Դավիթ Ղազարյանն ասում է, որ Վերաքննիչ դատարանը, Պոլիտեխնիկի պատմության «ամենախայտառակ ռեկտորի ընտրությունների» կազմակերպումից ուղիղ 4 տարի անց, կայացրել է վճիռ եւ անվավեր ճանաչել ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին կառավարության որոշումը:

Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ թեպետ առաջին ատյանի դատարանն իր հայցը 3․5 տարի քննել ու մերժել էր, բայց ինքը դրանով չէր բավարարվել եւ բողոքարկել էր Վերաքննիչ դատարան. «Իսկ դա նշանակում է, որ այդ որոշումը բեկանում է առաջին ատյանի որոշումը, բայց դեռ մեկամսյա ժամկետ կա, եւ թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Այսինքն՝ վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ մեկ ամիս կա, եւ պատասխանող կողմը դեռ ժամանակ ունի բողոքարկելու»։

Ի դեպ, որպես պատասխանող ու 3-րդ կողմ՝ այս գործընթացում ընդգրկված է նաեւ կառավարությունը, քանի որ, որպես հետեւանք, չեղարկվելու է հենց կառավարության համապատասխան որոշումը։ «Կառավարությունը ներկայացված էր ի դեմս ԿԳՄՍՆ իրավաբանի, որը մե՛կ գալիս էր դատերի, հետո ինչ-որ մի պահի չէր գալիս։ Ինչպես նաեւ, որպես 3-րդ անձ, ռեկտորն է ներգրավված եղել, որն այս դեպքում պատասխանող կողմ չէր, քանի որ իր իրավունքներին առնչվող գործ էր, բայց ինքը չի եկել որեւէ նիստի․․․»,- ասում է Դ․ Ղազարյանն ու նկատում։ «Այսօրվանից կարող եք համարել, որ Պոլիտեխնիկը չունի ռեկտոր, չնայած փաստացի չի էլ ունեցել»։

Դատարանն ամրագրել է, որ ընթացակարգային խախտումներ են եղել, որոնք ուղղակի ազդել են ընտրության արդյունքների վրա, եւ դա մանրամասն շարադրվել ու տեղադրվել է նաեւ Դատալեքսում։ Այսպես, օրինակ․ «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Հ․ Մուսայելյանը, չլինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, ուղղակի մասնակցություն է ունեցել քվեաթերթիկների վավերության հարցի լուծմանը, ինչը բացառապես հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն է։ Այսինքն՝ վկայի ցուցմունքից բխում է, որ մինչեւ հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կազմումը երկու քվեաթերթիկների վավեր-անվավերության հարցերի պարզման ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահը մուտք է գործել սենյակ, ինչն առնվազն երրորդ անաչառ դիտորդի համար կասկածի տակ է դնում իրականացված գործողությունների անկողմնակալությունը, քանզի տեղի է ունեցել «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում: Սա էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված եւ անկախության բոլոր երաշխիքները, հետեւաբար, բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նաեւ նշել, որ Կարգի 39-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը եւ անդամները։ Սա իմպերատիվ կանոն է, ինչը նշանակում է, որ եթե հաշվիչ հանձնաժողովի նախագահը եւ անդամները չեն ստորագրել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, ապա նման արձանագրությունն իրավական առումով համարվում է գոյություն չունեցող, իսկ առանց արձանագրության չեն կարող հաստատված համարվել քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ մրցույթում հաղթող չէր կարող որոշվել։ Սույն գործում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ստորագրված է հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամներից միայն երկուսի՝ Անի Սիմոնյանի եւ Վարդան Պետրոսյանի կողմից։ Ստացվում է մի իրավիճակ, որ ի սկզբանե ձեւավորվում է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի կազմ, սակայն ընտրությունների արդյունքներն ամփոփում է, ի վերջո, նրանցից միայն երկուսը, իսկ նման խախտումն առանձին, ինքնուրույն եւ բավարար հիմք է՝ անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված խախտումները բավարար են համալսարանի ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու եւ բողոքի այլ հիմքերին չանդրադառնալու համար»։
Հիշեցնենք, որ 2021թ․ ռեկտորի ընտրություններից մի քանի ամիս անց՝ պայմանավորված ռեկտորի ընտրությունների կեղծված արդյունքներով, Դավիթ Ղազարյանը դիմում գրեց եւ հեռացավ համալսարանից։ «Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել եւ որեւէ պահանջ չեմ ներկայացրել այս դատական գործում, այսինքն՝ այնպես չէ, որ դատական հայցով պահանջ եմ ներկայացրել նաեւ՝ ինձ վերականգնել իմ աշխատանքում, որովհետեւ իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել, իմ ցանկությամբ էլ հետ կգնամ, բայց այս պահին քանի դեռ լրիվ չի հանգուցալուծվել իրավիճակը, ես իմ հետ գնալը չեմ պատկերացնում»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ այս պահին դեռ որեւէ արձագանք չի եղել ո՛չ կառավարությունից, ո՛չ համալսարանից։            

Ինչ վերաբերում է իր հետագա քայլերին ու գործողություններին, ապա ավելի մանրամասն կներկայացնի մոտ ապագայում․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում ու քաջալերում էին, եւ նաեւ նրանց, ովքեր չէին հավատում եւ ասում էին, որ «մեկ ա՝ ոչինչ չի ստացվի»։ Դա նույնպես պայքարը շարունակելու ուժ էր տալիս»։

Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն անպատասխան թողեց մեր զանգերը, իսկ համալսարանի հասարակության հետ կապերի բաժինը խնդրեց գրավոր ուղարկել մեր հարցումը՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար, քանի որ անտեղյակ էին դատարանի վճռից։ Ի վերջո, օրվա վերջում ՀԱՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեր հարցմանն ի պատասխան հարկ էին համարել պարզաբանել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով․ «Նշվածից հետեւում է, որ խոսքը գնում է օրինական ուժի մեջ չգտնվող դատական ակտի մասին, որի բողոքարկման իրավունքը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կողմից կիրացվի օրենքով սահմանված կարգով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image