Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների եւ հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին եւ դրանից հետո։ Եվ սա՝ այն պարագայում, երբ ադրբեջանական իշխանությունները բաց չեն թողնում որեւէ առիթ` ներկայացնելու, թե իբր իրենք «բացառիկ ներդրում» ունեն ֆաշիզմի դեմ պայքարի ու հաղթանակի գործում, եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կերտած հայազգի հերոսներին ու մարշալներին էլ վերագրվում է «ադրբեջանական ծագում»` այստեղ եւս խեղաթյուրելով պատմությունը։ Ինչպես փոխանցում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, ադրբեջանական կողմի համակարգված վանդալիզմի հերթական դրսեւորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում։
Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաեւ ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումների համար։
Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Սա պատմություն չէ միայն մի որեւէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը, եւ որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարսափները։
Այսպիսի դրսեւորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի պաշտոնյան` Մեհրիբան Ալիեւան, արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։