Հասարակություն

«Հրապարակ»․ Ամիսներ անց վթարի մեղավորը մի քանի էջանոց նամակ է ստանում իր ԱՊՊԱ-ից

«Հրապարակ»․ Ամիսներ անց վթարի մեղավորը մի քանի էջանոց նամակ է ստանում իր ԱՊՊԱ-ից

Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները տարեցտարի թանկանում են: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի վճարները 15%-ով աճել են: Վարորդները մեզ հետ զրույցում ասում են, որ ապահովագրավճարի համար պետք է ներքին եւ վերին շեմ սահմանվի, որ կամայականություններ չլինեն, եւ ամեն ընկերություն որքան ուզենա՝ գինը բարձրացնի։ «Անցած տարվա փետրվարին մեքենայիս ապահովագրության համար վճարել եմ 37 հազար դրամ, մի քանի օրից պետք է վճարեմ, նայեցի, տեսնեմ՝ 44 հազար դրամ է կազմում։ Այսինքն՝ մոտ 20%-ով գինը թանկացել է, չգիտես ինչու: Էսպես թանկացնելով ո՞ւր կհասնեն: Ես դեռ վթար չունեմ, բա վթար ունեցող վարորդները կրկնակի, եռակի կմուծեն: Ասում են, թե իբր վնասով են աշխատում ԱՊՊԱ ընկերությունները: Դա այդպես չի, քանի որ դեպքեր գիտեմ, երբ ընկերությունը մեքենայի փոխհատուցում տալիս է, հետո՝ մի քանի ամիս հետո էն մարդը, որը վթարի մեղավորն է եղել, մի քանի էջանոց նամակ է ստանում իր ապահովագրական ընկերությունից, որի մեջ նշված է լինում. քանի որ դուք 40 րոպեի ընթացքում չեք տեղեկացրել վթարի մասին, ուստի պետք է վճարեք ընկերության կողմից վճարված գումարը: Ի՞նչ է ստացվում, վթար է տեղի ունենում, որոշ վարորդներ կա՛մ չգիտեն, կա՛մ վթարով են ընկնում, ու այդ 40 րոպեն արագ անցնում է, եւ ուշացած են տեղյակ պահում իրենց ապահովագրական ընկերությանը: Արդյունքում՝ մյուս տարի իրենց ապահովագրական վճարը՝ կապված փոխհատուցած վճարի չափից, թանկանում է, հետո էլ, որքան գումար ընկերությունը փոխհատուցում է, այդքան գումար ետ են գանձում վարորդից, անգամ՝ դատարանով: Հիմա հարց․ ո՞վ է վնասով աշխատում: Չկա մի ԱՊՊԱ ընկերություն, որ վնասով աշխատի»,- վրդովված պատմում է 48-ամյա Արմեն Սահակյանը:

 2023 թ. ապրիլի 1-ից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվեց, ըստ այդմ՝ ամեն մի ապահովագրական ընկերություն հնարավորություն էր ստանալու իր սակագինն առաջարկել, բայց որ տարվա ընթացքում երկու անգամ թանկացում կլիներ, նույնիսկ ամենավատատես վարորդները չէին սպասում։

Զանգահարեցինք «Նաիրի ինշուրանս» ընկերություն՝ պարզելու, թե արդյոք փետրվարին թանկացե՞լ են ավտոմեքենաների ԱՊՊԱ-ի վճարները։ «Մեր ընկերությունը պարբերաբար գնային փոփոխություն է իրականացնում, բայց, առհասարակ, հաշվարկ է իրականացնում ԱՊՊԱ համակարգում, եթե վարորդի կողմից բոնուս-մալուս է իրականացվում, իր մեղավորությամբ պատահար է տեղի ունենում, ապա թանկ է վճարում: Վերջին փոփոխությունն ընկերությունում եղել է նոյեմբերին, արժեք չկա, որ տեղեկացնեմ, որ այդքանով թանկացել է»,- ասացին ընկերությունից:

«Արմենիա ինշուրանս» ընկերությունից էլ հայտնեցին. «Գնային փոփոխություններ եղել են, եւ դա պայմանավորված է շուկայում գների ազատականացմամբ: Անցած տարվա ապրիլից սկսած, գներն ազատականացվել են, յուրաքանչյուր ընկերություն ինքնուրույն է որոշում իր գնագոյացման սխեման՝ ելնելով իր վնասաբերության պատմությունից: Տեղեր կան, որ մեր ընկերությունն իջեցրել է գինը, տեղեր կան, որ բարձրացրել է: Հիմա ձեզ ահազանգում են միայն այն հաճախորդները, որ ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է, բնականաբար, այն մասով, որ էժանացել է, չեն ահազանգի»: Կասե՞ք` ի՞նչն է էժանացել, որքա՞ն է էժանացել։ «Այս ամենը կատարվում է հաշվարկների հիման վրա, գործակիցներ են կիրառվում՝ տարբեր չափանիշներից ելնելով՝ մեքենայի մակնիշից, մեքենայի տարեթվից, մեքենայի օգտագործման վայրից: Օրինակ՝ Երեւան քաղաքում գուցե ավելի բարձր է մեր գործակիցը, քան մարզերում, ելնելով նրանից, որ մարզում վթարներն ավելի քիչ են: Մեր հաշվարկները գալիս են վթարների պատմությունից»:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ նաեւ առողջապահական պարտադիր ապահովագրությունը, գուցե դա՞ է պատճառը, որ փետրվարից թանկացավ ավտոմեքենաների ԱՊՊԱ-ն՝ հետաքրքրվեցինք մենք։ «Դա կապ չունի»,- փոխանցեցին ընկերությունից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image