Քաղաքականություն

Իշխանություն ունենք՝ աշխարհը չունի

Իշխանություն ունենք՝ աշխարհը չունի

Գործող իշխանությունը որոշել է ինստիտուցիոնալիզմի հիմքերի վրա դնել պետական պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործընթացը: Ու այդ նպատակով նախաձեռնել է բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրման օրինագծերի ընդունումը: Խոսքը վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց տեղակալների ու խորհրդականների մասին է: Ցանկում ընդգրկված են նաև պաշտոնյաների՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները: Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլի վարչապետության պայմաններում պետք է ստուգվի Նիկոլի բարեվարքությունը: Ի դեպ, այս գործընթացին նախորդել էր այլևս փիս-փիս խոսքեր չասելու՝ ՔՊ կուսակցության Էթիկայի կանոնագրքի ընդունումը: Եթե չեմ սխալվում, դեկտեմբերի սկզբին այդ կանոնների ընդունումից կարճ ժամանակ՝ մեկ-երկու օր, անց իրենց խիստ պոլիտկոռեկտ էին պահել: Իսկ դեկտեմբերի 18-ին Մայր տաճարում տեղի ունեցած իրադարձության ժամանակ նրանց պահվածքին կարող էին «նախանձել» նույնիսկ 20-րդ դարասկզբի ռուս ազնվական օրիորդների դաստիարակները:  
Մի փոքր շեղվենք ՔՊ-ականներից ու ռուս ազնվական օրիորդներից՝ ներկայացնելու կարճ անոտացիա օրերս հրապարակված մի նոր ուսումնասիրությունից՝ իրականացված բրիտանացի գիտնականներից մեկի ղեկավարությամբ: Պարզվել է, որ հայհոյանքն օգնում է մարդկանց ավելի լավ կատարել ֆիզիկական խնդիրները. մասնակիցները հայտնել են, որ իրենց ավելի վստահ և կենտրոնացած են զգում (news.am)։ Նշվել է, որ «հայհոյանքը պարզ և մատչելի միջոց է ավելի կենտրոնացած, վստահ, պակաս շեղված և մի փոքր ավելի վճռական գործելու»։ Ուրեմն, ի՞նչ ստացվեց: Փաստորեն, Էթիկայի կանոնագրքի ընդունումը խոչընդոտել է ՔՊ-ականների բնական վարքագծի դրսևորմանը, ինչը նորմալ համարել չի կարելի: Եթե չլիներ այդ փաստաթուղթը՝ իրենք չէին բավարարվի միայն հայհոյելով ու ձեռքերով Մայր տաճարի դռանը հարվածելով, այլ դա կանեին ավելի բնական ճանապարհով՝ կհարվածեին ոտքերով: Այսինքն՝ ողջ հայության սրբության տաճարի դռանը: Էլ չասած, որ ՔՊ-ական մոտակա գրասենյակից ևս ինչ-որ գործիքներ կհասցնեին, և դուռն էլ ստիպված կհանձնվեր նրանց ողորմածությանը: Իհարկե, նախքան տաճարի ներսից դռան բացվելը:   
Բայց չսահմանափակվենք զուտ բարոյական կողմով, քանի որ բարեվարքության երևույթն ավելի լայն է, ու ներառում է բարձրաստիճան պաշտոնյաների վարքագծի օրինավորությունը: Ասենք՝ կոռուպցիոն ռիսկերից զերծ լինելը կամ գոնե դրանց նվազեցումը: Ինչն էլ պետք է բարձրացներ պետական պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային վստահությունը: Իսկապես, եթե այդ օրենքներն արդեն կյանքի կոչված լինեին՝ ենթաօրենսդրական ակտերով հանդերձ, ապա ԱԺ նախագահ Ալենն, օրինակ, 3 միլիոն դրամի պարգևատրումը կկատարեր օրենսդրական բոլոր նորմերը պահպանելով: Ու այլևս խնդիր չէր առաջանա այդ գործընթացով պայմանավորված՝ վերջինիս բարեվարքության առումով: Իսկ որ այդ առումով խնդիր կա՝ կասկածի ենթակա չէ, քանի որ կատարվել է դասական քաղաքական կոռուպցիայի գործողություն: Եվ իրավիճակի ողջ զավեշտը կայանում է նրանում, որ դա կատարվել է հենց խորհրդարանի ղեկավարի կողմից: Այն պետական կառույցի, որն օրենքներ է ընդունում և այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության վերաբերյալ: Մի խոսքով, իշխանություն ունենք՝ աշխարհը չունի: Ու այդ թվում՝ Ազգային ժողով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image