Հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի հաճախակի է խոսվում «զուգահեռ իրականությունների» մասին, որոնք առկա են մեր կյանքում։ Դա, նախեւառաջ, Հ1-ի Հայաստանն ու իրական Հայաստանն է, երբ Հ1-ի լրատվական թողարկումներով ներկայացվում է «Շվեյցարիայից 5 պակաս» Հայաստան, մինչդեռ իրական Հայաստանը, կարելի է ասել, շատ հեռու է այդ ներկայացվածից։
Ապա՝ դա իշխանություն եւ ժողովուրդ զուգահեռ իրականությունն է, երբ ժողովուրդն այլ օրակարգ ունի, կարծես թե այլ հոգսերով է ապրում, այլ խնդիրներ է համարում առաջնային, իսկ իշխանությունները՝ ներառյալ նաեւ նրա արբանյակները, կցորդներն ու սպասարկուները, բոլորովին այլ։ Այստեղ նաեւ պետք է ներառել կյանքի բարեկեցության մակարդակների արմատական կոնտրաստը։
Մյուսը հանրային շերտերի զուգահեռ իրականությունն է, երբ նույն օրվա մեջ մի տեղ հասարակությունը սգում է սահմանային լարման հետեւանքով ունեցած 4 զոհի մասին, մյուս տեղում ինչ-որ «Սուպեր Սաքո» համերգ է տալիս եւ հասկանալով, որ հաջորդ օրը կարող է հանրային անարգանքի սյունին գամվել, շտապում է Արցախի դրոշով լուսանկարներ հրապարակել կամ բեմից ողջույն է հղում արցախցի եղբայրներին։
Սեպտեմբերի 2-ին եւս մեկ զուգահեռ իրականության ականատես եղանք։ Խոսքը Երեւանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի մասին է՝ ի զորակցություն Արցախի։ Հանրահավաքը ցույց տվեց, որ հայաստանյան հասարակության մեջ դեռ կա բավականին մեծաթիվ մի շերտ, որը դեռ ամբողջապես չի բթացել, չի հիասթափվել ու իրեն նետել անտարբերության գիրկը։ Այս շերտը, կարելի է ասել, ակնկալում է ոչ միայն իշխանության՝ արցախյան քաղաքականության քննադատություն, այլ նաեւ կոնկրետ առաջարկներ, թե ինչպես կարելի է Արցախը դուրս բերել ներկայիս չափազանց բարդ եւ ծանր վիճակից։ Սակայն ընդդիմությունը, որը բավական լավ է Արցախի հանդեպ Հայաստանի իշխանությունների «պիղատոսյան ձեռնլվայի» քաղաքականությունը քննադատելուց, կոնկրետ առաջարկների մասով կարծես թե բան չի ասում կամ դեռ ասելիք չունի։ Ու եթե, օրինակ, զուգահեռ իրականությունների մյուս դրվագներն ինչ-որ իմաստով կարելի է հիմնավորել հասարակության մեջ առկա արժեքային բազմազանությամբ, պետական քարոզչությամբ եւ այլն, ապա այս վերջին դեպքում որեւէ կերպ հարցը դժվար է ընկալվում։ Ու սա՝ այն դեպքում, երբ իշխանությունն իր տարատեսակ խոսափողների միջոցով վտանգի հոտն առել է եւ փորձում է տարփողել ու մարդկանց գիտակցության մեջ մեխել, որ արցախյան հարցը, որպես Հայաստանում իշխանափոխության համար օրակարգային առանցքային հարց, արդեն սպառված է։