ՀՀ կառավարության պերմանենտ պարտությունների շարքը շարունակվում է: Պարտվում է կառավարությունը՝ պարտվում է պետությունը, պարտվում է պետությունը՝ պարտվում է ժողովուրդը: Մենք հիմա շատ նման ենք վարար առվի մեջ ընկած առնետներին, Նիկոլն էլ՝ մեզ հետ: Ջուրը քշում է, ճանկռոտում ենք առվի կողերը, բայց հնար չկա, ջուրը քշում է, չենք կարողանում ափ դուրս գալ: Ջուրը տանում է Նիկոլին, մեզ էլ՝ նրա հետ: Սկզբունքորեն կարելի է ոչինչ չանել, տրվել հոսանքին ու գնալ: Առու է, մի տեղ սկսվել է, մի տեղ էլ կվերջանա: Հալբաթ մի լույս կբացվի, մի սաղր տեղ մեզ կնետենք ափ: Բայց դա ե՞րբ կլինի: Առվի երկու ափերին շարված ազգերը լուրթ հայացքներով հետեւում են մեր ընթացքին: Ձեռք մեկնող չկա, օգնություն կանչող չկա… Ո՞վ ձեռքը կմտցնի առնետներով լիքը առվի մեջ, ո՞ւմ դարդն է կտրվել: Բոլորի մտքինն այն է, որ առուն մեզ քշի-տանի, մկնդեղ բուրող ջրերը զուլալվեն, ու առվի ափերին կրկին խաղաղություն տիրի:
Հայտնի խոսք կա, ասում է՝ խեղդվողի փրկությունը խեղդվողի սուրբ գործն է: Այո, բայց սա մտածող մարդու մասին է, ո՛չ առնետների: Աստված մարդուն մարդ է ստեղծել, առնետին՝ առնետ: Մենք չպետք է առնետ դառնայինք կամ թույլ չտայինք, որ մեզ առնետ դարձնեին: Մարդիկ, ժողովուրդները, ազգերը մեծ ծովերում են լող տալիս, առնետը՝ կոյուղաջրում: Առուն ի՞նչ է, առուն էլ չենք կարողանում հաղթահարել:
Ապագա կա… Ապագան էլ է մարդու համար: Առնետի ապագան ո՞րն է: Ասենք՝ փրկվեցինք մի կերպ, հասանք մի սաղր տեղ ու դուրս եկանք ափ: Հետո՞: Էս ամեն ինչից հետո Նիկո՞լը, թե՞ մենք կդադարենք առնետ լինել: Չէ՞ որ մենք արդեն էն կենդանատեսակի ենք վերածվել, որ իր ձագին թողնում է գայլի երախում ու թռնում: Արցախը… Արցախը մեր ձագն էր, չէ՞, մեր միս ու արյունից: Ինչո՞ւ ուրացանք: Հա, հենց ուրացանք: 30 տարի շարունակ չէինք ուրանում ու հանկարծ ուրացանք: Ինչո՞ւ: Աստված, ախր, մեզ մարդ էր ստեղծել: Էս ի՞նչ արինք: Հրեն, Բաքվում դատում են Արցախի «մնացորդացին»: Արդեն այնքան մարդ չենք, որ մի առնետի ծվվոց էլ չենք հանում: Բողո՞ք… Բողոքն ի՞նչ է: Մա՛րդը կբողոքի, խեղդվող առնետին ի՞նչ, թե Բաքվում ում են մորթում:
Թե էս առո՞ւն ինչու է այսքան երկար: Մի կարգին սելավ աներ՝ վերջանայինք: Քար, ծառ, տիղմ լցներ վրաներս, որ մեր լեշահոտն աշխարհ չբռներ: Աստված երեւի որոշել է մեզ մի լավ տանջել խեղդվելուց առաջ: Առնետն էլ, բոլոր կաթնասունների պես, ստամոքսահյութ ունի: Սոված ենք: Խեղդվել միշտ էլ կհասցնենք, բայց սոված ենք, բնավեր, ուտել ենք ուզում, բնության օրենք է՝ առնետն էլ պետք է ուտի: Նիկոլն արդեն չի կարող խաբել, սուտն այս վիճակում լավագույն կերակուրը չէ: Ճղեք ձեզ, պատռեք, կառավարիչներին տվեք պատերով, փռեք ասֆալտին, եթե, իհարկե, ասֆալտ կգտնեք առվի ջրերի տակ: Ուտելու բան չկա, չի էլ լինելու: Ինչ կար՝ աննկատ ու անհոգ կերել ենք, պարտքն ու օգնությունն էլ կառավարությունն է լափել-վերջացրել: Կառավարությունն էլ է սոված, նա էլ ստամոքսահյութ ունի: Հիմա աչքներս պիտի տնկենք, թե ով մի կտոր հաց կնետի առվի մեջ, որ իրար կծոտելով՝ առաջինը հասնենք այդ լխկած հացի կտորին…
- Այ մարդ, վեր կաց, օրը ճաշ դարձավ…
- Հը, էն ո՞վ ա, առուն, ջուրը, հացը….
- Ի՞նչ առու, այ մարդ, երազի մե՞ջ ես, վեր կաց, ուշացար գործից…
- Գործի ժամանակը չի, թող վերջը տեսնեմ… առուն, ջուրը, առնետը, հոդվածը…
- Ի՞նչ առնետ, ի՞նչ հոդված, այ մարդ, քնած տեղդ էլ ես հոդված գրո՞ւմ, վեր կաց:
- Ես չէ, ինքն ա գրել:
- Ո՞վ…
- Առնետը…
- Հա, հա, հա, հա, լավ հոդված ա՞…
- Թողնում ե՞ս, որ կարդամ: