Հասարակություն

Չինաստան․ «Անդրերկնային» եւ գերժամանակակից

Չինաստան․ «Անդրերկնային» եւ գերժամանակակից

Սկիզբը՝ այստեղ

Չինացիները համարում են, որ մարդու մարմնում, ինչպես տիեզերքում, գործում են հակադիր «Յան» եւ «Յին» ուժերը, եւ եթե դրանք հավասարակշիռ վիճակում են, ուրեմն մարդն առողջ է։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, մարդը հիվանդանում է։ Այդքանով էլ, որեւէ հիվանդություն հաղթահարելու համար հարկավոր է նախ «Yin-Yang» հավասարակշռությունը վերականգնել մարդու մարմնում։ Դա է բժշկության խնդիրը՝ բուսաբուժությամբ լինի, ասեղնաբուժությամբ, կետային մերսումով, մարմնամարզությամբ, սննդակարգով, թե մի այլ կերպ։ Դրանից հետո արդեն մարդկային օրգանիզմը ներքին ուժերի, ինքնաբուժման շնորհիվ մնացյալ շեղումները կարգավորում է։ 
Ինչպես տեսնում ենք, սա թերապեւտիկ մոտեցում է հիվանդություններին, որ դժվար թե օգնի ջարդվածք-վնասվածք-վիրահատական միջամտությունների դեպքում, որտեղ հզոր են արեւմտյան տեխնիկան եւ բժշկությունը։ Սակայն թերապիայի հարցերում առջեւում են արեւելյան, հատկապես ավանդական չինական, հնդկական բժշկությունները, որովհետեւ դրանք մարմինն առողջ պահելու, առողջացնելու մասին են, ոչ թե հիվանդության ախտանիշներ հաղթահարելու, այն էլ՝ քիմիական ծագման դեղորայքով։ 

Միավորելով արեւմտյանն ու արեւելյանը՝ մերօրյա Չինաստանում գիտական հենքի վրա են դրված, հետազոտվում են, ուսուցանվում են ե՛ւ ավանդական արեւելյան բժշկությունը, ե՛ւ արեւմտյան։ Նույն Ցինդաո քաղաքում, ուր այց կար մեր լրագրողական ծրագրով, Չինաստանի համալսարաններից մեկը՝ Open University of China-ն, Չինական ավանդական բժշկության դպրոց է գործարկել, որտեղ մշակվող ուսումնական ծրագրերը հեռավար մեթոդով ուսուցանվում են բոլոր ցանկացողներին, առանց տարիքային սահմանափակման։ Գաղափարն այն է, որ չինական ավանդական բժշկության գիտելիքներ ստանալը բոլոր մարդկանց, այդ թվում՝ տարեցներին, կօգնի սեփական մարմինն ավելի լավ ճանաչել, առողջությանը չվնասել, հնարավորինս առողջ մնալ, ինչը փոքր գործ չէ։

Չինական բժշկության հետ սերտ կապված է չինական խոհանոցը։ Ինչպես բժշկության հիմքում ընկած են «Yin-Yang» հակադրությունը եւ հինգ տարրերի (ջուր, ծառ, կրակ, հող եւ երկաթ) տեսությունը, այնպես էլ սննդամթերքներն են «Yin» կամ «Yang» խմբում դասվում եւ հինգ տարրերի հետ կապվում։ Դրանից հետո կռահումը պարզ է՝ եթե անձը հիվանդ է, մարմնում «Yin-Yang» հավասարակշռությունը խախտված է, ապա «Yin» էներգիայի ավելցուկի դեպքում «Yang» սննդամթերքով է ավելցուկը ցրվում, հավասարակշռություն ստեղծվում, «Yang» էներգիայի ավելցուկի դեպքում «Yin» սննդամթերքով է նույնն արվում։ Այլ կերպ ասած՝ սննդով առողջություն են վերականգնում կամ, ավելի ճիշտ՝ հիվանդանալն են կանխում, ինչը հրաշալի մեթոդիկա է։

Առողջության հետ կապից բացի, չինական խոհանոցը, իհարկե, նաեւ մատուցման էսթետիկայի, համային հարստության եւ պատրաստման տեխնոլոգիաների մասին է։ Բայց խոհարարության մասին դատելը պետք է համտեսումով ուղեկցվի, այլապես կստացվի «ընկերս տեսել է, թե ինչպես են բանան ուտում» անեկդոտի իրավիճակը։ Դա գրավոր շարադրանքի թեմա չէ։ 

Ցինդաո՝ ժամանակակից ու եվրոպական

Ինչպես արդեն ասվել է, հայաստանյան լրագրողների շրջագայությունը Չինաստանում կենտրոնացած էր երկու քաղաքներում՝ Պեկին եւ Ցինդաո։ Այս երկու քաղաքների միջեւ սլանում են արագընթաց գնացքներ՝ 300 կմ/ժ արագությամբ, եւ մարդուն տեղափոխում են ոչ միայն տարածության միջով, այլեւ՝ ժամանակի։ 
Եթե Պեկինն ունի հազարամյակների պատմություն, ապա Ցինդաոն ունի գործնականում 100-120 տարվա պատմության։ 1890-ականներին Ցինդաոն եղել է մոռացված մի գյուղ՝ հազիվ հազար հոգի բնակչությամբ։ Այդ ժամանակ նկատելով Ցինդաոյի շահեկան աշխարհագրական դիրքը Դեղին ծովի ափին՝ գերմանացիները մասամբ ռազմական ուժով, մասամբ դիվանագիտական ճնշումով հասել են նրան, որ չինական իշխանությունները 99 տարով Ցինդաոյում կառավարումը զիջել են գերմանացիներին։ Գերմանացիներն ընդամենը երկու տասնամյակ են Ցինդաոյում եղել՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, բայց այդ երկու տասնամյակում այն մասշտաբի քաղաքաշինական աշխատանք են իրականացրել, այնպիսի եվրոպական ճարտարապետական դիմագիծ են հաղորդել քաղաքին, կրթվածության մակարդակ են բարձրացրել, միջազգային ծովային հաղորդակցություն են հաստատել եւ այլն, որ հարյուր տարի անց էլ գերմանական ազդեցությունը մնում է Ցինդաոյի այցեքարտը։ 

Արագընթաց գնացքը Պեկինից ժամանում է Ցինդաոյի այն երկաթուղային կայարանը, որ 1900-ականների սկզբին կառուցել են գերմանացիները։ Կայարանի շենքն արտաքուստ, կարող եմ հավատացնել, շատ նման է Բոննի երկաթուղային կայարանին։ Գերմանական բնակելի թաղամասը, որ դարձյալ 1900-ականների սկզբին է կառուցվել, այժմ Ցինդաոյի գլխավոր առողջարարական-ժամանցային գոտու՝ Ba Da Guan-ի սրտում է, որ չինարենից թարգմանաբար նշանակում է «Ութ անցումներ» կամ «Ութ դարպասներ»։ Ba Da Guan-ը հենց ութ փողոցներից է կազմված, եւ յուրաքանչյուր փողոց կրում է Չինական մեծ պատի ութ անցումներից կամ դարպասներից մեկի անունը։ Փողոցների անվանումներով չինական ինքնության եւ մեծ պատի հետ կապվելուց այն կողմ, Ba Da Guan-ի մնացյալ կապը Եվրոպայի հետ է։ Հարցն այն է, որ 1900-ականներին, երբ գերմանացիները Ցինդաոյի պրոտեկտորատը վերցնելով սկսել են քաղաքը կառուցել, գերմանացիներին հետեւելով՝ այնտեղ են տեղափոխվել նաեւ անգլիացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, սկանդինավներ, ռուսներ եւ այլն։ Յուրաքանչյուր ազգային համայնք, հաստատվելով Ցինդաոյում, այդտեղ իր ազգային ոճի վիլլաներ, առանձնատներ է կառուցել՝ հանրագումարում Ցինդաոյի բնակելի մի ողջ հատված վերածելով փոքր Եվրոպայի։ Վիլլաների թաղամասն այնպիսի անսովոր, տարաշխարհիկ, եվրոպական դիմագիծ է տվել քաղաքին, որ հետագայում չինական իշխանությունները Ba Da Guan-ը՝ իր բոլոր ութ փողոցներով, վիլլաներով, պարտեզներով, խնամել ու պահպանել են, նոր պուրակներ են հիմնել եւ ի վերջո վերածել են առողջարարական գոտու, որտեղ սովորություն են ունեցել հանգստանալու նաեւ Չինաստանի կուսակցական առաջնորդները։ 

Առհասարակ, իր ծովափնյա տեղադրության, օդի եւ քաղաքի մաքրության, հանգստյան գոտիների առատության եւ մի շարք այլ ցուցանիշների հանրագումարում Ցինդաոն ճանաչվել է մարդկային կյանքի, ապրելու համար լավագույն քաղաքներից մեկը, բազմաթիվ տարիների՝ հենց լավագույն քաղաքը Չինաստանում։ 

Գերմանացիներն իրենց կառավարման երկու տասնամյակներին նաեւ այնքան ուսումնական հաստատություններ են հիմնադրել Ցինդաոյում, որ բնակչության եւ կրթական հաստատությունների թվի հարաբերակցությամբ, բնակչության կրթվածության մակարդակով Ցինդաոն դարձել է առաջատարը Չինաստանում։ Հետագայում չինական իշխանությունները պահպանել են կրթօջախների բազմազանության, հարստության այդ ավանդույթը, եւ այսօր բացառիկ ուղղվածության համալսարաններ կան Ցինդաոյում, օրինակ՝ Չինաստանի օվկիանոսագիտության համալսարանը (Ocean University of China), Չինաստանի նավթագիտության համալսարանը (China University of Petroleum) եւ այլն։ 

Գերմանացիները նաեւ Սուրբ Միքայելի կաթոլիկ տաճարն են կառուցել Ցինդաոյում։ Իսկ Ցինադոյից ոչ հեռու՝ կրոնին առնչվող մեկ այլ սրբավայր է Լաոշանը կամ Լաո լեռը, որ համարվում է Լաո-ցիի հիմնադրած դաոսիզմի կրոնական կենտրոններից մեկը, եւ որտեղ գտնվում են դաոսիզմի գլխավոր տաճարներից մի քանիսը։ 

Կապույտ-կանաչ ծովափը, քաղաքը, լույսերը 

Այո, Ցինդաոն գյուղակից քաղաքի են վերածել եւ նավահանգստային այդ քաղաքի վերելքի սկիզբը դրել են գերմանացիները, եվրոպացիները, սակայն այն այսօրվա գերժամանակակից մակարդակին են հասցրել չինացիները, ինչպես ամեն առաջադեմի եւ եվրոպականի հանդեպ ցուցաբերած իրենց հարգանքով եւ դրանք պահպանելով, այնպես էլ ժառանգածը զարգացնելով ու նոր հորիզոններ նվաճելով։ Ասենք, Չինաստանում ամենահայտնի գարեջուրը, կռահելի է, Ցինդաոյում գերմանացիների հիմնադրած գարեջրի գործարանի Qingdao Brewery-ի արտադրանքն է։ 
Իսկ, ահա, կենցաղային տեխնիկայի բնագավառում նույնքան հանրահայտ մեկ այլ անուն Չինաստանում՝ Hisense-ը, լոկ չինացիների ստեղծածն է։ Դա ռադիոյի արտադրության մի գործարան է եղել Ցինդաոյում, որ 1970-80-ականներին սկսել է հեռուստացույցներ արտադրել, հետագայում արտասահմանյան ընկերություններից է տեխնոլոգիաներ գնել, ներդրել, իրենք են նորարարական մշակումներ իրականացրել եւ ի վերջո հասել են նրան, որ այսօր իրենք են գնել միջազգային այն ընկերությունները, որոնցից մի ժամանակ տեխնոլոգիաներ էին գնում՝ Sharp, Toshiba եւ այլն։

Իսկ ամենահայտնի արդյունաբերական, ավելի ստույգ՝ տրանսպորտային-լոգիստիկ հզորությունը 7 մլն-ից ավելի բնակչությամբ Ցինդաոյում, իհարկե, ավտոմատ տերմինալներով նավահանգիստն է, որտեղ տարեկան 5 միլիոնի կարգի նավային բեռնարկղեր են (6.10մ x 2.44մ x 2.59մ) բեռնաթափվում եւ բեռնվում՝ առանց մարդկային ուժի ներգրավման։ Ավտոմատացված ահռելի տերմինալները, որտեղ ներգրավված չէ ոչ մի մարդ, իրոք գերժամանակակից արդյունաբերության տեսարան են։ Այս տերմինալներն ամենամեծն են Ասիա մայրցամաքում եւ սպասարկում են ոչ միայն չինական, այլեւ ճապոնական եւ հարավ-կորեական ընկերություններին։ 

Իսկ միջազգային այդպիսի շփումները, համագործակցությունը, սպասարկման ծավալներն ու առաջընթացը հնարավոր են դարձել շնորհիվ նրա, որ 1980-ականներից Չինաստանում թեեւ քաղաքական կյանքը մնաց Կոմունիստական կուսակցության ղեկավարման ներքո, տնտեսությունն ազատականացվեց, սկսեցին արտերկրից ներդրումներ ներգրավվել եւ արտերկրում ներդրումներ արվել, ինչն էլ վերջնարդյունքում այսօր Չինաստանը դարձրել է ամենահզոր տնտեսությունն ունեցող երկրորդ երկիրը երկրագնդի վրա։ Ինչ կլինի վաղը, ժամանակը ցույց կտա․․․

Երբ 20-րդ դարի չինացի ղեկավարներից մեկին հարցրել են, թե ինչ կարծիք ունի 1789-ի Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին, նա պատասխանել է, թե շատ քիչ ժամանակ է անցել, հազիվ 150-200 տարի, դեռ հնարավոր չէ գնահատել։ Ահա, հազարամյակների այս կենսափորձն ու հազարամյակների կտրվածքով կյանքն ընկալելը, երբեք ընթացիկի պրիզմայով ինքդ քեզ ու աշխարհին չնայելն է այն հաստատունը, գրավիչն ու հարգանք ներշնչողը Չինաստանում, որ թույլ է տվել չին ժողովրդին՝ անցնել հաղթանակների միջով, պարտությունների, ավերածությունների ու նվաճումների, հազարամյա ավանդույթների ու նորօրյա լուծումների, միավորել ավանդականն ու ժամանակակիցը եւ մնալ կանգուն։ Այնպես չէ, թե Չինաստանում այսօր քիչ կան խնդիրներ, բայց դրանց կողքին կան նաեւ լուծումներ՝ ինչպես Ցինդաոն, որ թարգմանաբար նշանակում է «կապույտ-կանաչ քաղաք», եւ նրա իրապես կապույտ-կանաչ լույսերի մեջ ողողված գիշերային նավահանգիստը՝ իր տպավորիչ ու չմոռացվող գեղեցկությամբ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image