Նորավանքում օրերս վառեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը։ Խաղերը կանցնեն փետրվարի 1-ից 7-ը Ջերմուկում և Երևանում՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ մարզաձեւերում։ «Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ։ Բացումը փետրվարի մեկին ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է», - իր ինստագրամյան էջում գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հորդորելով տաք հագնվել:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը` տասը տարուց ավելի, ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանն է, իսկ կառավարական կազմկոմիտեի նախագահը վերջին երկու տարիներին Արայիկ Հարությունյանն է, որը վարում է նիստերը, հանձնարարում է կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները լուծել, հետեւում է դրանց ընթացքին։ Եւ քարոզչությունն էլ պտտվում է Արայիկ Հարությունյանի շուրջ, ով սիրում է մամուլի էջերում երեւալ, կառավարության անունից հյուրեր ընդունել, խորհրդակցություններ անել: Ժամանակին մենք անգամ չգիտեինք կառավարության աշխատակազմի ղեկավարի անունը, իսկ Արայիկ Հարությունյանը ակտիվ ու կենտրոնական դերակատարում է ստանձնել երկրում ոչ թե պաշտոնի բերումով, այլ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մտերմության շնորհիվ` նրա իմացությամբ:
Սակայն այս պարագայում մեզ հետաքրքրում էր Ձմեռային համահայկական խաղերը եւ դրա անցկացման ընթացքը: Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե արդյոք խաղերի ֆինանսավորման հարցում պետությունը աջակցո՞ւմ է Կոմիտեին, Իշխան Զաքարյանն ասաց․ «2011 թվականից, ինչ ես Համահայկական կոմիտեի նախագահն եմ, մինչ այս պահը պետական բյուջեից մեկ լումա անգամ չենք ստացել Խաղերի անցկացման ժամանակ։ Դա իմ սկզբունքն է եղել և այդպես է լինելու, քանի դեռ ես Կոմիտեի նախագահն եմ։ Բոլոր միջոցները տրամադրում են մեր հովանավորները։ Մենք ունենք նաև մշտական հովանավորներ, որոնցից մի քանիսի անունները կարող եմ հնչեցնել․ «Տաշիր գրուպ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»,«Ջերմուկ գրուպ», «Հայաստան» հիմնադրամ, «Թիմ տելեկոմ», «Ապավեն», Ալբերտ Բոյաջյան, Սամվել Ալեքսանյան, որոնցից շատ շնորհակյալ ենք։ Բոլոր Խաղերից առաջ մենք ունենում ենք կառավարական կոմիտե, որն ահռելի աշխատանք է կատարում, քանի որ Խաղերը դարձել են պետական լուրջ միջոցառում։ Իսկ խնդիրները բազմաթիվ են։ 25 տարի շարունակ՝ 1999 թվականից սկսած, ես եղել եմ Համահայկական խաղերի գրեթե բոլոր կազմկոմիտեների կազմում։ Օրինակ, 1999 թվականին առաջին խաղերի կազմկոմիտեի աշխատանքները ղեկավարում էր վարչապետ Վազգեն Սարգսյանը, որը 2 նիստ անելուց հետո դրանց համակարգումը հանձնեց պետնախարար Խոսրով Հարությունյանին։ Ամեն անգամ կառավարությունն ինքն է որոշում, թե ում նշանակի կազմկոմիտեի նախագահ, ու միշտ Համաշխարհային կոմիտեի նախագահը լինում է կազմկոմիտեի նախագահի տեղակալը», - պատմում է Իշխան Զաքարյանը։
Տպավորություն ունենք, որ Դուք քիչ եք երևում 2025-ի Ձմեռային Խաղերի հետ կապված. «Չէ, ո՞նց չեմ երևում։ Ամեն մարդ պետք է հստակ կատարի իր աշխատանքները, որ ամեն ինչ լինի բարեհաջող։ Ես աշխատում եմ հիմնականում մեր սփյուռքի կառույցների, մեր քաղաքային կոմիտեների հետ։ Կառավարական կազմկոմիտեի անդամներն ունեն տասնյակ հարցեր՝ առողջապահական խնդիրներից, տրանսպորտայինից մինչև անվտանգային։ 2023 թվականի Ամառային խաղերին մասնակցել են 7161 մարզիկ։ Փարիզում, Օլիմպիական խաղերին, կարծեմ, 8500–9000 մարդ էր մասնակցում։ Թվաքանակի առումով շատ չենք զիջում։ Այնպես որ Համահայկական խաղերը տարեց տարի թափ են հավաքում, և առանց պետական օգնության դրանք կազմակերպելն անհնար է»։