Սոցիալական աղետալի վիճակն էլ ավելի խորացնող իշխանությունները եւ, ըստ էության, նրանց կցված մարմինները շարունակում են պետական բյուջեն աննպատակ ծախսել։ Այս անգամ հերթը Բարձրագույն դատական խորհրդինն է, որի նախագահը ՔՊ-ական իջեւանցի պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանն է։ Մեծ, լուսավոր եւ նորակառույց շենքում են աշխատում ԲԴԽ անդամները՝ համալրված անհրաժեշտ գույքով, տեխնիկայով: Մեկ անգամ այդ շենքում եղած մարդը կարող է փաստել՝ լավ աշխատանքային պայմաններն ապահովված են: Բայց, չգիտես ինչու, ԲԴԽ նախագահը որոշել է վերանորոգել առաջին հարկի վերանորոգված մեծ դահլիճը, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում, եւ որտեղից մի ժամանակ` նիստերի օրերին, լրագրողներն առցանց հետեւում էին ԲԴԽ նիստերի ընթացքին։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ է վերանորոգվում այդ դահլիճը, եւ որքա՞ն գումար է հատկացվել դրա համար։ Նա մեզ պատասխանեց, որ, նախ, գումարը հատկացվել է պահուստային ֆոնդից, ապա նշեց․ «Միջազգային գործընկերների, բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելությունների, ներկայացուցչական հանդիպումների, մեծաքանակ քննարկումների կազմակերպման համար ԲԴԽ-ի կողմից որոշվել է վերանորոգել այդ սրահը, որպեսզի ունենանք արդի պահանջներին համապատասխան ներկայացուցչական կոնֆերանս սրահ։ Սրահի ընթացիկ նորոգման ծախսերը կազմելու են շուրջ 8,0 մլն ՀՀ դրամ, իսկ դրա ֆինանսական միջոցները հատկացվելու են Բարձրագույն դատական խորհրդին եւ դատարաններին «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառման տնտեսագիտական դասակարգման «Շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգում եւ պահպանում» 4251 հոդվածից»։
Ըստ խոսնակի՝ դահլիճը փոխում է իր նշանակությունը: Մեր այն հարցին, թե մինչ այդ նման հանդիպումները որտեղ են անցկացվել, նշեց` հիմնականում խորհրդակցական սենյակում, որը բավական փոքր է․ «Դրանում կարող եք համոզվել մեր պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներից»։