Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, ըստ էության, հայտարարեց, որ իրենց նպատակը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան է, Ադրբեջանի բոլոր պայմանների ընդունումը եւ կատարումը, այս պահին բանակցվող, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեքստը կորցրել է իր ակտուալությունը, հնարավոր է Ադրբեջանն առաջիկայում հանդես գա ավելի ուլտիմատիվ պահանջներով: Հաջիեւի հայտարարությունները հնչեցին Թուրքիայում Էրդողան-Ալիեւ հանդիպումից հետո, ինչը նշանակում է, որ Փաշինյանի թուրքահպատակությունը չի օգնում նրան, Թուրքիան չի պատրաստվում հանդես գալ Փաշինյանի իշխանության արտաքին երաշխավորի դերում, Հայաստանը պաշտպանել Ադրբեջանից: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի՝ որպես պետության ոչնչացումը: Ընդհանրապես պետք է իմանալ, որ պատերազմում պարտված պետությունները երկու ճանապարհ ունեն. կա՛մ հանձնվել հաղթողի ողորմածությանը, կա՛մ գտնել ավելի հզոր հովանավոր եւ հանձնվել նրա ողորմածությանը: Փաշինյանը գիտի, որ պարտվողն ինքն է, բայց իրեն այնպես է պահում, որ ինքը պարտության հետ կապ չունի, պարտվել է Արցախը։ Բայց գժի տեղ դնելը չի անցնում:
Փաշինյանի իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց Հաջիեւի հայտարարություններին, որովհետեւ չգիտեն, թե ինչ ասեն: Չեն կարող հայտարարել, որ համաձայն չեն նրա հետ, որ չեն պատրաստվում որեւէ «ռազմական հանցագործի» հանձնել Ադրբեջանին, վախենալով, որ դրանով, իրենց տրամաբանությամբ, Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման առիթ կտան: Իսկ հայտարարել, որ պատրաստ են համագործակցության, կնշանակի համաձայնել Փաշինյանի իշխանության փաստացի կորստի հետ, համաձայնել նրա հետ, որ առաջիկայում Բաքվի բանտում կարող են հայտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ցանկացած ներկայացուցիչ: Ադրբեջանի տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանության ներկայացուցիչները եւս ռազմական հանցագործներ են․ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը հրապարակային կոչ է արել՝ զենք վերցնել եւ գնալ մասնակցել Ադրբեջանի դեմ պատերազմին, ստեղծվել է ՔՊ-ականների կամավորական ջոկատ, նույնիսկ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն է կանանց ջոկատ ստեղծել: Ադրբեջանցիներին կարող են չհետաքրքրել արդարացումները, որ այդ ջոկատները ոչ մի կապ չեն ունեցել պատերազմական գործողությունների հետ, ֆիզիկապես չեն մասնակցել պատերազմին, Ադրբեջանին որեւէ վնաս չեն տվել, նույնիսկ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը չեն անցել: Ռազմական հանցագործ ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի ՀՀ ցանկացած քաղաքացու եւ նույնիսկ հայի․ շատերը պատերազմի ժամանակ նյութական աջակցություն են ցուցաբերել Արցախին եւ պատերազմող բանակին: Մի խոսքով, Ադրբեջանը պահանջում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայության կապիտուլյացիան, Հայաստանի նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանում:
Ինչպես ասացինք, պարտված երկրները երկու ելք ունեն` կա՛մ հանձնվել հաղթողին, կա՛մ ավելի հզոր հովանավոր գտնել եւ հանձնվել նրան: Փաշինյանին թվում էր, որ, ի դեմս ԱՄՆ-ի, ինքը գտել է այդ հովանավորին: Մինչեւ այս տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունների հույսն այն էր, որ Միացյալ Նահանգները, որպես հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ երկիր, կստիպի Ադրբեջանին՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ իր վրա կվերցնի Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բավական ակտիվ ներգրավված էր բանակցություններում, եւ կարծես թե կողմերը մոտ էին նման փաստաթուղթ ստորագրելուն: Ավելին` պաշտոնը թողնելուց մի քանի օր առաջ Բլինքենը Միրզոյանի հետ ռազմավարական գործընկերության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրեց, որով Հայաստանի անվտանգությունը թեեւ չէր երաշխավորվում, բայց Հայաստանին տալիս էր ԱՄՆ գործընկերոջ կարգավիճակի նման մի բան: Ադրբեջանցիները ձգում էին փաստաթղթի ստորագրումը՝ սպասելով, որ ԱՄՆ հաջորդ վարչակարգը կարող է այլ մոտեցումներ ունենալ, նրանց սպասումներն արդարացան: Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Մարկո Ռուբիոն հազիվ թե քարտեզի վրա գտնի Հայաստանի տեղը, նա իր հայ պաշտոնակցի հետ ոչ մի հարաբերություն մինչ օրս չի ունեցել եւ առաջիկայում էլ դժվար թե ունենա: Միացյալ Նահանգներին հիմա այլ հարցեր են հուզում, Հայաստանը եւ Հարավային Կովկասը նրանց օրակարգում ընդհանրապես չկան: Հետո գուցե ժամանակ գտնեն` ունենան, բայց հետո կարող է ուշ լինել:
Այսպիսով, Փաշինյանի կառուցած անվտանգության նախկին հայեցակարգը, կարելի է ասել, փլուզվել է: Ցայտնոտի մեջ նա իրեն նետում է Եվրոպայի գիրկը՝ փորձելով պաշտպանություն գտնել այնտեղ, բայց Եվրոպայում միասնական տեսակետ չկա նույնիսկ Ուկրաինայի հարցում, եվրոպացիները հիմա մտածում են, թե իրենք ինչպես պետք է պաշտպանվեն Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից, սկսել են գուշակություններ անել, թե արդյոք ԱՄՆ-ն նման դեպքում օգնության կգա՞ իրենց, թե՞ մենակ են մնալու, եւ արդյոք բավարար ուժ ունենալո՞ւ են՝ դիմակայելու ագրեսիային: Միացյալ Նահանգները Գերմանիայում տեղակայված իր զորքերը Հունգարիա տեղափոխելու մտադրության մասին խոսակցություններով ավելի է սրում կասկածները, որ ինքը պատրաստ է պաշտպանել միայն իր համախոհներին, ՆԱՏՕ չկա, կան անհատական դաշնակից երկրներ, որոնք չեն հակադրվում ԱՄՆ-ին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեծ-մեծ խոսում է, բայց գործելու ո՛չ կամք ունի, ո՛չ էլ, առավել եւս՝ ուժ: Նման պայմաններում Եվրոպայից էլ հույսերն առանձնապես մեծ չեն, մանավանդ որ եվրոպական ձգտումներն էլ ավելի են վատացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փաշինյանը փորձում է միաժամանակ վազել երկու նապաստակի հետեւից՝ ե՛ւ Եվրոպա գնալ, ե՛ւ վերադառնալ Ռուսաստան: Իր հակառուսական կեցվածքով հայտնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանկարծ հիշում է, որ ինքը Ռուսաստանում գործընկեր ունի` ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկո, որին կարելի է հրավիրել Հայաստան: Բայց Ռուսաստանը եւս պահանջում է անվերապահ կապիտուլյացիա. պահանջում է, որ Հայաստանը վճարի ՀԱՊԿ-ին անդամակցության վճարը՝ ակնարկելով, որ այլապես կարող են վտարել կազմակերպությունից: Իսկ կազմակերպությունից վտարման որոշումը կարող է Ադրբեջանի համար ազդակ լինել, որ նոր ագրեսիայի դեպքում Ռուսաստանն ընդհանրապես չի միջամտի: Պատկերացնո՞ւմ եք, թե Փաշինյանի համար ինչ խայտառակություն կլինի ՀԱՊԿ անդամավճարի վճարումը. դա Ռուսաստանին հանձնվելու, Ռուսաստանի պայմաններով կապիտուլյացիա ստորագրել կլինի: Չնայած Փաշինյանին խայտառակություններով, կապիտուլյացիաներով չես զարմացնի, պետք եղավ` դա էլ կանի:
Փաստացի Փաշինյանը երկիրը հասցրել է մի այնպիսի փակուղային վիճակի, որից ինքը որեւէ ելք չունի, լուծման նույնիսկ տեսական տարբերակ չի կարող առաջարկել: Բոլորը նրանից սպասում են կապիտուլյացիայի ստորագրում, իսկ ինքը մտածում է, թե որ կողմին գերի հանձնվի, ով իրեն բանտային ավելի լավ պայմաններ կառաջարկի: