Իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացրել են կարեւոր նյութեր, արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել։
Իսկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ոչնչացված նյութերի վերաբերյալ իրականացվում է ծառայողական քննություն։
Շրջանառվում են տարբեր վարկածներ, որ ոչնչացված նյութերը կարող են վերաբերել Մարտի 1-ի գործին։
Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների շահերը պաշտպանած փաստաբան Հովիկ Արսենյանը կարծում է, որ ամեն ինչ էլ կարող ենք ենթադրել, պատկերացնել։
«Չի բացառվում, որ այս կամ այն անձանց վերաբերող նյութեր են եղել դրանք, օրինակ՝ օլիգարխներին վերաբերող նյութեր, որոնք ժամանակին, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, համագործակցել են կամ օժանդակել, օգնել, նպաստել են իշխանություններին։ Նրանց նկատմամբ, հնարավոր է, որ ձեռք են բերվել, ստեղծել են վարկաբեկիչ նյութեր, քրեական հետապնդում չեն իրականացրել, ուղղակի դրել են դարակներում, որպես նախազգուշացնող սպառնալիք՝ ուղղված այդ անձանց։ Եվ դա արվել է այն նպատակով, որ իրենց «թրի տակով» չանցնելու դեպքում այդ նյութերը վեր հանեն։
Կարծում եմ, որ դա ավելի հավանական տարբերակ է։ Եթե կոնկրետ անձի, դեպքի վերաբերեր այդ ամենը, ապա կարելի էր ավելի հստակ վերլուծություն կատարել եւ պարզաբանում տալ»,- ասաց Հովիկ Արսենյանը։