Կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։
Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը եւ ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաեւ նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են:
Կարգով նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: «Ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5 հազար 250 երեխա այս միջոցով շատ կարեւոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հանրակրթության բարեփոխումների կարեւոր բաղադրիչներից է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որն ուղղված է սպասարկելու եւ ապահովելու հանրակրթության թե՛ բովանդակային, թե՛ կառավարման բարեփոխումները:
«Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թվականից՝ սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ աշակերտ թվով ֆինանսավորումից անցում կատարվեց դեպի դասարան թվով ֆինանսավորման եւ սահմանեց նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար: Կարեւոր է ընդգծել՝ ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության եւ աշխատանքի համակարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119 հազար 900 դրամ: Միաժամանակ, նոր կարգով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիքը. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներկայում ավելի քան 900 հոգեբան է աշխատում: