Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, որ Հայաստանը կարող է բախվել «ուկրաինական սցենարի»՝ իր եվրաինտեգրման ձգտումների պատճառով, կոչ է արել ԵՄ-ին ավելի շատ մտածել անվտանգության մասին և չլքել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարող են տուժել Ռուսաստանի պատճառով։
Զելենսկին նշել է, որ «Ռուսաստանն այժմ սպառնում է հարևան մյուս երկրներին, շատ ավելի բացահայտ, քան՝ նախկինում»։
«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է Հայաստանի մասին խոսքերը, որի ժողովուրդն է միակը, ով իրավունք ունի և կընտրի իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մենք բոլորս պետք է ավելի շատ մտածենք անվտանգության մասին, ավելի շատ համատեղ քայլեր ձեռնարկենք՝ ապահովելու համար, որ քաղաքական գործընկերությունները գործեն, և որ մենք ունենանք ժամանակակից պաշտպանական արդյունաբերություն, ժամանակակից պաշտպանական կարողություններ և հնարավորինս լայնածավալ և բազմազան տնտեսական կապեր։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոք կախված չլինի Ռուսաստանից և նրանց չտանք գործիքներ՝ ժողովրդին շանտաժի ենթարկելու համար»,-ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի, և հատկապես ԵՄ-ի դիրքորոշումները այս հարցերի վերաբերյալ կլինեն սկզբունքային, ուժեղ և ժամանակին․
«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության։ Եվրոպան իրավունք չունի կորցնել որևէ ժողովրդի, անտեսել որևէ երկիր. Հայաստանին պետք է աջակցել, Մոլդովային պետք է աջակցել, Բալթյան երկրներին և Ադրբեջանին պետք է աջակցել։ Մենք պետք է գտնենք Վրաստանի ժողովրդին աջակցելու ուղիներ, և սա Եվրոպայի ընդհանուր խնդիրն է։ Ոչ մեկի չպետք է կորցնել»։