Քաղաքականություն

Ոչխարների լռությունը

Ոչխարների լռությունը

Դերասանուհի Գայանե Ասլամազյանին վրդովեցրել է մեկ այլ դերասանի` Հովհաննես Ազոյանի գրառումը, որով նա փորձում է ծաղրի ենթարկել Փաշինյանի կողմից պատանդառված եւ կալանքի մեջ գտնվող Բագրատ եւ Միքայել սրբազաններին՝ ըստ էության իր համերաշխությունը եւ աջակցությունը հայտնելով Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հետապնդումների եւ հալածանքների քաղաքականությանը: Ինձ համար Հովհաննես Ազոյանի դիրքորոշումն ավելի քան ազնիվ է եւ շիտակ, քան այն մարդկանց պահվածքը, ովքեր այս օրերին ընդհանրապես որեւէ դիրքորոշում չեն հայտնում՝ դրանով եւս իրենց աջակցությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին: Հովհաննես Ազոյանը գոնե այնքան համարձակություն եւ ազնվություն ունի, որ դիրքորոշում է արտահայտում, մի՞թե ավելի զզվելի չեն նրանք, ովքեր իրենց լռությամբ ուզում են ցույց տալ, որ չեն էլ նկատում, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում, որ կատարվողն իրենց չի վերաբերում, իրենք դրա հետ կապ չունեն:

Խոսքը միայն դերասանների, երգիչների կամ նկարիչների մասին չէ, այլեւ առաջին հերթին իրենց քաղաքական կամ հասարակական գործիչ հորջորջողների: Հայաստանում 120 գրանցված կուսակցություն կա, դրանցից մի մասի մասին հասարակությունը տեղեկանում է ընտրությունից ընտրություն: Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում սրանք ընդհանրապես անհետանում են, որովհետեւ պահանջարկ չունեն, իրենցով հետաքրքրվող չկա, վճարող չկա: Նրանք համբերատար սպասում են հաջորդ ընտրություններին, այնպես, ինչպես այգեպանը կսպասեր հինգ տարին մեկ անգամ բերք տվող ծառի ծաղկելուն:

Նիկոլ Փաշինյանն արդեն երկու ամիս է՝ պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն եւ Եկեղեցու բարձրաստիճան ու շարքային հոգեւորականներին, պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին ու հավատացյալներին: Փաշինյանը ռազմական արշավ է կազմակերպել Վեհարանի վրա եւ կալանավորել մի քանի հոգեւորականների, հիմա էլ պահանջում է, որ Եկեղեցին ստորագրի անվերապահ կապիտուլյացիա՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի տեսքով, այնպես, ինչպես ինքը ստորագրեց 2020 թվականին պարտադրված կապիտուլյացիան: Միան թե, ի տարբերություն իրեն, որ հեզաճկուն հանձնվեց Ալիեւի ողորմածությանը, Հայ առաքելական եկեղեցին դիմադրում է, կաթողիկոսը չի հանձնվում:

Կուսակցությունների մի մասն աջակցություն է հայտնել Փաշինյանի սկսած արշավին` տարբեր ձեւակերպումներով. սա արշավ չէ Եկեղեցու դեմ, այլ՝ դրա առանձին ներկայացուցիչների, պետք չէ մի քանի հոգեւորականի նույնացնել Եկեղեցու հետ, նույնն է, թե թշնամին մտնի Հայաստան, կոտորի մի հարյուր հազար մարդու, մեկն ասի, թե պետք չէ 100 հազարին նույնացնել ամբողջ հայ ժողովրդի հետ, չէ՞ որ դեռ կան ողջ մնացածներ։ Մի մասն էլ խոսում է Եկեղեցու բարեփոխման անհրաժեշտության մասին: Կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն դատապարտել են Փաշինյանի կողմից իրականացվող հակաքրիստոնեական արշավը ՀԱԵ-ի դեմ, այլեւ միացել են հալածանքների դեմ կազմակերպված դիմադրության շարժմանը:

Բայց Հայաստանում գրանցված եւ նույնիսկ գործող կուսակցությունների մեծ մասը ոչ մի դիրքորոշում չի արտահայտում, իրենց այնպես են պահում, ասես չկան, գոյություն չունեն: Իսկ ընդամենը 10 ամիս հետո Հայաստանում նախընտրական քարոզչության շրջան է սկսվելու, դրանք դուրս են գալու իրենց թաքստոցներից` այն հույսով, որ ինչ-որ մեկն իրենց, այնուամենայնիվ, կօգտագործի, էական էլ չէ, թե ինչ նպատակով կամ ինչի համար: Կարեւորը, որ իրենք կպնեն ինչ-որ դաշինքի, սատարեն ինչ-որ քաղաքական ուժի կամ թեկուզ ինքնուրույն մասնակցեն ընտրություններին՝ հանրության թեկուզ 0,1 տոկոսին խաբելու, ինչ-որ ձայն փախցնելու համար:

Ոչ թե այն ժամանակ, երբ դրանք կհայտնվեն, այլ հիմա է պետք հարց տալ, թե ինչ դիրքորոշում ունեն Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ կազմակերպված հակաքրիստոնեական արշավի վերաբերյալ, ինչո՞վ են զբաղված, երբ կալանավորվում են հոգեւորականները, կամ նրանց վերագրվում են մտացածին ու հորինված մեղադրանքներ` ահաբեկչության կամ բռնի իշխանափոխության մասին, ինչո՞ւ որեւէ կերպ չարձագանքեցին, երբ միայն ՀԱԵ-ին աջակցություն հայտնելու համար կալանավորվեց եւ ունեզրկվեց Սամվել Կարապետյանը, որտե՞ղ էին իրենք եւ իրենց կողմնակիցները, երբ մյուս կուսակցություններն ու հազարավոր մարդիկ պայքարի էին դուրս եկել փաշինյանական բռնապետության դեմ: Ես կուսակցությունների կամ դրանց ղեկավարների անուններ չեմ տալիս, թեեւ մտքումս մի քանիսը կան, չեմ տալիս՝ ինչ-որ մեկին չառանձնացնելու կամ մյուսին մոռանալու համար, չեմ տալիս, որովհետեւ այդպիսիք շատ են:

Այսօր լռելը նշանակում է միանշանակ աջակցություն հայտնել ռեժիմին եւ նրա պարագլխին, լռել՝ նշանակում է մասնակից լինել նրա կողմից իրականացվող հանցագործություններին, դառնալ նրա հանցակիցը: Ավելի ազնիվ չի՞ լինի, եթե պարզ հայտարարեք, որ աջակցում եք Փաշինյանին եւ համաձայն եք նրա ամեն ասածի ու արածի հետ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image