Մի քանի օր է՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները փորձում էին emis.am հարթակում ամփոփել աշակերտների տարեվերջյան գնահատականները, բայց համակարգը չէր գործում։ Ֆեյսբուքյան մի շարք խմբերում ուսուցիչներն իրենց դժգոհություններն էին շարադրել համակարգի ու իրենց կրած տառապանքների մասին։ Պարզվում է՝ այս օրերին, համակարգը «խաբելու» համար, ուսուցիչներն էլ ինչ միջոցի ասես, որ չեն դիմել․ մեծ մասը չի քնել եւ կեսգիշերից հետո՝ ժամը 2-3-ին է փորձել համակարգ մուտք գործել, որպեսզի կիսամյակ փակեն։
Նախօրեին այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն ուղարկեց հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի, ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, կիսամյակային եւ տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում: «Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին՝ ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով»,- նշված էր հայտարարության մեջ:
Ինչպես մեզ փոխանցեցին դպրոցներից մեկից, խնդիրը կարգավորվել է, բայց ոչ թե համապատասխան մասնագետների միջամտության արդյունքում, այլ՝ ինքն իրեն: Բանն այն է, որ դպրոցների մեծ մասն արդեն ամփոփել է գնահատականները, ու այդ իսկ պատճառով համակարգը չի «կախում», բայց չի բացառվում, որ հաջորդ կիսամյակի ավարտին նորից նույն խնդրի առջեւ կանգնեն թե՛ հանրակրթական դպրոցները, թե՛ մանկավարժները, քանի որ համակարգը նորից ծանրաբեռնվելու է ու արգելակի աշխատանքը: