Քաղաքականություն

Պատճառն աննախադեպ շոգն է

Պատճառն աննախադեպ շոգն է

Անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում հայաստանյան ջրամատակարարման օպերատորի՝ «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ իմ անհատական կռիվն ավարտեցի սարկաստիկ մտքով: Այն է՝ «Վեոլիա Ջուրը» հոգ է տանում մեր ֆինանսների մասին՝ այս աննորմալ շոգ օրերին կտրելով ջուրը: Որովհետև շոգերին դիմակայելու հիմնական միջոցը շատ ջուր օգտագործելն է: Ինչը, բնականաբար, պետք է հանգեցներ ավելի շատ գումար վճարելուն: Իսկ մենք, առանց դա գիտակցելու, բողոքում ենք ջրանջատումների առումով: Բայց չեմ կարող չխոստովանել, որ ո՛չ անհատական կռիվս ու ո՛չ էլ իմ երկնած սարկազմը չարժանացան որևէ ուշադրության:

Ընդհակառակը, ընկերության գործադիր տնօրեն տիկինը չգիտես ինչու որոշել էր հանդիպել ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված անձի հետ: Երևի որոշել էր, որ վերջինիս լիազորությունների շրջանակի մեջ է մտնում հանրապետության ջրամատակարարման հարցը:

Ինչևէ, ինչ իմանայի, որ շաբաթը դեռ չավարտված իմ սարկաստիկ միտքը հնչելու էր ինչ-որ տիկնոջ շուրթերից քաղաքական թեմայի առնչությամբ: Ուրեմն, այդ տիկինը շատ լուրջ դեմքով հայտարարում է, որ գործարար Սամվել Կարապետյանի բախտը բերել է, որ հայտնվել է ՀՀ ԱԱԾ պադվալում: Որովհետև Ռուսաստան վերադառնալու դեպքում նրա հետ ինչ-ինչ հաշիվներ էին մաքրելու:

Փաստորեն, հոր մահվան կապակցությամբ Հայաստան այցելած, այնուհետև ՌԴ վերադարձած և քառասունքի կապակցությամբ կրկին այցելած ռուսաստանյան միլիարդատերը չպետք է վերադառնար Մոսկվա: Եվ դա հայտարարվում է հայաստանյան լրատվական կայքերից մեկի միջոցով: Չեմ ցանկանում տալ թե՛ կայքի անվանումը և թե՛ կնոջ անուն-ազգանունը: Որին, ի դեպ, բախտ չեմ ունեցել ճանաչելու: Ընդամենը պետք է գիտակցել, թե ինչ աստիճանի կարող են իջնել նիկոլապաշտությունն ու ռուսատյացությունը՝ երբ այդ երկու երևույթները համատեղվում են:

Շաբաթվա ընթացքում լրատվական կայքերը դիտարկելիս նկատեցի մեկ այլ հիշարժան արտահայտություն: Այն պատկանում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քլոյան Անուշին: Ով, որքան տեղյակ եմ, 2008-ի մարտի 1-ի զոհերի մեկի քույրն է: Առանց կոնկրետ անուններ հնչեցնելու՝ տիկին Քլոյանը ներկայացնում է Սրբազանների խոսքը: Օրինակ, նրանցից մեկի «ասածը», որ «պետք է գլխատենք Նիկոլ Փաշինյանին»:

Թե որտեղից էր դա պեղել տիկինը՝ տեղյակ չեմ: Բայց, անկեղծ ասած, դրա վրա կանգ չառա, քանի որ ինձ ավելի հետաքրքրեց կրկին հայ հոգևորականներին ուղղված այս «ճշմարտությունը». «Իրենք չունեն վեհ գաղափարներ, իրենց արժեհամակարգը միմիայն իրենց մասին է, լավ ապրելու մասին է, իսկ դրա համար պետք են ամենաթողություն, իշխանություն»:
Պատկերացնո՞ւմ եք, հայաստանյան ողջ գրագետ հասարակությունը քննադատում է գործող իշխանությանը և հատկապես դրա ղեկավար Նիկոլին՝ արձանագրելով, որ լավ ապրելու տենչանքը դարձել է այդ անձի հիմնադրած կուսակցության գաղափարախոսական հիմքը:

Ինչի առկայության պարագայում ընդհանրապես հնարավոր չէ խոսել վեհ գաղափարների մասին: Որ այդ կուսակցության անդամների արժեհամակարգը չի ձգում պլինտուսից (շրիշակից) բարձր մակարդակի: Որ իրենց լավ ապրելը ապահովելու համար իշխանությունը ոչ թե ձգտում է, այլ վաղուց արդեն հաստատել է ամենաթողության մթնոլորտ: Այն, ինչն առկա էր նախկինում, բայց հաստատ շատ հեռու էր այսօրվա մակարդակից:

Հոդվածս ավարտեմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանեկան լրատվական կայքի՝ փողոցում անցկացված հարցախույցից մի հատվածով: Լրագրողի հարցին պատասխանող կինը մեկ կաթողցիկոս է քննադատում, մեկ էլ խոսում է, որ պետք է հարգել մեր սրբությունները, մեր վանքերը: Ու չի հասկացվում, թե վանքերը հարգելու հետ ինչ կապ ուներ վարչապետ ունենալը:

Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ ամառվա շոգ օրերին մարդիկ կա՛մ չեն հասկանում, թե ինչ են խոսում: Կա՛մ էլ ստուդիայում տեսանյութը կտրտողները չեն հասկանում՝ կրկին շոգի պատճառով, թե որտեղից կտրտեն նյութը, որպեսզի չխախտվի խոսքի տրամաբանությունը: Ինչ ասեմ, երևի այս ախմախությունների պատճառն իսկապես երևանյան աննախադեպ շոգն է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image