Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ՀԷՑ-ը Կարապետյաններին վերադարձնելու մասին չէ, այն գործող իշխանության` իրեն օրենքից եւ օրինականությունից վեր դասելու մասին է: Եթե Փաշինյանի համար գոյություն չունեն Հայաստանի Սահմանադրություն, օրենքներ, ինչո՞ւ պետք է նրա համար գոյություն ունենան միջազգային իրավունք կամ դրանից բխող որոշումներ, որ մի հատ էլ դրանք ենթակա լինեն պարտադիր կատարման: Ընդհանրապես, բռնապետի կամքը բարձր է ամեն ինչից, այդ թվում եւ՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումից: Բռնապետը բռնապետ է հենց այնքանով, որ նրա վրա ոչ մի օրենք կամ որոշում չի տարածվում ապրիորի: Կարող են ասել, որ բռնապետը կարող է խնդիրներ ունենալ արբիտրաժի որոշումը չկատարելու հետ կապված. նրա համար ցանկացած խնդիր լուծելի է, բացի իշխանության կորստից, քանի դեռ նա իշխանություն ունի, որեւէ խնդիր չկա:
Ի՞նչ տեղի կունենա, եթե Փաշինյանը հրահանգի չկատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. արբիտրաժը չի կարող նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու մասին որոշում կայացնել, մաքսիմում, որ կարող է անել, ինչ-որ տնտեսական սանկցիաներ կիրառելն է, Հայաստանից ինչ-որ փոխհատուցում պահանջելը: Փաշինյանը կփորձի չվճարել նաեւ այդ գումարները, իսկ եթե, այնուամենայնիվ, ստիպված լինի վճարել, միեւնույն է` այդ գումարն իր գրպանից չի վճարելու, այլ Հայաստանի պետական բյուջեից: Ճիշտ է` նա Հայաստանի պետական բյուջեն ընկալում է որպես սեփական, չէ՞ որ այդ բյուջեի միջոցների մի հսկայական մասը տարբեր եղանակով հոսում է իր գրպանը, բայց նույնիսկ այդ պարագայում նա կարող է հրաժարվել ինչ-որ գումարներից՝ դա համարելով ներդրում իշխանությունը պահելու գործում: Այլապես, եթե նա կատարի արբիտրաժի որոշումը, կարող է հեղինակազրկվել իր թիմի մոտ, բոլորը կմտածեն, որ նա այնքան թույլ է, որ պարտադրված է չեղարկել իր գժությունները, որ նրա ցանկացած որոշում կարող է նույն հաջողությամբ չեղարկվել: Չէ, բռնապետերն իրենց այդպես չեն պահում, նրանք երբեք չեն նահանջում, կռվում են մինչեւ վերջ, մինչեւ իրենց եւ իրենց իշխանության վերջը, որը շատ հաճախ նույնական է:
Փաշինյանը համոզված է, որ քանի դեռ ինքը վայելում է հավաքական Արեւմուտքի աջակցությունը, իրեն ամեն ինչ թույլատրելի է, այդ թվում եւ ուրիշի սեփականությանը տիրանալը: Նա ներքին համոզմունք ունի, որ ինչպես Հայաստանում գործող բոլոր դատարաններն են անվերապահորեն կատարում իր հրահանգները, այնպես էլ Արեւմուտքում գործող, այսպես կոչված, միջազգային դատարանները, այդ թվում եւ Ստոկհոլմի արբիտրաժը, չեն կարող չկատարել, ասենք, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, էլ չենք ասում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հրահանգները: Քանի դեռ ինքը վայելում է նրանց հովանավորությունը, ոչ մի Ստոկհոլմի արբիտրաժ իրեն չի կարող վնաս հասցնել: Նրա ընկալմամբ, այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 22-ին, ընդամենը արբիտրաժի անկախությունն ապացուցելուն ուղղված քայլ է, բայց եթե հարցը շատ լրջանա, վերեւներից կմիջամտեն, եւ իրեն ու իր իշխանությանը սպառնացող վտանգը կչեզոքացվի: Պատահական չէ, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման առթիվ կառավարության արձագանքում կա այսպիսի կետ. «Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը»:
ՀԷՑ-ը եւ դրա նկատմամբ Սամվել Կարապետյանի սեփականության իրավոււնքն ինչով կամ ինչպես էր վտանգում առկա հանրային կարգը, կամ` ինչ է ընդհանրապես հանրային կարգը: Հանրային կարգն իրենից ներկայացնում է հասարակության սոցիալական եւ քաղաքական համակարգը, տնտեսական համակարգը եւ հոգեւոր կյանքի հիմքերը: Հիմա ասեք` վերոնշյալից ո՞ր մեկն էր վտանգում Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը, պետական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին խոսելն ավելի քան անհեթեթ է:
Փաշինյանն ուզում է իր արեւմտյան հովանավորներին ասել, որ Սամվել Կարապետյանը, լինելով Ռուսաստանի քաղաքացի, իր հեղինակությամբ եւ ազդեցությամբ վտանգում էր իր իշխանությունը, որ ՀԷՑ-ը կարող էր օգտագործվել որպես իր իշխանության դեմ պայքարի գործիք, եւ ինքը, կալանավորելով նրան եւ նրանից խլելով ՀԷՑ-ը, դրանով ապահովագրել է իր իշխանությունը: Մի՞թե արեւմտյան կառույցները չպետք է իրեն խրախուսեն նման սկզբունքային գործողությունների համար, չէ՞ որ պաշտպանելով իր իշխանությունը, ինքը պաշտպանում է արեւմտյան ազդեցությունը Հայաստանում թշնամի Ռուսաստանի հարձակումից: Իսկ դրա դիմաց ստանում է Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը: Որքանո՞վ է դա արդար:
Փաշինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին բռնապետն է, որ մտածում է՝ Արեւմուտքին անվերապահ ծառայելն իր ձեռքերը ազատում են իր վերահսկողության տակ հայտնված երկրներում սանձարձակ վարք դրսեւորելու համար: Յուրաքանչյուր բռնապետի թվում է, որ չնայած նախկինները պատժվել են, կորցրել են ե՛ւ իշխանություն, ե՛ւ կյանք, բայց դա տեղի է ունեցել նրանց մեղքով, քանի որ նրանք ըմբոստացել են իրենց տերերի դեմ, եւ տերերն ընդամենը պատժել են հպատակներին: Ինքն այնքան հնազանդ եւ խելամիտ կգտնվի, որ անվերապահ կծառայի տերերին եւ միշտ կվայելի նրանց բարեհաճությունը: Մինչդեռ հպատակները փոխվում են ոչ միայն անհնազանդության պատճառով, շատ հաճախ նրանք փոխվում են, քանի որ փոխվում են նաեւ տերերը, շատ հաճախ փոխվում են նրանց ճաշակն ու պահանջները, շատ դեպքերում նրանք ուղղակի ուզում են նոր հպատակներ ունենալ: