ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել:
Նախագծով առաջարկվում է նաեւ գործուղվող տնօրենին տրամադրել 138 հազար 300 դրամ լրավճար՝ 5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։ Գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ունեն ուսումնական հաստատություն ղեկավարելու փորձ, եւ այդ հաստատությունն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ: 2026 թվականին նախատեսվում է ունենալ 26 գործուղված տնօրեն: Մեկ գործուղվող տնօրենի համար տարեկան նախատեսվում է շուրջ 2 մլն դրամ: Անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին ու հարցին, թե որքանով սա կլուծի այն բացը, որը կա համակարգում, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ գործուղման սկզբունքը նաեւ սահմանափակումներ ունի:
«Նախ, հստակ չէ՝ այն 138 հազար հավելավճարը որ դեպքերում են տալու, օրինակ, հնարավոր է` ինչ-որ մեկը Երեւանից գնա Աբովյանի դպրոցի տնօրեն եւ ստանա 138 հազար հավելավճար, իսկ մյուսը՝ էլի Երեւանից, բայց գնա Տավուշ ու էլի նույն հավելավճարը ստանա: Այսինքն, եթե մոտիկ դպրոցի համար տնօրենին այդքան հավելավճար է տրվում, դա ինչ-որ չափով խտրական վերաբերմունք է նաեւ մյուս տնօրենների հանդեպ, որոնք գուցե Երեւանից են ամեն օր գնում Աբովյան»:
Ինչ վերաբերում է հարցին, որ 2026-ին ԿԳՄՍՆ-ն նախատեսում է 26 տնօրեն գործուղել դպրոցներ, Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ այս պահին փաստացի մենք ունենք 300 դպրոց, որոնք չունեն տնօրեն. «Հիմա մինչեւ 2026-ն այդ թիվը կարող է հասնել 500-ի, որովհետեւ բոլոր թեկնածուները տապալվում են, ու կարծես կոտորածի նման բան լինի, քանի որ նույն մարդը 4-5, անգամ 8 անգամ դիմում ու չի հաղթահարում: Կտրում են նաեւ հարցազրույցներից: Ու հիմա 2026-ին, երբ տնօրենի թափուր հաստիք ունեցող դպրոցների թիվը կարող է հասնել 500-ի, այդ թվի մեջ 26 հոգի գործուղելը, այն էլ՝ այդպիսի վիճելի պայմաններով, ի՞նչ է տալու մեզ: Սա համակարգային լուծում չէ, այլ շատ փոքրիկ կոսմետիկ լուծում, որը եղանակ չի փոխելու»:
Փորձագետը կարծում է, որ տնօրենների նշանակման այս ողջ համակարգը պետք է փոխել, քանի որ ակնհայտ է` չի աշխատում. «Հիմա մենք մեղքը կարող ենք գցել տնօրենների վրա, ինչպես դա արվեց կառավարության նիստում, եւ ասվեց, որ հայ ժողովրդի 95 տոկոսը մասնագետ չէ, կամ՝ որ դպրոցի տնօրենի 100 հավակնորդից 5-ն է համապատասխանում մեր ստանդարտներին...: Ես այստեղ կհակադարձեի` իսկ գուցե համակա՞րգը լավ չի աշխատում, օրինակ՝ համակարգն այս մարդկանց պատրաստե՞լ է զարգացման ծրագիր գրելուն կամ հարցազրույցին: Այո, ես համաձայն եմ, որ մեր դպրոցի տնօրենների, ուսուցիչների 90 տոկոսը զարգացման ծրագիր չգիտի գրել, բայց ո՞վ եւ որտե՞ղ է իրենց սովորեցրել դա, կամ եթե անգամ իմանան, արդյոք դա՞ է լավագույն տնօրեն լինելու չափանիշը, կամ դպրոցի տնօրեն դառնալու ամենակարեւոր հմտությունը զարգացման ծրագիր գրե՞լն է, թե՞ ուրիշ բաներ էլ կան: Զարգացման ծրագիր գրելը շարադրության պես մի բան է: Իհարկե, գիտնականի, ռազմավարական աշխատանք կատարողի, թոփ մենեջերի համար դա կարեւոր է, օրինակ, շատ կարեւոր է, որ նախարարության բոլոր աշխատողները կարողանան զարգացման ծրագրեր գրել, բայց դպրոցի տնօրենը՝ ինքը, իրականացնող պետք է լինի: Այսինքն, մենք տնօրենի ավելի շատ գործադիր ֆունկցիաները պետք է ստուգենք, ոչ թե շարադրություն գրելը»:
Մեր ամենամեծ խնդիրը, ըստ Ս. Խաչատրյանի, այն է, որ կրթության համակարգն ինքն իրեն չի կարողանում հայելու մեջ տեսնել. «Իր խնդիրները, սխալները չի տեսնում, եւ ամեն ինչ գցում են ուսուցիչների, տնօրենների, ծնողների վրա, բայց նախ եկեք մեր համակարգը նայենք, հետո նոր մեղքը գցենք տնօրենի թեկնածուների վրա: Այս կարողությունն ու խիզախությունն է պետք, որ համակարգն իրեն տեսնի ու երբ տեսնի, կհասկանա, որ շատ խնդիրներ համակարգի պատճառով են, ոչ թե անհատների: Բոլոր երկրներում էլ մարդկանց 90 տոկոսը թույլ մասնագետ է, բայց զարգացած երկրները կարողանում են այնպիսի համակարգ ստեղծել, որ այդ թույլ մասնագետը համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ սկսում է աճել: Հիմա մեզ մոտ այդ աճեցնող համակարգը չկա, այդ 10 տոկոսն էլ գուցե աճում է իր տաղանդի ու ինքնուրույն աշխատանքի շնորհիվ»:
Մեկ այլ հարց է, թե ով է գրում այդ «շարադրությունը»` ռազմավարությունը։ «Քանի՞ մարդ է դարձել տնօրեն ուրիշի գրած շարադրությունով, դա պարզել է նախարարությունը, չէ՞ որ սա էլ է համակարգի թերությունը, եթե մարդը գալիս է ուրիշի գրածով ու անցնում-գնում է, ուրեմն համակարգդ լավ չի աշխատում»,- նկատում է փորձագետը:
Շատ ուսուցիչներ անանուն տարբեր ֆեյսբուքյան խմբերում բարձրաձայնում են, որ բանավոր հարցազրույցի փուլը հաղթահարում են «ՔՊ ծնվածները»` ուղղակի ակնարկելով քաղաքական հայացքների ու դիրքորոշումների մասին, մեկ ուրիշն էլ նկատել էր, որ 3 անգամ բանավորի փուլը չհաղթահարածը նշանակվում է տնօրենի պաշտոնին: Ուստի, շատերն առաջարկում են, որ վերացվի բանավոր փուլը, ըստ այդմ` սուբյեկտիվ մոտեցումը: Ս. Խաչատրյանն ասում է` քանի որ այս հարցը շատ ներքին ու անձնական հարց է, չի կարող միանշանակ պնդել, թե այդ փուլում ինչ-ինչ գործոններից ելնելով են որոշումներ կայացնում։ Միեւնույն ժամանակ․ «Բոլորս էլ գիտենք, որ սա Հայաստանն է, եւ այստեղ այդ հնազանդության, կառավարելիության խնդիրները կան, բայց ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ կողքից չեմ կարող դա տեսնել, եւ նման հարցերը հանրային չեն քննարկվում, բայցեւայնպես, իմանալով, թե ինչքան վատն է Հայաստանի ընդհանուր համակարգը, չեմ բացառում: Այդ մոտեցումը մենք Գյումրիում էլ տեսանք, երբ իշխանական թեկնածուի ավարտական հանրահավաքին մեծ մասամբ պոլիկլինիկաների աշխատողներ էին, այսինքն՝ այդ սոցիալական ոլորտն օգտագործվում է որպես ընտրազանգված, դրա համար Հայաստանում ոչինչ չենք բացառում»:
Անդրադառնալով բանավոր փուլի հետ կապված դժգոհություններին՝ առաջարկում է հարցաշարի պես մի բան գործարկել, քանի որ մարդը գնում է ու չգիտի, թե իրեն ինչ են հարցնելու. «Պատկերացրեք, դուք՝ պատկառելի տարիքում, գնում եք քննության եւ չգիտեք, թե ձեզ ինչ են հարցնելու, անակնկալ հարց է դրվում, եւ դա էլ է հոգեբանորեն մարդուն ընկճում, քանի որ մարդը կարող է արագ չկողմնորոշվել, թե ոնց պատասխանի: Հետո՝ կարող են լինել այնպիսի հարցադրումներ, որ եթե այս մի տեսության տեսանկյունից նայես, ճիշտն այս պատասխանը լինի, այն մյուս տեսանկյունից` ուրիշը, ու հավակնորդը չկողմնորոշվի` ինչ ասի, որ իրենից գոհ մնան։ Բայց այդպես չպետք է լինի, ամեն ինչ պետք է լինի հստակ` հարցաշար, եւ այդ հարցաշարով մարդը պատրաստվի բանավոր քննության: Ես բանավորին կողմ եմ, որովհետեւ բանավորը հնարավորություն է տալիս, որ դու մարդուն տեսնես, զգաս նրա խոսքը, մտածելակերպը, բայց, ցավոք, բանավորն ունի այդ թերությունը եւ կարող է շատ սուբյեկտիվ լինել»:
Վարչապետի բարձրաձայնած կադրային ճգնաժամի մասին դիտարկմանը կրթության փորձագետն արձագանքում է՝ կադրեր չկան, որովհետեւ համակարգ չկա. «Եվ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե տնօրենների հետ հարցազրույցներ անելն է, այլ՝ աշխատող համակարգեր ստեղծելը: Ոչ մի երկրում էլ բնակչությունը տաղանդավոր չէ, մարդկանց աճեցնում է լավ համակարգը: Վատ համակարգն ամենալավ մասնագետին կարող է խժռել, դրա համար ամբողջ պատասխանատվությունն այն մարդկանց վրա է, որոնք համակարգ են ստեղծում եւ կառավարում, ու ոչ այն մարդկանց վրա, որոնք համակարգի խաղացողներն են, քանի որ խաղացողները խաղում են կանոնների համաձայն։ Լավ կանոններ, լավ պայմաններ դրեք՝ ամեն ինչ կփոխվի: Եթե չեք դնում, պարզ է, որ մարդկանց մեծ մասը վատ մասնագետ է լինելու: Հայաստանի ամենամեծ թերություններից մեկն այն է, որ մարդիկ, որոնք մնում են Հայաստանում, չեն աճում, անգամ ամենատաղանդավոր երիտասարդը մի քանի տարի հետո տեսնում ես՝ միջակ մասնագետ է դարձել, բայց մեղքն իրենը չէ: Ինչո՞ւ են մարդիկ գնում այլ երկրներ, որովհետեւ այնտեղ այդ աճի հնարավորությունները, միջավայրը, համակարգը կան: Ես սա որպես դասախոս եմ ասում, նաեւ շատ տաղանդավոր ուսանողներ եմ ունեցել, բայց նրանք, ովքեր մնում են Հայաստանում, չեն աճում, որովհետեւ տեղ, հնարավորություն, պայման, միջավայր չկա»: