Հարցազրույց

«Հրապարակ». Ռուսաստանը շատ հազվադեպ է դիվանագիտական պրակտիկայում դիմում կոպիտ կամ կտրուկ հռետորաբանության

«Հրապարակ». Ռուսաստանը շատ հազվադեպ է դիվանագիտական պրակտիկայում դիմում կոպիտ կամ կտրուկ հռետորաբանության

«Հրապարակի» զրուցակիցը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւն է:

- Չնայած Հայաստանը շարունակում է չմասնակցել ՀԱՊԿ նիստերին, սակայն պաշտոնական հայտարարություն է հնչել, որ չեն խոչընդոտելու որոշումների ընդունմանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը:

- Սա ցույց է տալիս ՀԱՊԿ-ում մասնակցություն չունենալու Հայաստանի ցանկությունը: Իսկ եթե հարցին պատասխանենք ավելի լայն, ապա իրավիճակը հետեւյալն է․ Հայաստանը 2022-ի աշնանն ակնկալում էր ավելի ուժեղ արձագանք ՀԱՊԿ-ից՝ երկրի հարավում Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Եվ երբ ՀԱՊԿ-ի արձագանքը բավականաչափ համոզիչ չէր, բավականաչափ կոշտ չէր, Հայաստանը որոշեց այդ ճանապարհով ՀԱՊԿ-ին, մասնավորապես՝ Ռուսաստանին, ազդանշան տալ, որ ավելին էր ակնկալում: Բայց քանի որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից ավելի կոշտ դիրքորոշում չեղավ, Հայաստանի իշխանություններն աստիճանաբար բարձրացրին այդ ազդանշանն ուղարկելու հաճախականությունը, ուժեղացրին մինչեւ այն կետը, որ պաշտոնական Երեւանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Հիմա Հայաստանի իշխանությունների համար մի տեսակ անհարմար է ՀԱՊԿ-ից դուրս գալը, որովհետեւ դա Հայաստանին կզրկի այն երաշխիքներից, որոնք կան: Այո, կարելի է վիճել, թե որքանով այդ երաշխիքները կան, կամ որքանով են դրանք աշխատող կամ զսպող հանգամանք հանդիսանում, սակայն այդ երաշխիքները գոնե կան: ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանն այդ երաշխիքներից կզրկվի, իսկ ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալով՝ լռելյայն համաձայնում է կազմակերպության արձագանքի հետ՝ Ջերմուկում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, որոնք տեղի ունեցան 3 տարի առաջ: Եվ երկրորդը․ պաշտոնական Երեւանը չի ուզում վերադառնալ ՀԱՊԿ, այդ պատճառով էլ Երեւանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններն այն վիճակում են, որ հիմա կան:

- Այսինքն, ՀԱՊԿ-ում ՀՀ իշխանությունների այս քաղաքականության պատճառը հենց դա է եւ ոչ թե այն, որ, ինչպես շատ քաղաքագետներ են ասում, ՀՀ ներկա իշխանություններն Արեւմուտքի կողմն են գնում եւ վարում են Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն: Դուք այդ ամենը բացատրում եք Ջերմուկի դեպքերո՞վ:

- Ոչ, ես դա բացատրում եմ ոչ միայն Ջերմուկում 2022-ին տեղի ունեցածով, առաջին հերթին, դա բացատրում եմ Ջերմուկից հետո տեղի ունեցած դեպքերի հաջորդականության շղթայով: Երկրորդը․ ինձ համար այդքան էլ հասկանալի չեն բացատրությունները, որոնք այս կամ այն պատճառները կամ իրադարձությունները պայմանավորում են առաջին հերթին այս կամ այն քաղաքական լիդերների քաղաքական դիրքորոշումներով ու քաղաքական իդեոլոգիաներով: Իհարկե, ՀՀ իշխանությունները չեն էլ թաքցնում, թե ինչ վերաբերմունք ունեն Ռուսաստանի հանդեպ, եւ տարօրինակ կլինի դա չնկատել: Հայաստանի ղեկավարությունն այդ մասին հայտարարել է թե՛ ուղիղ, թե՛ երբ համապատասխան հայտարարություններն արվում են իշխող կուսակցության կամ պրոիշխանական լրատվամիջոցների կողմից, մեզ ամեն ինչ հստակ բացատրել են: Ինձ թվում է, իդեոլոգիայի մասին խոսելուց բացի, պետք է խոսել նաեւ Հայաստանի շահերի, Հայաստանի իշխանությունների քաղաքական մարտավարության, պետք է խոսել իշխանությունների քաղաքական ռազմավարության մասին: Այս դեպքում, իմ կարծիքով, նրանց գործողությունները սխալ էին, քանի որ դրանք չկարողացան ՀԱՊԿ-ում Ռուսաստանի կողմից ավելի կոպիտ ռեակցիայի հասնել, իմաստ չկար ՌԴ-ին տրվող ազդանշանն ավելի ուժեղացնել ու դեմոնստրատիվ ցույց տալ, թե Հայաստանն ինչքան դժգոհ է: Ըստ իս, ճիշտ որոշում կլիներ ընդունել առաջարկվող որոշումը՝ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության մասով, որը պետք է իրականացվեր սահմանի երկայնքով: Հայաստանն ինքնիշխան պետություն է, ես չեմ բացառում, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են ՀԱՊԿ-ի մասով, կապված է եղել նաեւ այն հանգամանքի հետ, թե որքանով է Արեւմուտքը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մասով պատրաստ ընդունել Հայաստանին, եթե հանկարծ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Պարզվեց, Արեւմուտքն այդքան էլ պատրաստ չէ Հայաստանին ընդգրկել իր ռազմաքաղաքական համակարգերում: Բայց արդեն ուշ էր, որովհետեւ ՀԱՊԿ-ում իրենց մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարություններն արդեն արվել էին, եւ դժվար էր դրանից հետո վերադառնալ հետ:

- Այսինքն, հույսերը չարդարացա՞ն:

- Ես չասացի դա, Դուք ասացիք:

- ՀԱՊԿ վերջին նիստին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ակտիվ համագործակցելու է ՀԱՊԿ դաշնակիցների հետ՝ ռազմական պոտենցիալն ամրապնդելու ուղղությամբ, եւ շեշտադրումը դրվելու է մարտական պատրաստվածության բարձրացման ու կոլեկտիվ պաշտպանողականությունը բարձրացնելու վրա: Այս հայտարարությունը Հայաստանին վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ:

- Ես կարծում եմ, որ սա Հայաստանին վերաբերում է ուղիղ այնքան, որքան Հայաստանը պատրաստ է միանալ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող միջոցառումներին: Եթե Հայաստանը վաղն ասի՝ մենք վերջացնում ենք այս սառեցումը, մեզ մոտ ոչինչ չի ստացվում, կարող են նույնիսկ պարզապես ասել, որ վերջացնում ենք սառեցումը, որ պատրաստ են միանալ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող զորավարժություններին, Հայաստանին կընդունեն սիրով եւ լայն բացված ձեռքերով:

- Պուտինը դա՞ էր ակնարկում, երբ ասում էր, որ հասկանում է հայ գործընկերներին, ովքեր չնայած չեն մասնակցում, սակայն որոշումների ընդունման մասով խոչընդոտներ չեն ստեղծի:

- Այո, ռուսական կողմի դիրքորոշումը հետեւյալն է․ եթե դուք ուզում եք դեռեւս այդ ռեժիմով գործել, ուրեմն այդպես արեք, եթե դուք որոշեք վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության, ապա վերադարձեք:

- Իսկ ինչո՞վ եք բացատրում ջերմ վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

- Ջե՞րմ...

- Այո, տպավորություն է, որ նրանց ներվում է ամեն ինչ, ցանկացած հակառուսական քայլ:

- Ռուսաստանի հանդեպ ի՞նչ են նրանք արել, որ չէր կարելի նրանց ներել:

- Նույն՝ ռուսական կողմն է ամենաբարձր մակարդակներով պարբերաբար դժգոհում ՀՀ իշխանությունների այս կամ այն քայլերից:

- Ռուսաստանի դիվանագիտության ոճը միշտ չէ, որ հասկանալի է Սովետական Միության մեր նախկին գործընկերների համար, չնայած թվում է, թե նրանք պետք է որ մեզ լավ ճանաչեին: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը գրեթե միշտ մաքսիմալ փափուկ է խոսում, Ռուսաստանը շատ հազվադեպ է իր դիվանագիտական պրակտիկայում դիմում կոպիտ կամ կտրուկ հռետորաբանության: Բացառիկ երկրների, բացառիկ դեպքերի պարագայում է նման հռետորաբանություն կիրառվում: Այս տարիների ընթացքում ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ: Նրանք կտրուկ մեծացրել են հակառուսական խոսույթը հայկական լրատվամիջոցներում: Պարզ է, որ մեզ ասում են, որ Ռուսաստանում էլ ռուսական լրատվամիջոցներում են հակահայկական հռետորաբանության չափաբաժինը մեծացրել, ինչն իրականում այդքան էլ այդպես չէ: Ուրիշ ի՞նչ են արել․ ոչ բարեկամական քայլերից մեկը Միջազգային քրեական դատարանի ստատուտի ռատիֆիկացիան էր: Ընդ որում, շատ հետաքրքիր ստացվեց, որովհետեւ սկզբում Երեւանում մեզ բացատրում էին, որ դա պետք է անեն, որպեսզի Ադրբեջանի դեմ դատական գործ բացեն, որը չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ, իսկ հետո, երբ հրապարակվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախնական ծրագիրը, պարզվեց, որ կողմերը պայմանավորվել են միջազգային դատարաններում առկա բոլոր հայցերը միմյանց դեմ հետ կանչել: Ստացվում է, որ հռոմեական ստատուտի ընդունումը, բացի հակառուսական քայլից, որեւէ այլ բովանդակություն չունի: Չկա վստահություն, որ Հայաստանի ղեկավարությունն ունի հստակ ստրատեգիկ գիծ, ուղղություն: Ես ենթադրում եմ, որ շատ որոշումներ ընդունվում են իրավիճակի ազդեցության տակ, հետո այդ որոշումները նոր իրավիճակներ են ստեղծում, հետո այդ նոր իրավիճակներն իրենց հետ բերում են նոր իրավիճակներ: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում էլ դա հաճախ պատահում է:

- Ռուսական մեդիայում հակահայկական խոսույթի մասին ի՞նչ կասեք:

- Հայաստանի իշխանությունները հակահայկական հռետորաբանություն են որակում Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված քննադատությունը: Ռուսական մամուլում իսկապես շատ են Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատությունները, սակայն դա բացարձակապես կապ չունի հակահայկական հռետորաբանության հետ: Ռուսաստանում շատ քննարկվեց այն հեռուստատեսային շոուն, որի ժամանակ կարծիքներ հայտնելիս շատ տհաճ ձեւակերպումներ հնչեցին։ Նաեւ ասվեց, թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մարդիկ չէին ուզում պաշտպանել Սովետական Միությունը, եւ նրանց ուժով էին քշում մարտադաշտ: Դա ճիշտ չէ, քանի որ Հայրենական մեծ պատերազմն ամբողջությամբ եւ հատկապես առաջին ամիսները հայտնի էր սովետական զինվորների մասսայական հերոսություններով: Դա նույնն է, թե ռուսական թերթում կամ ռուսական հեռուստաընկերությամբ ինչ-որ մեկը պատմեր, որ հայերը չէին ուզում 1992 թվականին կռվել Արցախի համար, նրանց ստիպում էին։ Դա սուտ կլիներ ու դա կլիներ հակահայկական հռետորաբանություն: Ոչ մի նման բան ռուսական լրատվամիջոցներում չկա, իսկ Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատություն իսկապես կա, որը ՀՀ իշխանությունները համահավասարեցնում են հակահայկական հռետորաբանության հետ: Հռոմի ստատուտի ընդունումից ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ դեռեւս ոչ վերջնական որոշումից բացի, այնքան էլ հասկանալի չէր նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը: Ես չեմ կարծում, թե սա արժե որակել որպես հակառուսական գործողություն: Ռուս սահմանապահներն այնտեղ էին գտնվում երկու կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, կողմերից մեկը որոշեց այդ որոշումը վերանայել: Դա նշանակում է, որ մեր սահմանապահներն իրենց ուժերը չեն ծախսի այն գործունեությունը ծավալելու համար, ինն իրենց փոխարեն կանեն հայ սահմանապահները․ ես այստեղ ոչ մի հակառուսականություն չեմ տեսնում: Երբ պաշտոնական Երեւանը կայացնում է որոշում, որն իսկապես շոշափում է Ռուսաստանի շահը, օրինակ՝ ԵՄ-ին անդամակցելու մասին, Ռուսաստանից հնչում են բավականին կոշտ ու ուղիղ գնահատականներ: Իսկ ուղղակի կռվել, որովհետեւ մեզ դուր չի գալիս, թե ինչ են մեր մասին խոսում հայկական լրատվամիջոցները՝ ինչո՞ւ, ի՞նչ հավելյալ արժեք է դա հաղորդում մեր դիվանագիտական ջանքերին: Ի դեպ, եթե ուշադրություն դարձնեք, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացում եղավ, ռուսական ԱԳՆ-ն նույնպես շատ զգույշ էր արտահայտվում: Ասվում էր, որ մենք հետաքրքրված ենք բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ Ադրբեջանի հետ, ենթադրում ենք, որ դա համապատասխանում է երկու երկրների շահերին: Եվ, այո, այսպիսի ոճ ունի ռուսական դիվանագիտությունը: Բացի այդ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ ոչ մի անդառնալի քայլ դեռեւս չեն գործել:

Շարունակելի
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image