Քաղաքականություն

Հայաստանի համար Արևմուտքը ո՛չ ԱՄՆ -ն է, և ո՛չ էլ նույնիսկ Եվրոպան 

Հայաստանի համար Արևմուտքը ո՛չ ԱՄՆ -ն է, և ո՛չ էլ նույնիսկ Եվրոպան 

Այո, որքան էլ դա տհաճ լինի, Հայաստանի համար Արևմուտքը ո՛չ ԱՄՆ -ն է և ո՛չ էլ նույնիսկ Եվրոպան: Թե՛ աշխարհագրորեն և թե՛ աշխարհաքաղաքական առումով Արևմուտքը Թուրքիան է: Աշխարհաքաղաքական, քանի որ նախկինում աշխարհիկ, իսկ նախագահ Էրդողանի օրոք դեպի կրոնապետություն թեքված Թուրքիան արևմտյան ռազմաքաղաքական կառույցի՝ ՆԱՏՕ-ի, անդամ է: Իսկ դա այն պետությունն է, որ 100 տարի առաջ բնաջնջեց Արևմտյան Հայաստանը և մեր օրերում էլ փորձում է վերջ դնել Արևելյան Հայաստանի վերջին անկյունում պատսպարված պետության գոյությանը: Ու դրան, դժբախտաբար, նպաստում է մեր միամտության պատճառով ՀՀ վարչապետ կարգված Նիկոլը: Չնայած, որպես երկրի ղեկավար, ինքը չէր ցանկանա կորցնել ղեկավարի կարգավիճակը: Որովհետև դա կլինի ոչ միայն կարգավիճակի կորուստ, ու ինքը դա հիանալի գիտակցում է:

Դա՝ մեկ: Երկրոդ, որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Նիկոլը ձգտում է միանալ Արևմուտքին: Ինչը նշանակում է, որ ինքը չի կարող խուսափել թուրքական, մեղմ ասած, ազդեցության տակ ընկնելուց: Ինքն, իհարկե, շատ կցանկանար, որ հենց իր իշխանության օրոք Հայաստանը վերածվեր Եվրամիության անդամի: Բայց այնքան ադեկվատ է, որ հասկանում է դրա անհնարին կամ շատ հեռու ապագայում իրագործվելիք լինելը: Եթե, իհարկե, դա մի օր կյանքի կոչվի: Ու այդ պատճառով էլ եվրոպական կառույցներից մեկում մեկ-երկու տարի առաջ հայտարարում էր, որ մենք կփորձենք մերձենալ Եվրոպային, որքան մեզ կթույլատրեք: Կարծում եմ, որ ով էլ լինի Նիկոլի փոխարեն՝ եթե վերջինս լինի արևմտամետ, բախվելու է նույն խնդրին: Ու այդ պատճառով էլ մի քիչ դժվար է հասկանալ այն անձանց, ովքեր այսօր ընդդիմադիրներ են, սակայն իրենք ևս ձգում են տեղ գրավել եվրոպական ընտանիքում: Իհարկե, բացառությամբ այն անձանց, ովքեր նրա փոխարեն իրենք են ցանկանում Հայաստանը «տանել» Արևմուտք:  

Իսկ որպեսզի, իր կարծիքով, արագացնի եվրոպացի դառնալու հայության իղձերը՝ վերջինս մասնակցում է եվրոպական երկրների ղեկավարների քաղաքական համաժողովներին: Որ երկու-երեք տարի առաջ Ուկրաինային աջակցելու նպատակով նախաձեռնվել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից: Դրանով չբավավարվելով՝ քաղաքացիական կնոջն ու Նոր Նորքի՝ արդեն նախկին թաղապետին (վարչակազմի ղեկավարին) ուղարկել էր Կիևին մոտակա Բուչա քաղաքում կատարված կեղծ բեմադրության տարելիցին մասնակցելու: Ինչպես հասկանում ենք, դրանք Ուկրաինայի ու ողջ Արևմուտքի դեմ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քայլեր են: Բայց ոմանց համար Նիկոլը դեռ մնում է ռուսամետ, քանի որ, նախ, մի քանի տարի առաջ համաձայնել է Սիրիա խաղաղապահ ջոկատ ուղարկելու՝ Պուտինի առաջարկին: Եվ երկրորդ, օրերս դիմել է Ռուսաստանի ու Չինաստանի նախաձեռնած՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու խնդրանքով: Առաջինն ընդամենը փորձի պակասով էր պայմանավորված, իսկ երկրորդը՝ տնտեսական այլընտրանքի բացակայությամբ:

Ես չեմ խոսում ՌԴ-ի թամադայությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացու՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդեպ իրականացված հետապնդումների մասին: Չեմ խոսում 2022-ին Նիկոլի նախաձեռնած՝ Ղարաբաղյան հարցի հետպատերազմական կարգավորման գործընթացից ՌԴ նախագահին, բառիս բուն իմաստով, տշելու մասին: Հիմա էլ մի քանի հարյուր միլիոն դոլարի ռուսական սեփականություն՝ ՀԷՑ-ն է ապօրինի պետականացնում: Մեկ-երկու օր առաջ էլ խորհրդարանի ՔՊ-ական պատգամավոր Թորոսյան Արսենն Իտալիայի և Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Այս գործողություններից բացի ուրիշ ինչ պետք է աներ Նիկոլը, որպեսզի ընդդիմադիր արևմտամետները հասկանային, որ վերջինս հեչ էլ ռուսական պրոյեկտ չէ: Ուրիշ բան, որ 2018-ին Նիկոլի կողմից իշխանությունը բռնի զավթելուն աջակցեց կամ այդ հանգամանքը լռելյայն ընդունեց նաև Ռուսաստանը: Դա լրիվ այլ հարց է, ու եթե մենք փորձում ենք այդ հարցում մեղադրել օտարներին, ապա առաջին հերթին պետք է մեղադրենք ինքներս մեզ: Եթե 2018-ի ապրիլ ամսում Հայաստանում չընթանար Վալպուրգյան գիշերվա պարը, ապա ապրիլի 24-ին էլ Մոսկվայի լրագրողներով ինքնաթիռը վայրեջք չէր կատարի Զվարթնոցում: Ու ճակատագրի դաժան կատակով դա սեփական միջոցներով չէր կազմակերպի Սամվել Կարապետյանը, ում Նիկոլն այսօր պահում է զնդանում:

Ի դեպ այս ամենն ասում եմ որպես մեկը, ով շուրջ երկու տասնամյակ իր ուժերի ներածին չափով պայքարել է, որպեսզի Հայաստանը գոնե ներքին կյանքում վերափոխվի արևմտյան երկրի: Բայց այսօր նույնիսկ այդ ցանկությունը չկա՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում «բարեկարգված այգում»՝ ինչպես իրենց աշխարհամասն են ներկայացնում եվրոպացի չինովնիկները: Դրա համար պետք է ընդամենը բաժանորդագրվել մեկ-երկու տելեգրամյան ալիքի ու օրական կտրվածքով դիտել եվրոպական քաղաքների այսօրվա առօրյան: Հայաստանյան արևմտամետ ընդդիմադիրներին էլ խորհուրդ կտայի ոչ թե կրկնել արևմտյան պրոպագանդիստական շաբլոնները՝ ինձ ու ինձ նման մտածողներին մեղադրելով ռուսական նարատիվների կրկնության մեջ, այլ փորձել վերլուծել իրողությունները, եթե, իհարկե, առկա են նման կարողություններ: 

Ավարտեմ զավեշտալի մի պատմությամբ. անցյալ տարվա օգոստոսին սկզբին մեր հարգված տնտեսագետներից մեկը նույն մեղադրանքն ուղղեց ինձ, երբ ուկրաինացիների կողմից Կուրսկի մարզի ԱԷԿ-ին հարվածելու փորձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ քաղված տելեգրամյան ալիքներից, տեղադրել էի իմ ՖԲ էջում: Փաստորեն, այն, ինչ ներկայացվում է ռուսական կողմից, պրապանգանդա է, իսկ Արևմուտքի կողմից ներկայացվածը՝ անքննելի ճշմարտություն: Մտածող մարդը կհասկանար, որ այդպես երբեք չի լինում: Ցավում եմ, որ անընդհատ ստիպված եմ լինում կրկնել այս ամենը, սակայն եթե մենք չկարողանանք ազատվել կեղծ թիրախներից, ապա երբեք չենք կարողանալու երկիրն ազատել ոչ միայն Նիկոլից, այլև «նիկոլիզմից», ինչը շատ ավելի բարդ խնդիր է: Ու կառուցել մեր երազանքների պետությունը՝ իրագործելով Սպարապետի պատգամն առ այն, որ 21-րդ դարը մերն է լինելու: 

ՀԳ. Որպես վերջաբան՝ ռուսների դեմ խոսելու ամենամեծ իրավունքն ուներ Նժդեհը, ով 100 տարի առաջ պատերազմ էր մղում կովկասյան թաթարների ու կարմիր բանակայինների դեմ՝ Սյունիքը պահպանելու նպատակով: Սակայն մեր դժբախտությունների մեջ նա մեղավոր էր համարում ոչ թե ռուսներին, այլ մեր ազգի միջի՝ մտածողությամբ թրքացածներին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image