Հասարակություն

«Հրապարակ». Պատժում են՝ «դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել» ասելու համար

«Հրապարակ». Պատժում են՝ «դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել» ասելու համար

Սրբազան պայքարի գործով մեղադրյալներից Վահագն Չախալյանի պահման պայմանների վերաբերյալ քանի օր է՝ ահազանգում են նրա պաշտպանները, հարազատներն ու ընկերները: Չախալյանին պատժախուց են տարել: Նրա պաշտպան Ալեքսան Թումասյանն ասում է՝ իր պաշտպանյալին  պահում են անմարդկային պայմաններում` պատժախուցն անգամ չի ջեռուցվում։ «Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձեւով նրան վնաս հասցնել։ Փաստացի, նա խոշտանգման է ենթարկվում»,- հավելեց Թումասյանը։ Ըստ նրա՝ օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Չախալյանին` այն մասին, թե իբր նա ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է՝ դիմելով նրան անունով։ Նրան պատժախուց են տեղափոխել նախորդ շաբաթ՝ «18 արդարների» գործով վերջին նիստից հետո։ Նրա պաշտպան Թումասյանը մեզ ասաց, որ, ըստ պաշտոնական փոխանցման, Չախալյանը ՔԿՀ աշխատակցի հետ «արա»-ով է խոսել։ Նա ասաց, որ մի քանի օր է` աշխատակիցները կռիվ են հրահրել։ 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Չախալյանին պատժելու պատճառը ոչ թե աշխատակցի հետ խոսելաձեւն է եղել, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, այլ այն, որ դեկտեմբերի 4-ին Սրբազան պայքարի գործով նիստի ավարտին նա սուր ելույթ է ունեցել՝ խոսքն ուղղելով դատախազներին: Չախալյանն ասել է. «Ուղղակի, մի հարց ունեմ դատախազներին՝ եթե 3 հոգու խոսքի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձինք ձերբակալել եւ կալանավորել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30 հազար հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պայթեցված ավտոբուս չկա, տուժող չկա, նրա դեպքում կա Արցախի փաստը, կա 150 հազար հոգի արտագաղթած արցախցիների փաստը։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, ստուգել նրա Պանամայի հաշիվները, դուխներդ չի՞ հերիքում»։

Քրեակատարողական ծառայությանը հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ չի ջեռուցվում պատժախուցը։ «Պատժախուցն ապահովված է բավարար ջեռուցմամբ, կենտրոնացված ջեռուցումը նոյեմբերի 1-ից միացված է։ Իր պատժախցում հավելյալ ջեռուցում էլ կա»։ 

Հիշեցնենք․ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով եւ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։ Նա այս պահին կալանքի տակ է։ Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների ձեռքով գրված ապացույցներ կան, որտեղ արարքի որակում է տրվել՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։ Բագրատ սրբազանը հերքել էր դա՝ ասելով, որ քննչականի ղեկավարը ստում է, եւ եթե պարզվի, որ ահաբեկչության մասին արձանագրություն չկա, ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image