Հարցազրույց

Ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային, եթե վարկավորումը սահմանափակեն

Ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային, եթե վարկավորումը սահմանափակեն

ՀՀ Կենտրոնական բանկը փետրվարի 13-ին հրապարակել է 2025-2027 թվականների պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթությունները, ըստ որի՝ խստացվելու է վարկավորման վերահսկողությունը սպառողական, հիպոթեքային եւ շինարարության ոլորտներում: ԿԲ-ն խիստ հետեւելու է տրամադրվող վարկերի ռիսկայնությունը, մանրամասն տեղեկություններ է պահանջելու առեւտրային բանկերից իրենց շինարարական հաշիվների, ռիսկերի կառավարման մասին: 

Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փետրվարի 25-ի ասուլիսում հայտարարեց, որ բանկերը հարգանքով կմոտենան ԿԲ-ի որոշմանը, եւ չի բացառվում, որ կսահմանափակեն վարկերի տրամադրումը: Նա հրապարակեց թվեր, որոցից երեւում է, որ վերահսկողության խստացումն անհրաժեշտ է՝ 2024-ի հիպոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 32,9%-ով` կազմելով 1,4 տրիլիոն դրամ, ինչը պայմանավորված էր 10 տարի առաջ ներդրված եկամտահարկի վերադարձի օրենքով, նույն ծավալով աճել են նաեւ սպառողական վարկերը՝ միասին կազմելով վարկային պորտֆելի շուրջ 45%-ը: 

Վարկավորման սահմանափակման մասին լուրը որոշակի խուճապ է առաջացրել հատկապես անշարժ գույքի շուկայում: Փորձագետներն այստեղ ճգնաժամ եւ կտրուկ գնիջեցում, ապա նաեւ փլուզում են կանխատեսում, նաեւ՝ որ բանկերը լիկվիդայնության խնդիր են ունենալու, անգամ վճարունակ հաճախորդները չեն կարողանալու փակել հիպոթեքը, որովհետեւ այդ գներով վերցրած տները նրանց էլ պետք չեն լինելու: «Սա քողարկելու համար պետությունը ներքին եւ արտաքին պարտք է վերցնում, էդ վերցրած փողն էլ տալիս է բանկերին 6,75%-ով, որ մի քանի ամիս էլ ձգեն, մինչեւ տեսնեն ինչ է լինում... խաղաղության խաչմերուկ, ԵՄ անդամակցություն, Մարսի կոլոնիզացիա... չգիտեմ ինչ պիտի լինի, որ իրավիճակից դուրս գան»,- ահազանգել է ՀՀ բանկերից մեկի, իսկ այժմ Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը: Նա սոցցանցում նկարագրել է շուկայի փլուզման սխեման, երբ մահացած տնտեսության պայմաններում մարդիկ չեն կարողանում մարել իրենց վարկերը, իսկ բանկերը նրանց վարկ են տալու հին չմարած վարկերը փակելու համար, որի տակից նրանք այլեւս չեն կարողանալու դուրս գալ:  
Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցի ժամանակ հայտարարում է, որ կլինի գնանկում, բայց ոչ ճգնաժամ: Նա ասում է, որ եթե անշարժ գույքի գները նվազեն 10-15 տոկոսով, դա ընդամենը խնդիրներ կստեղծի, բայց Հայաստանում կոլապս չի լինի, թեեւ այլ երկրներում նման փոփոխությունները կարող են հանգեցնել դրան։ «Շատ տարիներ առաջ ընդունված օրենքի շնորհիվ Հայաստանում կառուցապատողները չեն կարող նույն բնակարանը վաճառել երկու-երեք անձի։ Բացի այդ, նրանք չեն կարող չավարտել շինարարությունը, եթե ստացել են ամբողջ գումարը»,- եզրափակել է Գաբրիելյանը։

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է արդյոք, որ բանկերն էլ չկարողանան վարկ տալ, մարդիկ չկարողանան այլեւս իրենց վարկերը փակել, հիպոթեքը մարել, եւ կառուցված տները չվաճառվեն ու շատ էժանանան։ «Չկա նման բան,  մասնագետներն իրենց դնում են պրոֆեսորների տեղ, անիմաստ հարցազրույցներ են տալիս եւ ավելի շատ խանգարում են, քան օգնում: Այո, հիպոթեքի շուկան կարող է մի քիչ դանդաղել է, որովհետեւ եկամտահարկի վերադարձի օրենքը Երեւանում էլ չի գործում, բայց շենքեր կան, որտեղ դեռ եկամտահարկը գործում է, որովհետեւ մինչեւ 2022 թիվ է տրված իրենց շինթույլտվությունը, այնպես որ՝ շուկայի պայթելու վտանգ ես չեմ տեսնում: Մենք մոտ 40 նախագծեր ունենք, կարող եմ ասել, որ մեծ գնանկումներ չկան, գները չեն ընկել»։ Արայիկ Գոջաբաշյանն ընդունում է, որ 1 քառակուսի մետրի մեջ 5-10 հազար դրամ կառուցապատողները կարող են զեղչ անել: «Ասենք, մարտի 8-ն է, դրա հետ կապված ենք զեղչեր նախապատրաստում, բայց պայթյուն չկա: Ճիշտ է, գները մի քիչ  ընկած են, բայց դա էլ վայ-պրոֆեսորների հարցազրույցների հետեւանքն է, որ մարդիկ ասում են՝ սպասենք, տեսնենք, կարող է գներն իջնեն, բայց դա զուտ խուճապային տրամադրության հետեւանք է»:

- Դուք զգացե՞լ եք, որ մարդիկ դժվարությամբ են իրենց հիպոթեքները փակում: 

- Ոչ, բանկը վարկը տվել է եւ բանկը չի կարող պայման փոխել, տոկոսներն էլ պետությունը հետ է տալիս նրանց համար, ովքեր եկամտահարկով են գնել: Այսինքն, մարդն իր մայր գումարը փակվում է, գրաֆիկ ունի, եւ այդ խոսակցություններն ավելի շատ պանիկա են:

- Դուք գների անկում չե՞ք սպասում:

- Ոչ, գների մեծ անկում չի լինելու: Հատուկենտ մարդիկ, ովքեր իրենց շենքն ուզում են շուտ վաճառեն, կարող է իջեցնեն գները, զեղչի կարգով, բայց պայթելն այն է, երբ մարդը հազիվ ինքնարժեքով վաճառում է, որ ազատվի գույքից, բայց նման բան չի լինելու: Մենք հիմա նոր մեխանիզմներ ենք մշակում, որ եկամտահարկի վերադարձին փոխարինենք, հիմա ե՛ւ բանկերի, ե՛ւ կառուցապատողների հետ բանակցում ենք, որ հասկանանք, ավելի երկար ժամանակ տանք մարման, տարաժամկետ վճարումով, որ մարդը հենց կառուցապատողին՝ առանց տոկոս մարի, 6-7 տարում: Հիմա մտածում ենք՝ ոնց անենք, որ իրավական առումով ճիշտ լինի, եւ կանենք:

- Ռիսկերի խիստ հսկողությունը չի՞ բերի նրան, որ մարդկանց էլ վարկ չեն տա, ու մարդիկ էլ չեն կարողանա գնել տներ, եւ պահանջարկը կընկնի: 

- ԿԲ-ն բանկերին է վերահսկում, որ ով որ եկամուտներ չունի, վարկ չտա: Դա կարող է անել, բայց նրանց, ում որ վարկավորում են, այնքան են ստուգում, այնքան թուղթ են ուզում, որ ամեն մեկին չեն էլ տալիս: Բանկերը միշտ էլ իրենց ռիսկերը կառավարում են, որ կարողանան սպասարկել: 

Անշարժ գույքի շուկայի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանն էլ, որ դեռ մեկ տարի առաջ էր զգուշացնում տնտեսության համար եկամտահարկի վերադարձի օրենքի վնասակարության մասին, ասում է. «Իմ՝ նախկինում կանխատեսածը գնում է ճիշտ սցենարով։ Կառուցապատողները սթրես են ցրում, շուկան արդեն քանդված է, պարզապես դեռ ոչ մեկը չի ուզում դա ընդունել։ Սակայն ես չեմ ցանկանա մեկնաբանել հիմա, երբ հրդեհը բռնկվում է, բենզին վերցնեմ, գամ բորբոքեմ՝ իմը չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image