Գյումրիում անընդհատ ղողանջում են եկեղեցու զանգերը։ Այդ ղողանջը այլևս ծիսական չէ - դա ահազանգ է։ Արհավիրք է, ժողովուրդ, արթնացիր։ Արհավիրք է Հայոց աշխարհում։
Այսօր «հարձակում իրականացվեց» Գյումրիի քաղաքապետարանի վրա։ Սա պարզապես մեկ գործողություն չէ․ սա հերթական օղակն է մեծ խաղի մեջ։ Հարձակումը կազմակերպված էր՝ ռազմավարական, հաշվարկված, խորամանկ։ Մինչ հասարակության ուշադրությունը միտումնավոր ուղղվում էր դեպի Վեհարան, դեպի Կաթողիկոսին «ձերբակալելու» բեմականացված պատմությունը, իշխանությունը նախահարձակ եղավ բոլորովին այլ ճակատով։ Բրավո՝ իշխանության ստրատեգիային։ Ճշգրիտ հարված՝ այն պահին, երբ ժողովուրդը նայում էր այլ կողմ։
Պարզեցնեմ։ Այս իշխանության ցանկացած քայլ ժողովրդի աչքում այլևս չունի իրավական կամ բարոյական հիմք։ Ամեն գործողություն ընկալվում է որպես հարձակում՝ հայոց պետականության, ազգային ինքնության և հավատքի վրա։ Անկախ այն բանից՝ ինչ գեղեցիկ ձևակերպումներ են տալիս, ինչ հոդվածներ են գտնում, ժողովրդի ընկալումը մեկն է՝ «զորքը մտավ»։ Իսկ երբ զորքն է մտնում, խնայելու բան չի մնում։ Այս ամենի ականատեսն ենք արդեն ութ տարի շարունակ։
Եվ ահա՝ «զորքին» համընթաց՝ ԱԺ փոխնախագահը գրում է.
«Տեսնենք առաջինը ով քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային։ Կամ ով կօրհնի նրան։ Մի տարի էլ չեք համբերում, գողեր»։ Դատարանի փոխարեն նա արդեն վճիռ է կայացրել։ Որոշումը պատրաստ է՝ Վարդան Ղուկասյանը «կոռուպցիոներ սրիկա» է։
Հետաքրքիր չէ՞, որ նույն այդ անձը գտնվում է հայ-թուրքական հարաբերությունների, հանդիպումների և համաձայնությունների հենց կիզակետում։ Սա պատահակա՞ն է։ Իհարկե ոչ։ Առաջին քարը պիտի նետեր հենց նա՝ «հաշտության» ճակատից։ Այս տարվա հունիսին հենց ինքը հայտարարեց՝ «Մենք սա թույլ չենք տալու: Ես սա թույլ չեմ տալու»:
Բայց հիշեցնենք․ մինչև Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը նույն ձեռագրով ձերբակալվել էր Շիրակի թեմի առաջնորդ՝ Տեր Միքայել Աջապահյանը։ Սա արդեն պատահականությունների շարք չէ։ Սա ուղղություն ունի՝ Շիրակ, Գյումրի, եկեղեցի, համայնքային հենակետեր։
Քաղաքական հոտն արդեն զգացվո՞ւմ է։ Շիրակ աշխարհի վրա կենտրոնացած հարվածները միտումնավոր են։ Պատահական չէ, որ հայ-թուրքական «բարեկամության» ջատագովը հենց այս կողմն է հարթեցնում՝ նախ՝ հոգևոր հենքը, հետո՝ քաղաքային ինքնուրույնությունը։
Եկեղեցիների ղողանջը հենց այս մասին է։ Արհավիրք է։ Եվ եթե ժողովուրդը չարթնանա հիմա՝ վաղը արդեն զանգերը կղողանջեն միայն հիշատակության համար։