Քաղաքականություն

Սարիկ Մինասյանի եւ ՀՀԿ-ի պայքարը շարունակվում է

Սարիկ Մինասյանի եւ ՀՀԿ-ի պայքարը շարունակվում է

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 4-ին վարույթ է ընդունել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հայցադիմումը՝ ընդդեմ Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանի։

Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր նախքան Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Այն վերաբերում է Արտյոմ Ղուկասյանի հրապարակումներին ու սոցիալական ցանցերում արված այն արտահայտություններին, որոնք Սարիկ Մինասյանի գնահատմամբ՝ զրպարտություն են, վնասում են իր արժանապատվությանը, հեղինակությանը։ Վիճարկվող արտահայտությունները վերաբերել են Մինասյանի քաղաքական անցյալին՝ մասնավորապես նրա ՀՀԿ անդամակցությանը, կուսակցությունից հեռանալուն։

Հայցի մեջ նշվում է նաև Ղուկասյանի գրառումը այն մասին, որ Սարիկ Մինասյանն անձամբ է դիմում ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու համար։ Ըստ Սարիկ Մինասյանի, Ղուկասյանի հրապարակումները տարածվել են ընտրություններից առաջ՝ նպատակ ունենալով ստվերել իր հեղինակությունն ընտրողների շրջանում։
Մինասյանն այդ ընթացքում հրապարակայնորեն  հերքեց, թե որևէ կապ չունի ՀՀԿ-ի հետ՝ շեշտելով՝ կուսակցության անդամ չէ և չի մասնակցում կուսակցական գործընթացներին։ Իր հերթին Արտյոմ Ղուկասյանը հրապարակեց Մինասյանի՝ կուսակցության անդամաթուղթը, ինչը Մինասյանի պնդմամբ կեղծիք է։

Hraparak.am-ը տեղեկացավ, որ առաջին դատական նիստի օրը նշանակված է հունիսի 3-ին։

 «Ես ոչ զրպարտել եմ իրեն, ոչ էլ իր բարի համբավի հետ եմ խաղացել։ Այդ դիմումը ոչ երեկ, ոչ էլ այսօր չի գրվել, դա տարիներ առաջ գրված դիմում է, թող ձեռագրաբանական փորձաքննության ենթարկեն, կհամոզվեն ՝ ինքն է գրել, թե ոչ, կա Մինասյանի կողմից ստորագրված դիմում, և կարող են ուսումնասիրել ու պարզել՝ դա իրենն է, թե ոչ։ Ես լիովին հանգիստ եմ, որևէ խնդիր չեմ տեսնում»,- Hraparak.am -ին ասաց Արտյոմ Ղուկասյանը՝ նշելով, որ դատական նիստին անձամբ չի ներկայանա,  նախընտրում է ներկայացված լինել փաստաբանի միջոցով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image