ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հերթական հայցերն է ներկայացրել ընդդիմադիրների դեմ, այս անգամ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի, նրա կնոջ եւ որդու՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանի, ինչպես նաեւ՝ Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Սամվել Հակոբյանը, անդրադառնալով իրենց գույքերն ուսումնասիրության ենթարկելուն եւ նշված հայցին, ասաց․ «Դեռ հայցը չեն ներկայացրել, բայց խոսքն այն տների մասին է, որտեղ ապրում ենք, եւ այն մեքենաների մասին, որոնք վարում ենք։ Եթե մենք ընդդիմադիր ենք, դրանք էլ ապօրինի են, էլի․ ես այդպես եմ հասկանում։ Խտրական վերաբերմունք եւ քաղաքական վերաբերմունք կա այս ամեն ինչում։ Բռնել՝ ԱԱԾ, դատախազություն եւ այլ ուժային կառույցներն օգտագործել մեր ընտանիքների պես ընտանիքների դեմ, մի քանի տարվա ինչ-որ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու վրա, հետո էսքան սխալ ձեւով․․․ ակնհայտ երեւում է, որ այդ կառույցները չեն ծառայել իրենց նպատակներին, այլ օգտագործվում են որպես ռեպրեսիվ միջոց»։
Նա նշեց, որ դեկտեմբերին՝ ավագանու նիստի վերջին օրը, իրեն զանգել են եւ հրավիրել դատախազություն․ «Հետաքրքիր զուգադիպություն է, որ ավագանու վերջին նիստի օրն ինձ զանգեցին, կանչեցին դատախազություն եւ ծանոթացրին։ Եվ հետաքրքիրն այն է, որ մեկ այլ գործով, որտեղ 7 տարի ուզում են ապացուցել, որ մենք մեղք ունենք, մի ապօրինի գործարքի հետ, որի հետ մենք գործ չենք ունեցել, այլ ձեռք բերողի կարգավիճակով այդ գույքը ձեռք ենք բերել, նոր եկավ վճռաբեկի վճիռը, որ մենք հաղթել ենք, եւ այդ հաղթածի ֆոնին նոր գործ են բերել։ Այս մեկը պրծանք, հիմա գնում են մեկ ուրիշ դաշտ, էլի, որ եկեք ապացուցեք, թե 92 թվին որտեղից եք կարողացել հեռախոս առնել, բայց 92 թվին բոլորս էլ գիտենք, թե ինչքան մարդ է ունեցել գրանցված, ֆորմալ փաստաթղթեր»։
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը նաեւ քրեական գործով է անցնում, նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Մեկ ամսից ավելի Նուբարաշենի բանտում անցկացրած 70-ամյա Ռ․ Հակոբյանն օգոստոսին ազատ արձակվեց, սակայն դատական նիստերը մինչ օրս շարունակվում են։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ուսումնասիրել է նաեւ ԱԺ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի, նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի, եղբոր՝ քրեական գործով անցնող Կարեն Հակոբյանի, եւ նրանց ընտանիքի անդամների գույքը, եզրակացրել, որ դրանք ապօրինի են եւ բռնագանձման ենթակա։ Ապօրինի գույքի բռնագանձման պահանջով Գլխավոր դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հակոբյանների։ Գործը երեկ հասել է դատարան եւ մակագրվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։ Հակոբյանի կնոջից՝ «Պարաթիվի»-ի խմբագիր Էլիզաբեթ Պետրոսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գույքերի մասին է խոսքը, քանի միավոր։ «Դեռ ամբողջովին ինֆորմացիայի չենք տիրապետում, փաստաբանները դեռ ծանոթանում են։ Շատ գույք էլ չունենք, հավանաբար, ծնողների բնակարանն է, հենց ծանոթանամ՝ կասեմ։ Մենք պատկերացում չունենք, թե ինչ գույքերի մասին է խոսքը, մենք ապօրինի գույք չունենք։ Ծանոթանալու հրավիրել էին միայն անչափահաս երեխայի, ինչ-որ թուղթ է ստորագրել եւ եկել։ Պարզ է, սա քաղաքական շոուի մաս է, Նիկոլն ինչ-որ շոու է ուզում ստանալ։ Որ քաղաքական էլեմենտ կա, դա բոլորին պարզ է»։ Էլիզաբեթ Պետրոսյանն ուղիղ եթերների շարք է անում, որտեղ կարճ տեսանյութերով խիստ քննադատության է ենթարկում այս իշխանություններին։ Նշենք նաեւ, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, մեղադրվում է «մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ փողերի լվացման մեջ»։ Սա եւս ընդդիմությունը համարում է քաղաքական հետապնդում։