Հարցազրույց

«Հրապարակ»․ Թող պատմություն կարդան, տեսնեն, թե ինչպես կործանվեց Հռոմեական կայսրությունը, այլ ոչ թե եկեղեցին

«Հրապարակ»․ Թող պատմություն կարդան, տեսնեն, թե ինչպես կործանվեց Հռոմեական կայսրությունը, այլ ոչ թե եկեղեցին

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:

- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան. այս մասին Truth Social հարթակում գրել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի՞նչ ակնկալել այս այցից: Ինչի՞ մասին է այն: Իշխանությունները բավականին ոգեւորված են սպասվելիք այցով, այն ի՞նչ նշանակություն կունենա, ըստ Ձեզ, Հայաստանի համար:

- Անկեղծ ասած, ես այս այցը կապում եմ Թրիփի միջանցքի կամ, ավելի ճիշտ` Զանգեզուրի միջանցքի հետ, ճիշտ կլինի այն անվանել հենց այդպես, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան եւ էլի մի շարք պետություններ ոչ թե Թրիփի միջանցք են անվանում, այլ` Զանգեզուրի միջանցք: Դավոսում եւս տեղի ունեցավ շատ կարեւոր հանդիպում: Ալիեւը ոչ միայն Թրամփի հետ հանդիպեց, այլեւ` Դավոսի հիմնական կազմակերպիչների հետ: Խոսվել է շատ կարեւոր ծրագրերի մասին, իսկ Հայաստանը խաղացողներից չէ: Թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ Վենսը գալիս է Հայաստան` ինչ-ինչ էներգետիկ հարցերով զբաղվելու համար, սակայն ես կարծում եմ, որ այդ այցը միջանցքի հետ է կապված, այն նաեւ կապված է Միջին Ասիայի, Թուրքիայի հետ, սակայն այդ մասին գրեթե չի խոսվում:

- Հայաստանի իշխանությունները ցնծության մեջ են, գոհ են նաեւ Թրիփի ուղու վերաբերյալ պայմանավորվածություններից, ի՞նչ խնդիր կա այդ դեպքում, արդյոք դա միջա՞նցք է լինելու, ոչ թե` ճանապարհ:

- Հայաստանի համար ոչ մի խնդիր չի կարող լինել, որովհետեւ Հայաստանը խաղացող չէ: Ուղղակի քանի որ ինչ-ինչ հարցեր պետք է լուծվեն, գոնե ձեւի համար Հայաստան էլ պիտի գան, գոնե ձեւական առումով Հայաստանը պետք է ներգրավված լինի: Սա ավելի շատ պրոտոկոլային հարց է, բոլոր դեպքերում՝ Հայաստանի վարչապետը մեզ՝ բոլորիս է ներկայացնում, սակայն նա իր ստացած «կարկանդակների» համար բազմիցս շնորհակալություն է հայտնում, որովհետեւ այլ դերակատարում չունի, նրա գործը միայն երախտագիտություն հայտնելն է:

- ԵԽԽՎ վերջին զեկույցն ու արձանագրությունը խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները փայլուն կատարում են իրենց աշխատանքը: ԵԽԽՎ-ն նրանց համարում է ժողովրդավար, թեպետ մի քանի խնդրի անդրադարձել էին, սակայն, մեծ հաշվով, Փաշինյանի իշխանությանը հավանություն էին տվել` իրենց եզրակացությամբ: Ո՞րն է նրանց հիացմունքի եւ աջակցության պատճառը: Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն այս դիրքերից հանդես գալիս:

- Ցավոք սրտի, եթե խոսքը գնում է ԵԽԽՎ-ի մասին, ապա պետք է արձանագրենք, որ այն վաղուց իր նշանակությունը կորցրել է` ինչո՞ւ․ որովհետեւ 90 թվականին այն նշանակությունը, որ կառույցն ուներ` ինչ-որ ձեւով երկխոսություն էր գնում արեւմտյան եւ արեւելյան պետությունների միջեւ, վաղուց արդեն մնացել է անցյալում: Զգալի մասն այդ պետությունների դարձել է ԵՄ անդամ, իսկ մի մասը, օրինակ` Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, հեռացվել են այդ կազմից, Ադրբեջանը թեպետ կաշկանդված է, սակայն դրանից վատ չի զգում, մի խոսքով` ԵԽԽՎ-ն դարձել է ԵՄ-ի կցորդը եւ չունի առանձին դիրքորոշում: Ինչ վերաբերում է Հայաստանին գովեստի խոսքեր շռայլելուն, ապա դա ոչ թե Հայաստանի շահերից է բխում, այլ պարզապես նման քայլերով Հայաստանին փորձում են հակառուսական քայլերի մաս դարձնել:

- Բայց մի՞թե Եվրոպայում չեն տեսնում, թե ինչ է կատարվում ՀՀ ներքաղաքական կյանքում: Մենք ամեն օր արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակասահմանադրական գործողությունները, եւ բացի այն, որ դատարաններն իրենց իրավունք են վերապահում արդեն թեմերի առաջնորդներ նշանակել, եպիսկոպոսներից շատերի ելքը՝ ՀՀ-ից դուրս գալու, արգելվել է, ամեն ինչ անում են, որ առաջիկայում Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը տեղի չունենա: Ի՞նչ գործողություններ են սրանք` ըստ Ձեզ:

- Պետք է արձանագրել, որ Եկեղեցու դեմ այս պայքարն անիմաստ է, ավելին` միայն օգուտ է բերում Եկեղեցուն: Ինչու․ որովհետեւ Եկեղեցու ներսում, այո, մաքրման պրոցես է սկսվել, եւ այն հոգեւորականները, ովքեր իսկապես խայտառակում էին Հայ առաքելական եկեղեցին, իրենց կամքով տարանջատվեցին Եկեղեցուց, ինչը բարձրացրեց Եկեղեցու վարկանիշը` եւս մեկ անգամ: Հայոց եկեղեցու պատմության մեջ սա շատ օրինաչափ գործընթաց է: Եկեղեցին ավելի զորեղ է եղել, քան Հռոմեական կայսրությունը: Այս առումով, եթե Հայաստանի իշխանությունները փորձում են նմանվել Հռոմեական կայսրությանը, նրանք էլ փորձում էին վերացնել քրիստոնեությունը, ապա թող պատմություն կարդան եւ տեսնեն, թե ինչպես կործանվեց Հռոմեական կայսրությունը…. այլ ոչ թե քրիստոնյա եկեղեցին: Եկեղեցու դեմ արվող գործողությունները հիմարություններ են, այլ բառով չեմ կարող պրոցեսը բնութագրել: Ի՞նչ է նշանակում՝ դատավորը եպիսկոպոսներ է նշանակում․ դա միմիայն ծիծաղ է առաջացնում: Եթե քաղաքական հարցերում արդարանում են, ասում են` պատերազմ ենք կանխում՝ այս անընդունելի կեցվածքով, ապա Եկեղեցու դեմ գործողությունների համար որեւէ արդարացում չունեն: Իշխանությունն իր եվրոպացի շեֆերին եւս անհարմար իրավիճակի մեջ է դնում, քանի որ ոչ ոք չի կարող այս ամենն արդարացնել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image