Երեկ Սյունիքի Տեղ համայնքից մոլորված երկու անչափահաս տղաներն արդեն գյուղում են։ Այսօր գյուղացիները «Հրապարակ»-ին փոխանցեցին՝ վերադարձից հետո տղաներն իրենց հարազատներին պատմել են, որ մառախուղի պատճառով մոլորվել են և հայտնվել ռադիոծածկույթից դուրս, ինչի հետևանքով չեն կարողացել կապ հաստատել որևէ մեկի հետ։ Նրանք նշել են նաև, որ գտնվել են մի տարածքում, որտեղ դժվար էր կողմնորոշվել՝ հայկական է, թե ադրբեջանական։ Երբ եղանակը պարզվել է, կարողացել են կողմնորոշվել եւ վերադառնալ։ Արավուսցի մեր զրուցակիցն ընդգծեց․ «Լավ է, որ ադրբեջանցիների ձեռքը չէին ընկել։ Վստահ եմ՝ եթե նրանց ձեռքն ընկնեին, այդքան հեշտ չէին վերադարձնելու»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ Արավուս համայնքից երկու անչափահաս մոլորվել են և հավանաբար հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ անցնելով ադրբեջանական կողմ։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տղաները դուրս էին եկել ձիերը բերելու նպատակով, մոլորվել և գերեվարվել էին։